ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ
Կան մարդիկ, որոնց կոչումը հրապարակագիր, հրապարակախոս լինելն է։
Համալսարան ընդունված նորեկներիս համար այդ մարդիկ անմիջապես ուշադրություն էին գրավում և՛ իրենց կեցվածքով, և՛ իրենց պահվածքով , և՛ իրենց արտաքին գրավչությամբ։
Գառնիկ Անանյանը նրանցից էր։
Տավուշ աշխարհի հերթական շնորհալի որդին։
Առաջինների թվում մտավ լսարան, որ մեզ զարմացնի ու հիացնի իր խոսքով, բանիմացությամբ, հռետորական ձիրքով։ Խորհրդային հայ գրականություն` հայ նորագույն գրականություն էր դասավանդում, որ մենք իր խոսքին ունկնդիր` ավելի շատ սիրենք Վահագն Դավթյանի, Պարույր Սևակի պոեզիան, Հրանտ Մաթևոսյանի, Զորայր Խալափյանի, Մուշեղ Գալշոյանի, Պերճ Զեյթունցյանի արձակը։
Մեր օրերում, մեր կողքին ապրող տաղանդավոր մարդկանց գիրը ժամանակի շնչով ընկալել սովորեցրեց։ Նրանց առաջին գնահատողներից էր և ջատագովներից, որ լավ ու ճիշտ ճանաչենք նրանց։
Հետո Չարենց սկսեց դասախոսել, ավելի ճիշտ` մեզ մոտեցնում էր Եղիշե Չարենցին, որ ավարտական կուրսում պատվարժան մյուս տավուշցին` անգերազանցելի Չարենցագետ Հրանտ Թամրազյանն ավելի զարմացնի նաիրյան հանճարի խոսքով։
Գառնիկ Անանյանը հրապարակախոս էր բառի ամենալայն իմաստով։ Խոսքը` հատու, ձայնը` առնական, գրավիչ։
Մեր ուսումնառության տարիներին համալսարանի հրատարակչության տնօրենն էր` մի ոտքը` իր սիրելի բանասիրականում։
Հարգված մարդ էր, ուսանողների սիրելին։
Ժամանակի շունչն ու ոգին նյարդաթելերով զգացող մարդու տեսակ էր։
Ծանր տարիներ էին` 90-ականները։
Փլուզվել էր ԽՍՀՄ-ը։
Արցախյան ճակատում ծանր մարտեր էին։
Վերադարձել էի Հայաստան` անորոշ ժամանակով անավարտ թողնելով ուսումս Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
Հորս մանկության ընկերոջ` Ժողտնտեսության համալսարանի քաղաքագիտության դասախոս, դոկտոր-պրոֆեսոր Եղիշե Սահակյանի հետ գնացինք համալսարան` Գառնիկ Անանյանի մոտ` խորհրդի. ի՞նչ անել։։
Մեզ տեսնելով` շատ ուրախացավ, սակայն նկատելի էր. ներքուստ մտահոգ էր, անսովոր լարված։
Սիրտը բացեց մեր առջև.
«Արտերկրից տագնապալի լուրեր են գալիս։ Թվում է` արաքուստ չերևացող իրողություններ են։ Արտագաղթն է նոր թափ առել։ Երկիրը բզկտում են, չգիտես` ի՞նչ է լինելու...»։- Մինչ օրս հիշում եմ նրա` հոգու ճիչ հնչած մտահոգությունը։
Դեռ այն տարիներին էր ընկեր Անանյանն զգացել հայոց գլխին կախված ահագնացող վտանգը։ Հոգին խորապես տագնապում էր։ Եվ որ ավելի զարմանալի էր` զգացել էր հարազատ մարդկանց` միմյանց նկատմամբ աճող անհանդուրժողականությունն ու ատելությունը։
Ազգային ինքնությունը վտանգվելու մտահոգ տագնապով էր ներաշխարհը ողողված։
Այդ ժամանակ էր, որ իր անմիջական միջնորդությամբ էին համալսարանի լրագրության ֆակուլտետից հեռացրել այսօրվա ազգակործան պատուհասին։ Դեռ այն օրերին էր ընկեր Անանյանն զգացել ազգի ներսում բուն դրած քայքայիչ որդին։
Եվ չէր սխալվել։
Վկա` այսօրը։
Տարիներ են անցել. չեմ մոռանում հայացքը։
Մի պահ գլուխն օրորեց, առավ ափերի մեջ։
Ախր, Տավուշ աշխարհի որդին, որ ապրել էր դուռ-դրկից ազերիների հարևանությամբ, լավ գիտեր, թե ուր կարող է հասցնել այս ամենը, երբ ազգադավ ցեցն է բուն դրել դեռ չձևավորված ուսանող երիտասարդների մեջ։
Ցավոք, քաղաքական տագնապն ու մարգարեությունը կարծես այսօր սարսափելի ճշմարտություն են։
Տեսել էր նաև այսօրը։
Երբ իմացավ, որ թեկնածուական ատենախոսությանս թեման Արցախն է, չթաքցրեց մտահոգությունը.
«Արցախը վտանգված է առավել քան երբևէ...»։
Ականջդ կանչի, ընկեր Անանյան, ականջդ կանչի, Արցախն ընկել է, արդեն վտանգված է հող հայրենին։
...Գրականագետ, հրապարակախոս, խմբագիր Գառնիկ Անանյանից շատ բան սովորեցինք. սովորեցինք ուշադիր լինել, ակնդիր և ունկնդիր լինել և ժամանակին արձագանքել շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին, չուշացնել արձագանքը։
Ընկեր Անանյանը սիրում էր լսել ուսանողների ինքնուրույն մտքերը, խոհերը։ Մտերմիկ զրույցների ընթացքում ինչ-որ սիրուն, նոր միտք լսելիս պայծառ ժպտում էր, խրախուսոմ քաջալերող խոսքով, աջակցում իրագործելու նպատակները։
...Նրա քննությունը, որ թվում էր, թե առաջին կուրսի հունվարյան քննաշրջանի առաջին «լուրջ փորձությունն է», յուրօրինակ զրույց դարձավ մեր` հեղինակի ստեղծագործության, ուսանողի և դասախոսի միջև` ապագա բանասերի դատողությունները, գրական ընկալումները, կարծիքը բացահայտելու միտված անկեղծ զրույց։
...Գառնիկ Անանյանը լրագրող էր իր էությամբ, մտքի թռիչքով։ Ոլորտի անուրանալի գիտակ։ Տեսնում էր ժամանակը` իր հարափոփոխ, իրարամերժ բարքերով, բարձրաձայնում, դասախոսությունների ընթացքում կիսվում մեր` իր ուսանողների հետ։
Այսօր էլ լրագրողների մի ամբողջ սերունդ երախտապարտ է նրան` ոլորտի կայացման նվիրյալին. չէ՞ որ նրա անմիջական ջանքերով է մեր ավարտելուց հետո` տարիներ անց բացվել համալսարանի ժուռնալիստակայի (լրագրության) ֆակուլտետը։
Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում իր նվիրվածության ու ջանքերի շնորհիվ կրթվել և դաստիարակվել է լրագրողների մի ամբողջ բանիմաց, համարձակ սերունդ, որ այսօր հանրային դաշտում իրենց ձայնը բարձրացնի երկրում կատարվող` օրեցօր ահագնացող իրադարձությունների առիթով, փորձի վտանգված հայրենիքի ու կորուստների ճիչը հասցնել, ցավոք, հայոց ցավ ու վշտի հանդեպ դեռևս կույր, համր ու անտարբեր աշխարհին։
Երանի՜ կարողանան, որ Գառնիկ Անանյանի տագնապած ու ալեկոծ հոգին երկինքներում խաղաղվի։
Երանի՜...
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Լուսանկարը` համացանցից։