Վաշինգտոնի վարչակազմը դրական է գնահատում Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրը։ «Մենք ակնկալում ենք, որ շուտով դրական հայտարարություն կարվի»,- հավելել է աղբյուրը։               
 

Թումանյանը և Հայոց եղեռնը

Թումանյանը  և  Հայոց եղեռնը
15.02.2025 | 09:13

Թումանյանն այն եզակի գործիչներից է, ում գրական հարստությունը նույնքան անժխտելիորեն բացառիկ է ու մեծ, որքան նրա մարդկային կերպարը: Թումանյանի կյանքի բազմաթիվ դրվագներ կարծես մեկտեղվում, զուգահեռվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ: Բանաստեղծն ապրում էր իր ժողովրդի համար բարդ ու դաժան ժամանակներում և ամբողջովին կիսում էր հային բաժին հասած յուրաքանչյուր դառնություն: Կիսում էր ոչ միայն ինքը, այլև նրա ամբողջ ընտանիքը: Նրա չորս որդիներն էլ զինվորներ էին, չորս

դուստրերն էլ՝ գթության քույրեր։ Իրեն հատուկ

հեռատեսությամբ և զգայունությամբ բանաստեղծը դեռեւս 1913 թվականին կանխատեսել էր 1915 սարսափները՝ գրելով.«Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին՝

վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ>>։ Այո՛, Թումանյանը լավ էր ճանաչում թուրքին: Ոտքով անցնելով ողջ Կովկասյան ռազմաճակատով՝ նա անձամբ էր ականատես եղել թուրքերի և քրդերի կատարած վայրագություններին՝ թողնելով այնպիսի սահմռկեցուցիչ գրառումներ իր նոթատետրում, որոնք մեկ դար անց անգամ անհնար է կարդալ առանց սարսափահար լինելու։Որբերի հայրիկը,

Կովկասյան ռազմաճակատի անմարդկային տեսարանները դեռ աչքի առջև, ծանր ապրումների մեջ կես մարդ դարձած, հասնում է Թիֆլիս, որտեղ բժիշկները նրան խորհուրդ են տալիս անմիջապես մեկնել որևէ առողջարան կազդուրվելու: Առողջարանի գումար նա չուներ և այդ պատճառով ընկերոջ խորհրդով գնում է Թաբախմելա ամառանոց, որտեղ հույս ուներ մի փոքր հանգստանալու և ավարտին հասցնելու իր «Հազարան բլբուլ» գործը, ինչը չհաջողվեց անել, քանի որ ընդամենը երկո - երեք օր անց վրա հասավ Եղեռնի և ավերիչ գաղթի գույժը: Վատառողջ բանաստեղծը մեկ վայրկյան անգամ չտատանվեց․ անմիջապես վերադարձավ Թիֆլիս, գրեց «Հանգիստ ու լիքը հավատքով» հոդվածը, որում կոչ էր անում աշխարհասփյուռ հայությանը չհուսահատվել և համախմբվել գաղթականներին փրկելու հարցի շուրջ։ Բանաստեղծի բացառիկ հավատն ու լավատեսությունը մեկ անգամ չէ, որ փրկել էին հազարավոր

կյանքեր: Ողբերգությունը՝ սրտում, անասելի ցավը հոգում՝ Թումանյանն, առանց րոպե անգամ կորցնելու, Թիֆլիսից շտապում է Էջմիածին, որտեղ հավաքել էին հազարավոր գաղթականներ՝ հատկապես՝ որբեր՝ տարբեր տարիքի:

Ժամանակակիցների վկայությամբ, այդ հավաքատեղին իրական դժոխքն էր երկրի վրա: Ցեղասպանության սարսափները տեսած, խեղված հոգիներով, ամենատարբեր հիվանդություններով վարակված, կեղտոտ ու սոված անթիվ-անհամար երեխաներ հավաքվել էին Էջմիածնում: Այդ առաջին օրերին որբերի կողքին էր միայն Թումանյանը: Անտեսելով բոլոր հնարավոր վտանգները՝ նա բերել էր նաև դստերը՝ Նվարդին: Էջմիածնի հավաքատեղին այդ ժամանակ ոչ միայն դժոխք էր, այլ մահ էր բառի լայն իմաստով: Տասնյակ հիվանդություններ, դրանցից ամեն վայրկյան մահացող որբեր և բուժքույրեր. սակայն Թումանյանի համար սեփական երեխայի կյանքն անգամ անկարևոր էր, երբ հայրենակիցների լինելիության հարցն էր դրված: Հենց այդտեղ է տեղի ունենում Թումանյանի և կաթողիկոսի միջև եղած հայտնի, որի երկխոսությունը ժամանակ համեստագույն բանաստեղծն առաջին անգամ տալիս է իրեն թերևս ամենաարժանի՝ «Ամենայն հայոց բանաստեղծ» անվանումը: Կարճ ժամանակ անց՝ նա դառնում է նաև «ամենայն հայոց հայրիկ» բոլոր որբերի համար: Այդպես կոչեցին նրան հենց որբերը: Թումանյանն անմիջապես սկսել էր իրականացնել որբերի տեղաբաշխման, սննդի, հագուստի, հիգիենայի հետ կապված բոլոր վարչական հարցերի համակարգումը: Սակայն նա գիտեր, որ բոլոր այդ հրատապ հարցերից շատ ավելի կաևոր է որբերի հոգեկան աշխարհը: Զգայուն բանաստեղծը շատ լավ հասկանում էր, որ ընդամենը մի քանի տարվա կյանք ապրած այդ երեխաները տեսել են անհավատալի, սարսափելի ոճիրներ, ականատես են եղել, թե ինչպես են ամենավայրագ ձևով սպանվում իրենց ծնողներն ու ընտանիքի անդամները: Նրանց մանկական հոգին ու մարմինը կեղեքվել է ամենադաժան ձևով, և այդ պահին աշխարհում ամենից շատ նրանք քնքշանքի ու մայրական սիրո կարիք ունեն: Եվ նա սկսում է կոչ անել բոլոր կանանց ու աղջիկներին՝ լինելու որբերի կողքին: Շատ անգամ էլ բանաստեղծն ինքն էր տուն ուղարկում օգնության եկած աղջիկներին՝ հաշվի առնելով նրանց անչափահաս լինելը: Սակայն բանաստեղծի մարդասիրությունն ու նվիրումն այնքան մեծ էր, որ բոլորն էին անխտիր վարակվում նույն սիրով ու չէին ուզում հեռանալ Էջմիածնից: Այդպես նա տուն ուղարկեց Չարենցի հայտնի սերերից մեկին՝ Կարինե Քոթանջյանին, այդպես տուն էր ուզում ուղարկել ուսուցչուհի Սաթենիկ Օհանջյանին, որը չլսեց Թումանյանին, մնաց ու մահացավ համաճարակից, և որի մահը հատկապես ծանր տարավ բանաստեղծը:Ինչքան էլ քույրերը նվիրումով կատարեին իրենց աշխատանքը, միևնույն է, որբերի ամենասիրելին, միակ հույսն ու ապավենը Թումանյանն էր: Նրան էին դիմում իրենց բողոքներով, խնդրանքներով, նրան էին կանչում հիվանդ ժամանակ, խնդրում, որ իրենց ծամերը չկտրեն, որ իրենց համար կարմիր զգեստ կարեն. «..Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»:Նա գիտեր, որ պետք է հոգեպես լինի որբերի կողքին, պիտի փորձի ֆիզիկապես ամուր լինել, որպեսզի կարողանա համակարգել բոլոր վարչական գործերը։ Էջմիածնում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Բաքվում, Դիլիջանում, Թբիլիսիում բացվել էին մանկատներ, և դրանք բոլորը հաշվետու էին նրան, դրանց բոլորի հետ կապ էր պահպանում Թումանյանը: Այդ ամենին գումարած նա նաև բազմաթիվ հայանպաստ հասարակական կազմակերպությունների անդամ էր ու նախագահ:

Որբերի առօրյան թեթևացնելու և տխրությունը մի փոքր փարատելու համար նա հազար ու մի հնարք էր մտածում: Այդպես՝ երեխաներին քաջալերելու համար բանաստեղծը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը, նրան Թումանյանը կտանի իր տուն՝ ծանոթացնելու Անդրանիկի հետ: Եվ այս պայմանն իրոք գործում էր: Երեխաները, մոռացած իրենց վշտերը, ինքնամոռաց տրվում էին ուսմանը՝ Անդրանիկին գեթ մեկ անգամ տեսնելու համար: Այդ երեխաների մեջ էր նաև Արգենտինայի ամենահայտնի բանաստեղծուհու, լատինական Ամերիկայի ամենահայտնի հայուհու Ալիսա Կիրակոսյանի հայրը, որը ոգևորված մեկ շաբաթ քրտնաջան սովորեց և հասավ երազանքին` ծանոթացավ Անդրանիկի հետ:

Թումանյանը հոգ էր տանում ոչ միայն որբերի, այլև յուրաքանչյուրի մասին, ով իրեն շրջապատում էր: Այդքան ցավերի, հոգսերի մեջ գտնվող բանաստեղծը անհանստանում, հետևում էր, որպեսզի հանկարծ գթության քույրերը քաղցած չմնան: Թումանյանը հոգ էր տանում անգամ մահացածների մասին: Այդ օրերին մահերն այնքան շատ էին, որ դիակները սայլերով էին տանում թաղելու: Եվ այդպիսի հերթական մի օր սայլապանը հրաժարվում է կատարել իր աշխատանքը՝ պատճառաբանելով, թե քանի որ Էջմիածնի պաշտոնեությունը չի վճարել իր աշխատավարձը, ինքն այդ օրը չի թաղելու մահացածներին: Հուսահատ Թումանյանը հավաքում է իր ունեցած վերջին դրամը, տալիս սայլապանին, որպեսզի հանկարծ մեռելներն անթաղ չմնան: Այդ նույն ընթացքում Գևորգյան ճեմարանից դուրս էին թողնում Թումանյանի որդուն՝ վարձը չվճարելու պատճառով:

Սոսսի ԽԱՆԻԿՅԱՆ

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ