Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
04.04.2017 | 10:30

(սկիզբը`այստեղ)

Այնուամենայնիվ, կուզեի առանձնացնել Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի անվան հետ կապվող մի շարք իրադարձություններ, որոնք կարևոր դեր խաղացին երկրի հասարակական-քաղաքական և տնտեսական կյանքում: Հիշենք դրանք ժամանակագրական հերթականությամբ:

. Համակարգի-երկրի թիվ 1 հաստիքային դահիճ Լավրենտի Բերիայի ձերբակալումը և ոչնչացումը:
. Խամ ու խոպան հողերի յուրացման կամպանիան, որը բազում թերություններով և մեծ ու փոքր սխալներով հանդերձ, կարելի է դասել ռազմավարական ձեռքբերումների շարքին:
. Անհատի պաշտամունքի դատապարտումը, իրոք, պատմական իրադարձություն էր, որը շատ մեծ դեր խաղաց երկրի քաղաքական կյանքում: Ցավոք, ոչ Խրուշչովը, ոչ էլ սովետական կոմունիստների ճնշող մեծամասնությունը, երբեք ընդունակ չէին հասկանալու, որ հնարավոր չէ հրաժարվել ստալինիզմից առանց լենինիզմից հրաժարվելու: Մեկ անգամ ևս կրկնենք՝ Ստալինն ընդամենը Լենինի հավատարիմ աշակերտն էր, նրա գործի հանճարեղ շարունակողը, ուստի և հենց այդ Լենին կոչվող վիժվածքն էր բոլոր դժբախտությունների և այլանդակությունների նախասկիզբը, անսպառ աղբյուրը, և հենց նրանից էլ պետք էր սկսել ապաստալինացումը (ավելի ճիշտ՝ ապալենինացումը) ու ոչ թե, առանց չափ ու սահման ճանաչելու, փորձել աստվածացնել մարդկության պատմության այդ նողկալի հրեշին:
Անկախ ամեն ինչից, Ստալինի պաշտամունքի դատապարտումը միլիոնավոր մարդկանց ազատագրեց արշիպելագ ԳՈՒԼԱԳ-ի «ծաղկած փշալարերից», հետմահու արդարացվեցին անմեղ դատապարտված և ճամբարային փոշու վերածված միլիոնավոր մարդիկ, և տարիներ շարունակ նրանց հանիրավի ճնշված, ստորացված հարազատները վերջապես ազատվեցին «չսիր» (чсир-член семьи изменника родины) խայտառակ մակդիրից: Սա, անկասկած, մարդասիրական նվաճում էր:
. Այսօրվա երիտասարդ սերնդին դժվար է բացատրել, որ ընդամենը 60-65 տարի առաջ ԽՍՀՄ կոչվող երկրում գյուղացիներն անձնագիր չունեին, խստորեն սահմանափակված էին նրանց տեղաշարժերը, նրանք թոշակ չէին ստանում, այսինքն՝ երկրում համարյա ճորտատիրական կարգեր էին: Մոսկվայից ընդամենը 50-60 կմ հեռավորության վրա գտնվող գյուղերում միայն հատուկենտ մարդկանց էր հաջողվել լինել մայրաքաղաքում:
Խրուշչովը վերացրեց այդ ավատական կարգերը:
. Սովետական մարդկանց երկու սերունդ ապրել է «կոմունալկաներում», հանրակացարաններում, նկուղներում՝ 20-րդ դարին անհարիր կենցաղային պայմաններով: Խրուշչովի նախաձեռնությամբ զարկ տրվեց բնակարանային զանգվածային շինարարությանը՝ «Յուրաքանչյուր ընտանիքին առանձին բնակարան» կարգախոսով: Հիմնականում տիպային նախագծերով կառուցված բազմաբնակարանանոց այդ շենքերը՝ «խրուշչովկաները», չէին առանձնանում ճոխությամբ, համեստ էին իրենց օժանդակ հարմարություններով, բայց, անշուշտ, ոչ մի համեմատություն չէր կարող լինել «կոմունալկաների» կամ նկուղների հետ: Եվ, ինչը շատ կարևոր էր, ավելի ճիշտ էր 100 ընտանիքի տրամադրել համեստ բնակարաններ, քան 60-70-ի՝ մի քիչ ավելի ճոխ:
. 1957 թ. Մոսկվայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնը աննախադեպ էր շատ առումներով: 40 տարի շարունակ բացարձակ փակ երկիր լինելուց և Ստալինի մահից ընդամենը 4 տարի հետո այդպիսի քանակությամբ օտարերկրյա երիտասարդների մուտքը ԽՍՀՄ և նրանց հանդիպումներն ու շփումները իրենց սովետական հասակակիցների հետ չէին կարող անհետևանք մնալ: Տողերիս հեղինակը եղել է այդ փառատոնին մասնակցած Հայաստանի պատվիրակության կազմում, և մասնակից ականատեսի իրավունքով կարող եմ վկայել, որ բոլորիս համար շատ անսովոր և նոր էր տիրող հոգեբանական մթնոլորտը, հյուրերի ազատ ու անկաշկանդ պահվածքը: 18-20 տարեկան էինք, մի մասն էլ 3-4 տարով մեծ, բոլորս ապագայի մասին մեր երազներով և ծրագրերով և, իհարկե, դեռ չգիտեինք, որ մեր խմբից շատերը տարիներ հետո դառնալու են հանրածանոթ դեմքեր, ինչպես, օրինակ, գրողներ Մանուկ Մնացականյանն ու Հովհաննես Մելքոնյանը, անվանի ճարտարապետներ Արսեն Մելիքյանն ու Հենրիկ Բաղդասարյանը, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը (վերջին երկուսը նաև ճանաչված մարզիկներ էին. Հենրիկը ժամանակակից հնգամարտի, Էդուարդը մարմնամարզության և ջրացատկի Հայաստանի հավաքականի կազմում էին), հետագայում ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած Գալյա Նովենցը՝ մեր Աննա Մանյանին, Երվանդ Ղազանչյանը, Գուժ Մանուկյանը, Կարեն Ջանիբեկյանը, երկրաբան Դմիտրի Սարգսյանը և իրենց մասնագիտություններում լուրջ հաջողությունների հասած ուրիշ երիտասարդներ:
. Խրուշչովի անվան հետ ինչ-որ կերպ կապվում է համաշխարհային գրական կյանքի մի կարևոր իրադարձություն: «Новый мир» գրական ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Տվարդովսկու ուղղակի հերոսական ջանքերի և անկոտրում համառության շնորհիվ հաջողվեց Նիկիտայի թույլտվությունն ստանալ և 1962 թ. նոյեմբերյան համարում տպագրել մինչ այդ բոլորովին անծանոթ հեղինակի, Ռյազանի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Ալեքսանդր Սոլժենիցինի «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը: Դա, առանց չափազանցության, դարակազմիկ իրադարձություն էր ոչ միայն գրական, այլև հասարակական-քաղաքական կյանքում, որն իր հետևանքներով անհամեմատելի է որևէ այլ գրական երկի հրատարակման հետ: Եվ պատահական չէր, որ 1970 թ., ընդամենը ութ տարի հետո, հեղինակն արժանացավ գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի:
Խրուշչովը դարձել էր տարածված անեկդոտների հերոս: Նրան ծաղրում էին տգիտության, եգիպտացորենի, Կուբայից «ճողոպրելու», Ամերիկային «հասնել-անցնելու» փորձերի, սոցիալիստական աշխատանքի հերոսի երեք ոսկե աստղերի (1964 թ. ավելացավ նաև 4-րդ աստղը՝ այս անգամ Սովետական Միության հերոսի), հիդրոպոնիկայի և շատ ու շատ ուրիշ բաների համար: Եվ եթե երկրի ղեկավարից վախենում են, նրան քննադատում են կամ վիճաբանում են նրա հետ, բնականոն երևույթ է իշխանության գագաթին գտնվող մարդու համար: Բայց երբ նրա վրա ծիծաղում են և ծաղրուծանակի առարկա դարձնում, ապա դա շատ ավելի դառն է ու տխուր և նշանակում է, որ նրա առաջնորդության ժամկետը լրացել է:
Խրուշչովի «նորարարություններից», իրար հաջորդող ռեֆորմներից, անկանխատեսելի վարքից ու պահվածքից հոգնել էին բոլորը, մանավանդ իր «զինակից» ընկերները, որոնց մեծ մասը նրա «պրոտեժեներն» էին, իր իսկ կողմից առաջ քաշվածները: Եվ հենց նրանք՝ Բրեժնև, Պոդգոռնի, Սուսլով, Շելեպին, Իգնատով, Սեմիչաստնի և էլի մի քանիսը, կազմակերպեցին ու հաջողությամբ իրականացրին կրեմլյան հեղաշրջումը:


1964 թ. հոկտեմբերի 14-ին ԽՄԿԿ ԿԿ պլենումը նրան ազատեց զբաղեցրած պաշտոններից և ուղարկեց թոշակի: Դա առաջին դեպքն էր, երբ երկրի առաջին դեմքը իր կենդանության օրոք դադարում էր այդպիսին լինելուց: Հաջորդ իսկ օրվանից նրա անունը պաշտոնական որևէ լրատվամիջոցում չիհիշատակվեց: Քսան տարուց ավել քար լռություն էր, կարծես այդպիսի մարդ ոչ կար, ոչ էլ եղել էր: Միայն մեկ անգամ այն խախտվեց. 1971 թ. սեպտեմբերի 13-ին, Խրուշչովի մահից երկու օր հետո, թաղումից ընդամենը մի քանի ժամ առաջ, երբ մամուլում ընդամենը երկու տողով ու փոքր տառերով եղավ հաղորդագրություն այդ մասին և... վերջ: Նրան թաղեցին Նովոդևիչիե գերեզմանատանը, և ընտանիքը առաջարկ-խնդրանքով դիմեց հենց նույն Էռնեստ Նեիզվեստնուն՝ դառնալու Խրուշչովի գերեզմանին դրվող հուշակոթողի հեղինակը:


Ես տեսել եմ Նեիզվեստնու այդ հետաքրքիր աշխատանքը: Կենտրոնում տեղադրված է ճիշտ ընտրված չափերով և մեծ ճշգրտությամբ արված Խրուշչովի դիմաքանդակը, իսկ հակասական դրսևորումներով լի նրա կյանքն ու գործը խորհրդանշում է սպիտակ և սև մարմարների համադրությամբ պատրաստված քարե «շրջանակը»: (Կոմպոզիցիոն առումով ինչ-որ նմանություն կա Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմաց կանգնեցված մեծ աշուղի հուշարձանի հետ, որը, արդարացիորեն, կառուցված է միայն սպիտակ մարմարից):
ԽՍՀՄ բոլոր գլխավոր դեմքերը, բացի Խրուշչովից ու Գորբաչովից, մնացել են իրենց պաշտոններում մինչև մահը: Անօգնական, խելքը թռցրած Լենինը, կիսաքանդ, համարյա ավերակ Ստալինը, գրեթե անկենդան, մանեքենի նմանվող Բրեժնևը, ամիսներով հիվանդասենյակի մահճակալին գամված Անդրոպովը, առանց այդ էլ իրենից ոչ մի բան չներկայացնող և արդեն խոսելու ունակությունը կորցրած Չեռնենկոն՝ սրանք բոլորը մինչև վերջին շունչը մնում էին հսկայական երկրի առաջնորդներ: Նրանցից ոչ մեկը իշխանական բուրգի գագաթը չլքեց «բարի կամքով»:


Խրուշչովը եղավ առաջին բացառությունը, որ պաշտոնազրկվեց կենդանության օրոք: Նրան ազատեցին զբաղեցրած պաշտոններից կուսակցական դավադրության միջոցով, ստիպեցին հրաժարական ստորագրել, բայց չաքսորեցին, չկալանավորեցին, չգնդակահարեցին: Եվ դրանում ամենամեծ «մեղավորը» հենց ինքն էր՝ Խրուշչովը, որը ԽՄԿԿ 20-րդ համագումարի ամբիոնից դատապարտեց այդ մեթոդները: Դավադրությունը կազմակերպած «զինակիցները» նրա նկատմամբ գործեցին բավականին նենգամիտ, բայց, գոնե արտաքնապես, ստիպված էին պահպանել պարկեշտության ժողովրդավարական նորմերը:
(շարունակելի)

Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 12732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ