ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

Հայաստանը Ծապլվարը չէ

Հայաստանը Ծապլվարը չէ
24.02.2021 | 17:15

ՀՅԴ ակտիվիստները գրոհով գրավում են բուհերը, ու դա համարում են հաջողություն, իրենք իրենց ծափ են տալիս ու գոհ ցրվում: Մեղմ ասած՝ հիմարություն:

Նախ՝ ոչ ոք չի հարցնում՝ այդ գրոհից հետո քանի՞ ուսանող կամ դասախոս միացավ ակտիվիստներին: Եվ հետո՝ ով-ով, բայց ՀՅԴ-ն իրավունք չունի խոսել ցեղասպանության ժամանակ դրսևորած վարքագծից՝ ինչպես բոցաշունչ ելույթ էր ունենում ԵՊՀ-ն ավարտած ՀՅԴ ակտիվիստուհին: Նա երևի չափազանց երիտասարդ է՝ իմանալու սեփական կուսակցության 20-րդ դարասկզբի պատմությունը: Իսկ այդ պատմությունը պատմում է, որ ՀՅԴ-ն ընդունեց 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումը ու միացավ նրանց՝ շրջաբերականով զինաթափելով ֆիդայիներին: Այդ պատմությունը պատմում է, որ առաջին աշխարհամարտի օրերին տարբեր երկրներում գործող ՀՅԴ բյուրոները տրամագծորեն հակառակ որոշումներ էին ընդունում ու կազմալուծում որևէ դիմադրություն:

Այդ պատմությունը պատմում է, որ մինչև այսօր Բոստոնում գտնվող ՀՅԴ արխիվը գաղտնազերծված չէ: Եվ՝ վերջապես՝ այդ պատմությունը նաև պատմում է, որ մինչև այսօր ոչ ՀՅԴ-ն, ոչ որևէ գործող ՀՅԴ-ական անցյալում կամ հիմա ներողություն չի խնդրել կուսակցության սխալների համար, որ ցեղասպանություն ու առաջին հանրապետության անկում, տարածքային կորուստներ արժեցան: Երրորդ հանրապետության օրոք ՀՅԴ-ն վերադարձավ Հայաստան ու շատ զարմացավ, որ գործող իշխանությունը չասաց՝ բարով եք եկել, ձեզ ենք հանձնում իշխանությունը, կառավարեք, մենք էլ ձեզ ծառա: Ու մինչև հիմա չի կարողանում թոթափել այդ զարմանքը:


Իսկ այսօր Հայաստանում գործող իշխանությունը թույլ է տալիս, որ ՀՅԴ-ն Հայաստանը դարձնի մեր օրերի Ծապլվար, որտեղ կարևորը արդյունքը չէ, ընթացքն է՝ կեցցե հեղափոխությունը, մնացածը թող գնա գրողի ծոցը:


Ոչ մի վայրկյան չկասկածելով ՀՅԴ-ական ակտիվիստների ազնվությանն ու հայրենասիրությանը, ստիպված եմ արձանագրել՝ հախուռն ու կեղծ հեղափոխական որևէ քայլից առաջ, ընթացքում ու հավարտ մտածելը պարտադիր է:
Իսկ մտածելու դեպքում անպատասխան է մնում հարցը՝ որքանո՞վ են այդ ակտիվիստների պրոակտիվ գործողությունները ծառայում միջին վիճակագրական հայի անվտանգությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Չէի գրի ոչինչ, եթե ակտիվիստների պաթետիկ ու դեմագոգիկ հարցերին 2 բուհերից որևէ մեկում որևէ դասախոս տար հոդաբաշխ պատասխան:

Դիտվել է՝ 175091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ