ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

Իրանը նորից մերձավորարևելյան խաղի կենտրոնում է

Իրանը նորից մերձավորարևելյան խաղի կենտրոնում է
22.02.2021 | 11:36

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ հիմա ԵՄ-ն աշխատում է Իրանի միջուկային գործարքի մասնակիցների ոչ պաշտոնական բանակցությունների կազմակերպման վրա և խոսքը «ընդամենը դիվանագիտական խոսակցության հրավերի մասին է»:

Թեհրանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նախ պետք է հանի պատժամիջոցները՝ սպառնալով հակառակ դեպքում փակել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաջ ատոմային օբյեկտները: Ժամկետ է տրվել մինչև փետրվարի 22-ը: Քչերն են հավատում, որ Վաշինգտոնը հաշվի կառնի այդ ժամկետը, բայց դա անդարձելիության կետն է: Արևմտյան շատ փորձագետներ հայտարարում են, որ «Միջուկային գործարքից՝ միջուկային գործարք+ին անցումը Բայդենի համար գործնականում անհնար է տեսանելի հեռանկարում»: Նրանց ելակետն է, որ Իրանում Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին ուժեղացել են պահպանողական քաղաքական գործիչները, որ կառավարությունից պահանջում են կոշտ լինել Արևմուտքի նկատմամբ: Դրանից էլ բխում է նրանց դիրքորոշումը ԱՄՆ-ի նկատմամբ՝ ԱՄՆ-ը պետք է վերադառնա միջուկային գործարքին անհապաղ և առանց նախապայմանների: Իրավիճակն անհուսալի էր թվում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Համենեին ԱՄՆ-ից պահանջեց «գործողություններ, ոչ թե խոսքեր»: Գործողություններն արվեցին ժամանակին, թեպետ արտաքուստ կողմերի տեսակետները տարբերվում են, թե ով պետք է առաջին քայլն անի: Բացատրական դիրքերից հանդես եկավ Մոսկվան: ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նախ հաղորդեց, որ Մոսկվան «ողջունում է եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության համակարգողների նախաձեռնությունը», երկրորդ՝ «վերջին շաբաթներին մենք ունեցանք տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություններ, երկկողմ շփումներ միջուկային պայմանագրի պահպանման խնդրով, և այդ աշխատանքտ կշարունակվի: Զուգահեռ գործում են առաքելություններ, այսինքն՝ Վիեննայում, Նյու Յորքում, տարբեր գծերով աշխատանքը շարունակվում է»:

Երրորդ՝ չեն բացառվում այդ թեմայով ՌԴ-ԱՄՆ շփումները. «առավել ևս՝ նման շփումներ արդեն եղել են»: Որոշ ժամանակ առաջ Ռյաբկովը արդեն հեռախոսել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալիի հեը: Վերջապես՝ Ռյաբկովը գտնում է, որ «միանգամից հանել ԱՄՆ պատժամիջոցներն Իրանից չի ստացվի», և Մոսկվան առաջարկում է Վաշինգտոնին ու Թեհրանին սինխրոնացնել գործողությունները միջուկային համաձայնագրի հնարավոր վերադարձի հարցով: Ենթադրվում է, որ Թեհրանը կարող է ընդունել առաջարկվող գործողությունների սցենարը, որ դուրս գա փոխընդունելի որոշման: Հետո կարող են հետևել համապատասխան քայլեր, առաջին հերթին ԱՄՆ-ի ու Իրանի կողմից, ընդ որում՝ ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, Ռուսաստանը չի պատրաստվում ԱՄՆ-ի հետ ճնշում գործադրել Թեհրանի վրա հրթիռային տեխնոլոգիաների հարցով կամ տարածաշրջանում դաշնակիցներին օգնության: Մոսկվայի կարծիքով՝ ոչ մեկը, ոչ մյուսը կապ չունեն միջուկային գործարքի հետ: Փաստացի՝ Իրանը նորից հայտնվում է մերձավորարևելյան խաղի ամենակենտրոնում մեկ տարբերությամբ՝ հիմա ոչ միայն նրա շուրջ է նվազում լարվածության էսկալացիան, այլև՝ տարածաշրջանում ընդհանրապես: Իրադարձությունները շարունակում են զարգանալ:
Ստանիսլավ Տարասով, Regnum


Հ.Գ. Տարածաշրջանում լարվածությունը նվազում է՝ խիստ կասկածելի պնդում է, եթե, իհարկե, նվազման որոշում չի կայացվել ինչ-որ կենտրոնում: Համենայն դեպս՝ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Ամերիկան վերադառնում է, վերաբերում է նաև Մերձավոր Արևելքին: Բացի այդ՝ հենց այս օրերին՝ Թուրքիան հերթական ագրեսիան է սկսել Իրաքում՝ քրդերի դեմ պայքարի իբր «ահաբեկչության» վերացման անվան տակ: Նաև հետաքրքիր զուգահեռ է ստեղծվել՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը դիմել էր ԵՄ-ին՝ միջնորդ դառնալու Իրան-ԱՄՆ հարաբերություններում: Կամ՝ Զարիֆը հրապարակային դիմել է Բրյուսել, ոչ հրապարակային՝ Մոսկվա: Կամ Մոսկվան վաղուց՝ Իրանից անկախ իր խաղն է տանում: Բոլոր դեպքերում՝ մերձավորարևելյան խաղի կենտրոնում, Իրանի միջուկային գործարքից առաջ ու հետո, մնում է Թուրքիան՝ իր էքսպանսիստական քաղաքականությամբ, որը չտեսնելն ու չգնահատելը ևս քաղաքականություն է: Բայց՝ քաղաքականությունը, որը տարածաշրջանը պահում է երկարատև անկայունության մեջ:


Իսկ ընդհանրապես՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Ոչինչ չի փոխվել: Բայդենն ասում է, որ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը պարզվել է, որ առավելագույն ձախողման քաղաքականություն է: Սակայն նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը կախվածություն ունի պատժամիջոցներից: Մեզ գործողություններ են պետք, ոչ թե խոստումներ: Մենք ուզում ենք վարքի փոփոխություն տեսնել, որպեսզի Դոնալդ Թրամփի օրոք սկսված ապօրինությունները չկրկնվեն»: Ըստ նրա, «բոլորի կողմից միջուկային գործարքի իրենց պարտավորությունների մասի կատարումից հետո» տեղի կունենան նաև բանակցություններ ԱՄՆ-ի մասնակցությամբ միջուկային գործարքի շուրջ, բայց դրանք չեն վերաբերվի համաձայնագրի փոփոխություններին կամ գործարքի նոր դրույթներին՝ տարածաշրջանային խնդիրներ և իրանական հրթիռային ծրագիր: «Այնուամենայնիվ, մենք կքննարկենք, թե ինչպես ապահովել, որ ԱՄՆ գործողությունները (գործարքից դուրս գալը և պատժամիջոցների վերականգնումը) այլևս չկրկնվեն, ինչպես խուսափել դրանից»,-ասել է Զարիֆը:


Փետրվարի 23-ին սպասվող ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործունեության սահմանափակման նախօրեին՝ նա շեշտել է, որ Թեհրանի ձեռնարկած միջոցները պարտավորությունները կրճատելու համար հետադարձելի են և չեն խախտում միջուկային գործարքը:
՝ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times-ը: «Չնայած Բայդենի վարչակազմը պնդում է, որ ցանկանում է սկզբում նստել բանակցությունների սեղանի շուրջ, կան նշաններ, որ պատժամիջոցների մեղմացումը սարերի հետևում չէ: Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ, բայց մոտ է», - թերթին հայտնել է ազգային անվտանգության ոլորտի լավատեղյակ աղբյուրը։


Bloomberg-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարբերակ է քննարկում, թե ինչպես կարելի է հեշտացնել Իրանի ֆինանսական վիճակը՝ առանց տնտեսական պատժամիջոցները հանելու: ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտնել էր, որ Եվրամիությունը ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի մասնակցությամբ իրանական միջուկային գործարքի շուրջ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու հնարավորության շուրջ: ԱՄՆ-ը հայտարարել է, որ շահագրգռված է Իրանի հետ բանակցություններում ԵՄ հովանու ներքո եւ միջազգային միջնորդների վեցյակի մասնակցությամբ, որի մեջ մտնում են Մոսկվան եւ Պեկինը: Ի պատասխան Վաշինգտոնի հայտարարության՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն ընդգծել է, որ վեցյակը դադարել է գոյություն ունենալ, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել միջուկային գործարքից՝ մնացել են միայն հինգ միջնորդներ, եւ նշել է հակաիրանական պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 214618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ