Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով վնաս կհասցնի Իրանի ժողովրդին: «Մենք երբեք կոնֆլիկտ չենք նախաձեռնել, բայց յուրաքանչյուր ոք, ով վնաս է հասցնում Իրանին, ծանր ապտակ է ստանալու»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ էր տվել Իրանին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար և համապատասխան նամակ ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին։               
 

ԲԱՔՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

ԲԱՔՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
05.02.2025 | 14:49
Դեռևս 1883թ. Բաքվում կար ընդամենը 6 առևտրային տուն, որոնցից մեկը պատկանում էր վրացու, իսկ հինգը հայկական էին (Չիթախյան և Էմինյան, Փրիդոնյան և Շահնազարյան, Ծովիանյան, «Բեկխանյան և ընկ.», «Ղազումյան և ընկ.»)։ 1900-ական թթ. մանուֆակտուրայի առևտրի անառարկելի առաջատարը «Անդրկասպյան առևտրաարդյունաբերական ընկերությունն» էր (նախագահ Ս. Տեր-Օհանյան, վարչության անդամներ Մ.Սարուխանյան, Ջ.Տեր-Իսրայելյան, Հ.Թումանյանց, Հ.Շխյանց)։
1904թ. Բաքվում և նահանգում միասին վերցրած հայերին էր պատկանում բոլոր առևտրական ձեռնարկությունների 25%-ը, թաթարներին՝ 59%-ը, այլազգիներին և ֆիրմաներին՝ 16%-ը։ Հայ անհատ վաճառականների տարեկան շրջանառությունը կազմում էր 25%, թաթարներինը՝ 25%, այլազգիներինը և ֆիրմաներինը՝ 50%։ Սակայն եթե նկատի ունենանք, որ ֆիրմաների մեջ զգալի թիվ էին կազմում հայկականները, ապա ակնհայտ է, որ Բաքվի առևտրի մեծ մասը նույնպես գտնվում էր հայոց ձեռքում։
Հետագայում իրադրությունը փոխվեց է՛լ ավելի հօգուտ հայերի։ Այսպես, 1911թ. գաստրոնոմիական 13 խանութներից հայերին էին պատկանում 8-ը, մանուֆակտուրայի 88 խանութնե րից` 43-ը, կոշկի 24 խանութներից` 20-ը, պատրաստի հագուստի 31 խանութներից` 22-ը, ծխախոտի 15 խանութներից` 13-ը, բամբակի ու բրդի 15 խանութներից` 7-ը։
Ապացուցողական տեսակետից մերկապարանոց չլինելու համար հարկ ենք համարում մեջբերել նաև 1915թ. տվյալները, քանզի դրանք առավել ամբողջական ու մանրակրկիտ են։ Ահա թե ինչպիսի պատկեր է ստացվել (փակագծերում նշված է խանութների ընդհանուր տարեկան շրջանառության գումարի չափը). բակալեային 1371 խանութներից (1 մլն 300 հազ. ռ.) հայապատկան էին 311-ը, 10 պարենայինից (572 հազ. ռ.)` 8-ը, երշիկեղենի 12 խանութներից (193 հազ. ռ.)` 6-ը, հրուշակեղենի 39 խանութներից (680 հազ. ռ.)` 18-ը, մանուֆակտուրայի 128 խանութներից (15 մլն 57 հազ. ռ.)` 34-ը, հանքային ջրերի 8 խանութներից (111 հազ. ռ.)` 4-ը, կոշիկի 33 խանութներից (1 մլն 147 հազ. ռ.)` 27-ը, պատ րաստի հագուստի 73 խանութներից (1 մլն 704 հազ. ռ.)` 47-ը, երկաթե ապրանքների 37 խանութից (2 մլն 95 հազ. ռ.)` 20-ը, շինանյութերի 14 խանութից (2 մլն 879 հազ. ռ.)` 6-ը, ծխախոտի 7 խանութներից (520 հազ. ռ.)` բոլորը։
Հայկական խանութներն առհասարակ քաղաքի ամենանշանավորներն էին։ Այսպես, Բաքվում մեծ համբավ էին վայելում կենտրոնական փողոցներում գտնվող Ա.Պետրոսյանի զենքի, ճամպրուկների, մահճակալների, Բոստոգանյան եղբայրների փարիզյան, անգլիական, վարշավյան, վիեննական կահույքի, Ա.Կաֆյանի մանուֆակտուրայի, Ստեփանյան եղբայրների կտորեղենի, Օհանյան եղբայրների կոշիկի, ի վերջո, Կովկասում և Անդրկասպյան երկրամասում կայսերական պալատի մատակարար Աղրյան եղբայրների գինու, կոնյակի, օղու խանութները և այսպիսի տասնյակ, հարյուրավոր առևտրական հաստատություններ։
1891թ. Փիլիպոսյանց եղբայրները Բաքվում հիմնեցին շոկոլադի առաջին ֆաբրիկան: Դա միակ ձեռնարկությունն էր ամբողջ Կովկասում, որ արտադրում էր ընտիր շոկոլադ` շոկոլադ-մինյոն և շոկոլադե կոնֆետներ, ինչպես նաև բարձրորակ կարամելի զանազան տեսակներ: Արտադրանքը տարբեր միջազգային ցուցահանդեսներում արժանացել էր 3 ոսկե մեդալի: Ֆաբրիկան գործում էր Կարանտիննայա փողոցի (հետագայում` Ազի Ասլանովի) թիվ 121 հասցեում, սեփական շենքում, իսկ վաճառատունը` Մարիինսկայա փողոցի (հետագայում` Կորգանովի) թիվ 8 հասցեում: Նույն 1891թ. Աստվածատուր Բոգդանի Սարաջյանը Բաքվում հիմնեց Կովկասում հայելիների առաջին ֆաբրիկան, որը գտնվում էր Պետրովսկայա հրապարակում, Մուստաֆաևի շենքում:
Անդրկովկասում առաջինն էր նաև Ս.Մելիք-Ղուլամբարյանցի բնական մրգահյութերի և հանքային ջրերի գործարանը (հիմնվել է 1891թ.), որի արտադրանքը Մեծ ոսկե մեդալի էր արժանացել Վիեննայի միջազգային ցուցահանդեսում:
1911թ. քաղաքում կար սպիրտի, օղու, կոնյակի 10 գործարան, որից 6-ի տերերը հայ էին: 1915թ. կաշվի երեք գործարաններից երկուսը պատկանում էին հայերին, մեկը` հրեայի:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ