Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

«Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»
07.07.2017 | 08:38

(սկիզբը՝ այստեղ)

Ամերիկյան լուսնային ծրագրի ավարտից հետո, XX դարի 70-ականների կեսերին, չգիտես որտեղից, ում կողմից և հանուն ինչ-ինչ կասկածելի նպատակների ծնվեց «Լուսնային դավադրության տեսությունը», որի կողմնակիցները պնդում են, թե ամերիկյան աստղագնացները երբեք չեն եղել Լուսնի վրա, թե այն ամենը, ինչ կապված է լուսնային վայրէջքների հետ, կեղծարարություն է, հոլիվուդյան կինոբեմադրություն ու նմանատիպ այլ ցնդաբանություններ:
«Ապոլոն 11»-ի թռիչքից 30 տարի հետո, 1999 թվականին անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 6 %-ը կասկածում է, թե լուսնային էքսպեդիցիաները իրականում եղել են: Այդ սակավամիտների նմանները մեզանում էլ կան: Դրա պատճառները, ենթադրում եմ, մշտապես ռուսական հեռուստաալիքներով տարվող հակաամերիկյան քարոզչությունն է՝ փորձված, ստոր ու նենգ մեթոդներով, հիմնականում շահարկելով` «դա հո մենք չենք ասում, այլ հենց իրենք», պարկեշտ մարդկանց համար բացարձակորեն անընդունելի հնարքը:
Իսկ թե ինչպես կամ ինչու պետք է այդպիսի հոլիվուդյան բեմադրություն լիներ, երբ այդ ծրագիրն ընդգրկում էր ՆԱՍԱ-ի և կապալառու կազմակերպությունների հարյուր հազարավոր մասնագետների, և թե ինչպես կարելի էր այդ թվով մարդկանց լռեցնել տասնյակ տարիներ, բնականաբար, այս հարցերը պատասխան չունեն: Էլ չենք ասում, թե ինչպիսի ռիսկերի հետ է կապված այդպիսի կեղծարարությունը, որին ոչ մի ՆԱՍԱ չէր կարող գնալ:
Իսկ թե այդպիսի կեղծարարության բացահայտումն ինչպիսի կործանարար հետևանքներ կարող էր ունենալ ԱՄՆ-ի հեղինակության վրա, նույնիսկ դժվար է պատկերացնել: Համենայն դեպս, շատ ավելի վատ կլիներ, քան Լուսնային ծրագրի ձախողումը: Էլ չեմ ասում, որ այդպիսի բեմադրության համար լիուլի կբավարարեր միայն «Ապոլոն 11»-ը, այլ ոչ թե ևս 6 արշավախումբ:


Բացի այդ, Խորհրդային Միությունը, որն իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով խիստ ուշադիր հետևում էր մրցակցի նվաճումներին, երբեք չի վիճարկել այդ վայրէջքների իրական լինելու փաստը:
Ես բավականին մանրամասն կանգ առա այս իրադարձության վրա, քանի որ խորհրդային քարոզչամեքենան, իսկ մեր օրերում նրա հարազատ հոգեզավակ ռուսական հեռուստաալիքները, մշտապես փորձել են նսեմացնել այդ ֆանտաստիկ ծրագրի դերն ու նշանակությունը, հավասարեցնել այն Գագարինի թռիչքին, երբեմն-երբեմն անազնիվ մեթոդներով պղտորել մարդկանց ուղեղները զանազան օտարերկրյա «գիտնականների» (իրականում շառլատանների, շիզոֆրենիկների, պարանոիկների) «փախած տանիքների» հերթական փայլատակումներով: Հանգամանքների բերումով ես էլ էի հաճախ ներկա լինում և ակամա մասնակից դառնում այդ թեմայի շուրջ սրճարանային վիճաբանություններին: Եվ ստիպված էի տարօրինակ եզրահանգումներ անել: Տգիտությունը, թեպետ բավականին պարզ, մակերեսային երևույթ է և անընդունելի, բայց և զարմանալի է տգետ մարդկանց համախմբելու, միավորելու և շատ ագրեսիվ ուժ դարձնելու իր կարողությամբ, որի դեմ պայքարելը ոչ միայն շատ դժվար է, այլև շատ հաճախ ուղղակի անհնար:
Կասկածից վեր է, որ «Ապոլոն» ծրագրի իրականացումը մարդկության պատմության մեծագույն գիտատեխնիկական նվաճումն է, համայն մարդկության ամենամեծ հպարտությունը:


Ես ուզում եմ անպայման գրել նաև արատավոր, շատ տխմար և բացարձակ անընդունելի մի երևույթի մասին: Բայց սկսեմ փոքրիկ նախաբանով, հետո նոր կանցնեմ կոնկրետ դեպքի նկարագրությանը և երևույթին:
Սպորտը իմ կյանքում շատ կարևոր և մեծ տեղ է զբաղեցրել: Իմ շատ սիրելի Ապարանում սովորելու տարիներին հիանալի ընկերական խումբ էինք ստեղծել և ամռան ամիսներին խաղում էինք ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, իսկ ձմռանը դահուկներով «ոտի տակ» էինք տալիս շրջակա քար ու քռեքը, սարերն ու ձորերը: Շատ սպորտային տղաներ էինք: Բավական է ասել, որ բոլորը իրենց քաշից ավելի ծանրաձող էին բարձրացնում և պտտաձողի վրա բավականին բարդ վարժություններ ու 15-20 ձգում կատարում: Ավելորդ չի լինի, եթե ասեմ, որ մեր այդ խմբի տղաները լավ սովորողներ էին, և նրանց մեծ մասը դպրոցն ավարտեց ոսկե կամ արծաթե մեդալով: Ապարանը թեև շրջկենտրոն էր, բայց այդ տարիներին դեռ սովորական գյուղ էր` ավանդական նիստուկացով, բարքերով, աթարի բուրգերով, եզներով վարուցանքով, կալ ու կամով, «մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերով սև», հռչակավոր Գռգռան, Բոզոյենց ու Ձորի աղբյուրներով, ժամի տակից մի իսկական գետի վերածվող «քառսուն» աղբյուրների սառնորակ ջրերով (ջրի քանակի մասին պատկերացում կազմելու համար ասեմ, որ այն ավելցուկով բավարարում էր 8 «ջաղչի քար» միաժամանակ աշխատեցնելուն, և շատ ցավալի ու ափսոս է, որ այդ հին ջրաղացը չպահպանվեց որպես պատմամշակութային հուշարձան) և, իհարկե, անպակաս էր «ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ»:
Համալսարանական տարիներին զբաղվում էի լողով, հետագայում ձմռանը` լեռնային, ամռանը` ջրային դահուկներով, իսկ գարնան սկզբից մինչև ուշ աշուն՝ թենիսով: Թենիսով զբաղվողները, որպես կանոն, ֆանատիկներ են: ՈՒնեինք մեր ակումբը, անցկացնում էինք մրցումներ, շատ համերաշխ էինք: Ակումբի անդամներից էին նաև որոշ «նոմենկլատուրային» պաշտոնյաներ:


Ամբողջ կյանքում ես երբևիցե չեմ օգտվել որևէ առողջարանային ուղեգրից: Արձակուրդներս մշտապես անցկացնում էի ազատ («дикарём»), շատ սիրում էի ծովը և հիմնականում գնում էի Սոչի: «Спутник»-ում հանգստանալիս ծանոթացա և մտերմացա համաշխարհային սպորտի ամենավառ աստղերից մեկի, ծանր քաշում ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն (Տոկիո-64), աշխարհի քառակի չեմպիոն Ալեքսանդր Իվանիցկու հետ, որն այն ժամանակ ԽՍՀՄ հեռուստառադիոյի պետական կոմիտեի սպորտային հաղորդումների գլխավոր խմբագրության ղեկավարն էր և հսկայական բարեփոխումներ իրականացրեց այդ ասպարեզում, այդ թվում` «Մոսկվա-80» օլիմպիական խաղերի կազմակերպման և ռադիոհեռուստատեսային լուսաբանման գործում:


Ալեքսանդր Իվանիցկուն անծանոթ իմ հարգելի ընթերցողներին կուզեի ասել, որ նա նաև ճանաչված գրող է և հեռուստամեկնաբան, բացառիկ էրուդիցիայի տեր անձնավորություն, հիանալի գիտի կերպարվեստ, երաժշտություն, թատրոն և, իհարկե, սիրում է ու գիտի Հայաստանը, հայոց պատմությունը: Մեր ծանոթությունը վերածվեց ջերմ ու հարազատ ընկերության, որը երբեք չի ընդհատվել արդեն շուրջ 45 տարի:
Մեկ տարի հետո ես ու Սաշան հրաժարվեցինք Սոչիից և տեղափոխվեցինք Ղրիմ` նրա չնաշխարհիկ անկյուններից մեկը՝ Գուրզուֆ, և դրանից հետո 20 տարի անընդմեջ միասին հանգստանում էինք այդ հրաշք վայրում: Հաճախ նույնիսկ այնպես էինք պայմանավորվում, որ րոպեների տարբերությամբ էինք վայրէջք կատարում Սիմֆերոպոլի օդանավակայանում և միասին գնում մեր հարազատ Գուրզուֆը:


70-ականների վերջերն էին: Ես Գուրզուֆում էի: Մեր թենիսի ակումբի ակտիվ անդամ Գայանե Մախմուրյանը, այն ժամանակ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ, ներկայումս պատմագիտության դոկտոր, հանգստանում էր Յալթայում, որտեղ ապրում էր նրա եղբայրը: Իսկ մեր բարձրաստիճան թենիսիստ պաշտոնյաներից մեկը այդ ժամանակ հանգստանում էր Յալթայի կառավարական առողջարաններից մեկում, որտեղ, ի թիվս այլ առավելությունների, կար նաև թենիսի կորտ: Եվ դեռ Երևանում երեքով պայմանավորվել էինք, որ ես ու Գայանեն տեսակցության ենք գնալու մեր պաշտոնյա ընկերոջը, թենիս ենք խաղալու, ժամանակ անցկացնելու:
Գուրզուֆը համարյա կպած է Յալթային: Երբ ես ու Գայանեն արդեն տեղում էինք, պարզվեց, որ ճաշի ժամ է, և բոլորը ճաշարանում են: Քիչ հետո ճաշն ավարտվեց և հանգստացողները սկսեցին «շարվեշարան» դուրս գալ ճաշարանից: Երկուսով զարմացած նայում էինք այդ հանգստացողներին: Բանից պարզվեց, որ այդ «կառավարական» առողջարանում 400 հանգստացողների շուրջ 70 տոկոսը օտարերկրացի է, ինչպես պարզվեց, «եղբայրական կոմունիստական և բանվորական կուսակցությունների» առաջամարտիկներ (ընտանիքներով), ովքեր իրենց երկրներում իմպերիալիզմի և կապիտալիստական անարդար կարգերի և հոռի բարքերի դեմ մղած անողոք պայքարում իրենց քայքայված առողջությունն են վերականգնում այդ առողջարանում: Հետո իմացանք, որ նույն պատկերն է Կովկասի սևծովյան և Կիսլովոդսկի, Էսենտուկիի հանքային ջրերի առողջարանային գոտիներում:
Ամենուր և միշտ, բոլոր երկրներում և բոլոր ժամանակներում երբևիցե պակաս չի զգացվել ամեն տեսակի բախտախնդիրների, խաբեբաների, ստահակների, սրա-նրա հաշվին ապրելու մեջ լավ «մասնագիտացած» զանազան մանր-մունր «ժուլիկների» և նմանատիպ այլ «հերոսների»: Սատանան գիտի, թե ինչով էին զբաղվում մեր այս «առաջամարտիկները» իրենց երկրներում, որտեղ լինում էին կամ չէին էլ լինում տարին 1-2-3 ամիս: Մնացած ժամանակ, բառիս բուն իմաստով, կյանքը վայելում էին կամ այդպիսի կառավարական առողջարաններում, կամ էլ մերձմոսկովյան հանգստյան տներում, պանսիոնատներում: Իրենց երկրներում նրանց ոչ ճանաչում էին, ոչ էլ գիտեին, թե ովքեր են սրանք: Նրանց ծառայությունները նախատեսված էին միայն մեր ներքին սպառման համար, երբ համագումարների կամ հանդիսավոր նիստերի ժամանակ իրենց երկրների «աշխատավորների» անունից պետք է «բոցավառ ողջույն» հղեին տվյալ միջոցառման մասնակիցներին:


Աբսուրդի թատրոնի այս խեղկատակությունը ԽՄԿԿ ռեպերտուարում էր 70 տարուց ավելի: Ոչ ոք չէր ասում, որ վաղուց ժամանակն է վերջ տալու պետական բյուջեից, գանձապետարանից հարյուր միլիոնավոր դոլարներ կլանող հազարավոր մակաբույծների այդպիսի հսկա բանակ պահելուն: Եվ այս ամենի, Կոմինտերնի վարագույրով աբսուրդի այս թատրոնի հիմնադիր հայրն էր «համաշխարհային պրոլետարիատի հանճարեղ առաջնորդ» Վլադիմիր Իլյիչ Լենինը: Այո, սիրելի ընթերցող, հենց Մունդռիկին պետք է վերագրել Էժեն Իոնեսկոյի, Սեմյուել Բեքկետի, Արթյուր Ադամովի «ուսուցիչը» լինելու պատիվը: Մունդռիկը ոչ մի օր, ոչ մի րոպե ձեռք չքաշեց մեր մոլորակը կոմունիստական դարձնելու իր խելացնոր գաղափարից և դեռ «էն գլխից», Կոմինտերնի ժամանակներից, հանուն այդ «գժական» գաղափարի իրականացման, աջ ու ահյակ ցփնում ու մսխում էր ցարական Ռուսաստանից ժառանգած հսկայական հարստությունը: Ցարական ոսկու պաշարները (պահուստները) գիշատչաբար, անխնա ծախսվում էին «հեղափոխական նպատակների համար»: Բուրժուազիայից, եկեղեցուց բռնազավթած ոսկին, արժեքները, թանկարժեք իրերը հսկայական քանակներով նվիրաբերվում էին կոմինտերնյան գործերին, շատ հաճախ «ճանապարհին» նստելով զանազան ճարպիկ ու աֆերիստ ձեռներեցների գրպաններում, ովքեր բոլ-բոլ ու հավեսով ֆռֆռում էին ռուսական հարստությունների շուրջը: Ռուսաստանի սահմաններից դուրս շատ միլիոնատերեր ու միլիարդատերեր իրենց նախնական կապիտալը ստացել են Լենինից:
Ծավալուն մեջբերում անենք «Յոթ առաջնորդներ»-ից:


«Զավթելով իշխանությունը, բոլշևիկները միմիայն նախնական տվյալներով, պետական բանկում հայտնաբերեցին ոսկի (ձուլվածքներ և մետաղադրամներ) 1 064 300 000 գումարով ոսկի ռուբլի, չհաշված, այսպես կոչված, «ռումինական ոսկու» 117 միլիոնը: Այստեղ չեն մտնում մեծ քանակությամբ արժեքներ, որոնք պահվում էին պետական բանկից դուրս. չեն մտել պլատինը, արծաթը, թանկարժեք քարերը, որոնք անօրինակ ցոփությամբ և «հեղափոխական» անվերահսկողությամբ մսխում էին բոլշևիկները:
Հենց այդ գումարներից, Լենինի «հանճարեղ որոշման» շնորհիվ, Ռուսաստանը, որը չէր պարտվել Գերմանիայի դեմ պատերազմում, ստորագրեց Բեռլինին 6 միլիարդ մարկ ռազմատուգանք վճարելու մասին ակտը: Վճարեցին ոսկով` 245,5 տոննա (!!!):
Դժվար է պատմության մեջ գտնել ազգային հանցագործության ավելի ստոր օրինակ»:
Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես այդ նողկալի Մունդռիկին հաջողվեց միլիոնավոր մարդկանց վերցնել հոգևոր գերության մեջ, համարյա բոլորին, ովքեր պատրաստ էին հավատալու, որ ազգային դավաճանությունը (օրինակ, «Բրեստի հաշտությունը») առաջնորդի «պետական իմաստունության գագաթն է»:


Հետևել, թե ինչպես էին օգտագործվում արժեքները Կոմինտերնի «կարիքների», համաշխարհային հեղափոխության համար, հեշտ չէ, քանի որ հսկայական գումարներ տրվում էին պարզապես Լենինի գրություններով, երբեմն նույնիսկ առաջնորդի բանավոր կամ ՌԿԿ ԿԿ համապատասխան հանձնաժողովի կարգադրություններով:
Օ. Վասիլևը և Պ. Կնիշևսկին իրենց «Կարմիր կոնկիստադորներ» գրքում համոզիչ կերպով ցույց են տվել, որ բոլշևիկները կարճ ժամանակահատվածում մսխեցին ռուսաստանյան ժողովրդի ֆանտաստիկ հարստությունները, այդ թվում` հանուն «համաշխարհային հեղափոխության»... Հենց այդ հարստությունների հաշվին էր Մունդռիկը այդքան առատաձեռն նվիրատվություններ անում իր սրտակից բարեկամ Մուստաֆա Քեմալին:
Բայց պատմությունը ոչինչ չի սովորեցրել ռուսաստանյան կոմունիստներին: ՌԴ ԿԿ նոր ծրագրում, որտեղ խոսվում է «Ռուսաստանի պատմության դասերի» մասին, կա պաթետիկ բացականչություն. «Ռուսաստանի պատմությունը լիովին հաստատում է հեղափոխությունների՝ պատմության լոկոմոտիվի դեր հանդիսանալու մասին հայացքը»: Այդ «լոկոմոտիվը» ճզմեց տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքեր, մեծ երկիրը դարձրեց արշիպելագ «ԳՈՒԼԱԳ», ոչնչացրեց հազարավոր եկեղեցիներ, ստեղծեց անազատ ճորտերի դասը, հանուն խելացնոր ու հանցագործ «հեղափոխական գործերի» ցաք ու ցրիվ արեց հսկայական ազգային արժեքներ:


ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ և ընտրվելուց հետո էլ բազմիցս կրկնում էր. «Մարքսիզմ-լենինիզմը չի կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում: Մենք կջնջենք կոմունիզմը երկրի երեսից որպես անբնական և ժամանակավոր երևույթ մարդկության պատմության մեջ»:
Եվ ոչ միայն ասաց, այլև արեց: Նրան հաջողվեց համոզել Սաուդյան Արաբիային, մյուս նավթահանող երկրներին, այնքան գցել նավթի գները, որ ԽՍՀՄ-ը զրկվեց վալյուտայի իր հիմնական աղբյուրից, հսկայական կորուստներ կրեց նավթի վաճառքից, կանգնեց տնտեսական և ռազմական անլուծելի խնդիրների առաջ: ԽՍՀՄ-ը չուներ ֆինանսական միջոցներ դիմակայելու ԱՄՆ-ի ռազմավարական պաշտպանական նախաձեռնությունների նոր նախագծին (СОИ), երկիրը հայտնվեց փակուղում, քաղաքական ցուգցվանգի մեջ և փլուզման եզրին: ԽՍՀՄ-ին վաղուց էին «շախ» հայտարարել և «մատ» արեցին հենց խաղատախտակի վրա՝ արդեն Ջորջ Բուշ-ավագի օրոք:
(շարունակելի)


Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 13115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ