Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
02.11.2024 | 13:42

(սկիզբը` այստեղ)

Հոկտեմբերի 26- ին իր նկատմամբ Իսրայելի ագրեսիային Իրանը մտադիր է վճռական պատասխան տալ մինչև նոյեմբերի 5- ին նախատեսված ԱՄՆ- ի նախագահական ընտրությունները. այս մասին, բարձրաստիճան աղբյուրի հավաստի տվյալներին հղում կատարելով, հոկտեմբերի 31- ին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը և հավելել, որ Իրանը չի հապաղելու: CNN- ի մեկնաբանությամբ՝ սա հստակ ու պայթյունավտանգ ազդակ է:
Այս ընթացքում Իրանը և Իսրայելը փոխադարձաբար սպառնում են միմյանց, ակնհայտ է ռազմատենչ հռետորաբանությունը:
«Ինչպես նախկինում տարբեր ձևերով նախազգուշացրել էինք, Իրանն իրավունք ունի պատշաճ կերպով արձագանքելու իր նկատմամբ բացահայտ ագրեսիային,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:-Իսրայելի վարչակարգը պատասխան է տալու իր սխալ հաշվարկների համար»:
Արաղչին ողջունել է հրեական պետության դեմ անմիջականորեն մարտնչող «Հըզբոլահ» շարժման նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում իր հանրագիտարանային գիտելիքներով հայտնի, 1991 թվականից շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նայիմ Քասեմի ընտրությունը: Իսրայելի կողմից «Հըզբոլահ»- ի ղեկավար Հասան Նասրալայի սպանությունից հետո, հոկտեմբերի 29- ին շարժման գլխավոր քարտուղար ընտրված Քասեմին հայտարարել է, որ նահատակված Հասան Նասրալայի՝ Իսրայելի դեմ պատերազմի ծրագիրը շարունակվելու է ամբողջ թափով:
«Իմ օրակարգն է բոլոր ասպեկտներով հետևել ու հավատարիմ մնալ Նասրալայի օրակարգին,- հայտարարել է «Հըզբոլահ»- ի նոր առաջնորդը:- Մենք կշարունակենք մեր ծրագիրը: Մենք չենք պայքարում ինչ- որ մեկի անունից, կամ որևէ մեկի նախագիծը չենք: Մենք կռվում ենք հանուն Լիբանանի: Իրանն աջակցում է մեզ,սակայն դրա դիմաց ոչինչ չի պահանջում»:
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, ТАСС- ի փոխանցմամբ, «ժամանակավոր նշանակում» է համարել շիական «Հըզբոլահ» շարժման գլխավոր քարտուղարի պաշտոնում Նայիմ Քասեմի հաստատումը:
«Ժամանակավոր նշանակում: Հետհաշվարկը սկսվել է», – գրել է նա X- ում (նախկինում Twitter-ում)՝ տեքստը ուղեկցելով Քասեմի լուսանկարով։
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ- ն սոցցանցերում տարածել էր արաբերեն հայտարարություն, որում նշված է, որ Քասեմի պաշտոնավարումը «կարող է ամենակարճը դառնալ» «Հըզբոլահ»- ի պատմության մեջ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղոլամրեզա Սոլեյմանին հայտարարել է, որ Իրանն Իսրայելին դեռ ցույց չի տվել իր հզորությունը: Նա հավաստել է է, որ Թեհրանը պատասխան մահաբեր հարված կհասցնի՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները։
«Իրանի ժողովուրդը սիոնիստական թշնամուն դեռ ցույց չի տվել իր հզորությունը,- «Defa Press»- ին հղում կատարած «Коммерсантъ»- ի փոխանցմամբ, հայտարարել է Սոլեյմանին:- Իրանի ժողովուրդը թաքցնում է իր թշնամիներին դիմակայելու հսկայական ներուժը։ Ինչպես ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, սիոնիստական խմբավորումը սխալվել է իր հաշվարկներում: Նրա սխալը կհանգեցնի նրան, որ մենք մահաբեր հարված կհասցնենք Իսրայելին»:
Սոլեյմանիի վերոնշյալ հայտարարությունը լիովին համապատասխանում է լույս հոկտեմբերի 26- ի գիշերն Իրանի ռազմական օբյեկտների վրա Իսրայելի հարձակումից առաջ ԻՀՊԿ օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր- Ալի Հաջիզադեի հայտարարությանը, որին անդրադարձել ենք հոդվածաշարի նախորդած հրապարակմամբ:
«Սիոնիստների կողմից հիմարության ու պատասխան գործողության դեպքում մենք հաջորդ փուլում կկիրառենք երկու միանգամայն գաղտնի զենք, որոնք արմատապես կփոխեն ուժերի դասավորությունն աշխարհում»,- հավաստել էր Հաջիզադեն:
Իրանի պատասխան հարվածի ժամանակի առումով CNN- ի հրապարակած տեղեկատվությանը հակասող տեղեկատվություն է հրապարակել ամերիկյան «Նյու Յորք Թայմս» («The New York Times») թերթը: Ըստ այդմ, իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ հարվածները սպասվում են նոյեմբերի 5- ին ԱՄՆ- ի նախագահի ընտրություններից հետո, քանի որ Իրանում մտավախություն ունեն, որ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է Մերձավոր Արևելքում լարվածության սրումից օգտվել նախընտրական նպատակներով:
Ընդգծենք, որ Թրամփը հայտնի է իր նախագահության շրջանում խիստ հակաիրանական գործելակերպով և հայտարարություններով, որոնք շարունակել է նաև ԱՄՆ- ի նախագահի պաշտոնը թողնելուց հետո:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հոկտեմբերի 28- ին հրաման է տվել երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին նախապատրաստել Իսրայելին պատասխան հարվածի ծրագիր. այս մասին, ТАСС- ի փոխանցմամբ , հայտնում է «The New York Times»- ը՝ հղում կատարելով իրանցի պաշտոնյաներին:
Ըստ նրանց տեղեկությունների, Իրանի ռազմական հրամանատարությունը կազմում է ցանկն Իսրայելի տարածքում տասնյակ ռազմական թիրախների։ Իրանցի պաշտոնյաների հայտնած տեղեկությունների համաձայն, Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նման հանձնարարություն է տվել իսրայելական հարձակման հետևանքները գնահատելուց հետո: Հարվածի հետևանքով զոհվել է չորս իրանցի զինծառայող և մեկ խաղաղ բնակիչ: Ինչպես պնդում է պարբերականը, վնասվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը և բալիստիկ հրթիռների արտադրական հզորությունները:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ