Սովետական տան պրոֆիլակտիկ դեղատուփը հարուստ չէր։ Դեղատուփի մեջ, իհարկե, ջերմաչափ կար, յոդ, բինտ ու բամբակ, լեյկոպլաստիր, պատահում էր՝ պղպեղային սպեղանի՝ մեջքի համար։ Մեր դեղատուփի մեջ ներարկիչ էլ կար՝ մետաղյա տուփի մեջ՝ վախենալու ապակյա իրանով ու սուր ասեղով, որ ներարկելուց առաջ միշտ եռացնում էինք։ Մեկ էլ հանրաճանաչ դեղերն էին՝ անալգին, ասպիրին, տետրացիկլին և այլն։ Էդ դեղերը շատ չէին ու դեղի նման էին, ոչ թե ծամոնի կամ շոկոլադի, ինչպես էսօր ա։ Անշուք տուփ կամ սրվակ էր՝ դեղի անունով, մեջը՝ ոչ պակաս անշուք հաբեր։ Լինում էր, որ տուփ էլ չուներ, պարզապես՝ թղթի մեջ փաթաթված փոշի էր։ Հա՛, դեղը պիտի դեղի նման լինի, որ հասկանաս, թե ինչի համար ա։
Բոլոր տեսակի ցավերի դեմ անալգինն էր։ Խմում էինք, անցնում էր։ Ոմանք նոշպա էին խմում, որի հանդեպ ես առանձնահատուկ հարգանք ունեի, որովհետև Տուշպայի նման էր հնչում։ Մրսածության դեմ ամենալավ դեղը, իհարկե, տաք թեյն էր՝ վարդի կամ ընկույզի մուրաբայով։ Տոլման կամ տաք բորշն էլ էին օգնում։ Եթե մինչև քնելը խելքի չէիր գալիս, ասպիրինն ու պարացետամոլը կային։ Հետո՝ ալբուցիտ կար։ Մեկ էլ դառը, անդուր համով կալցիքլոր կար։ Չեմ հիշում՝ ինչի համար էր, բայց ես մի պահ զզվելով խմում էի։ Բայց ամենահետաքրքիրը նորսուլֆազոլն էր. ինչքան կուզեիր՝ կպահեիր, չէր հնանում, քանի որ հինսուլֆազոլ չէր լինում։ Եզան լեզուն թարախոտ վերքերի համար էր։ Կանաչ դեղ էլ կար, բայց մեր տանը երբեք չի եղել։ Էդ դեղը կանաչ հետքեր էր թողնում մարմնի վրա, որ օրերով չէին անցնում։
Բայց, սովորաբար, մենք ծայրահեղ դեպքում էինք դեղ խմում։ Բարձր ճնշումը ջերմուկ-մածունով էինք իջացնում, ատամի ցավը շիբով կամ տաքացրած աղով էինք կտրում, ստամոքսի այրոցը՝ սոդայաջրով, իսկ սրտի ծակոցը՝ հոգատարությամբ, փորդ լուծ էր՝ չոր հաց էիր կրծում, մատդ կտրում էիր՝ դնում էիր բերանդ, մինչև արյունը կտրվեր։
Մեր իմացած հանրամատչելի հիվանդություններն էլ շատ չէին։ Հիմնականը՝ մրսածության տեսակներն էին՝ գրիպ, անգինա։ Եթե մեկն ասում էր՝ հիվանդ եմ, չէիր հարցնում՝ ինչ հիվանդ ես, պարզ էր, որ մրսել ա՝ կա՛մ անգինա, կա՛մ գրիպ։
Անգինա՝ նշանակում էր կարմրած կոկորդ, թուքը կուլ տալիս իրանց ներկայության մասին հիշացնող ուռած նշագեղձեր, գլխում՝ մի քիչ երազկոտ ծանրություն, նշանակում էր՝ բերանդ բա՛ց արա, ասա՜՝ ա՜ա՜ա, թեյի գդալով սեղմված լեզու, որ կոկորդը երևա, ու՝ վա՜յ, քոռանա՛մ ես... հետո՝ տաք թեյ՝ վարդի մուրաբայով ու լիմոնով, եթե տանը լիմոն կար, թևի տակ լողացող ջերմաչափ, ու էլի՝ վա՜յ, քոռանա՛մ ես... մինչև քիթը քաշած վերմակ, տաս րոպեն մեկ փոխվող, ջրի մեջ կորած շապիկ, երբեմն՝ սպիրտով կամ քացախով շփում ու ասպիրին։ Անգինա՝ նշանակում էր, որ վաղը դպրոց չես գնալու ու թեկուզ հիվանդ, թեկուզ մի քիչ թույլ, բայց տոնի նման մի բան ես անելու։ Առավոտ շուտ վեր չես կենալու, ցերեկը տանը մենակ ես լինելու, հեռուստացույց ես նայելու էն ժամին, որ երբեք չես նայում, ու նոր ծրագրեր կամ ցերեկային մանկական ֆիլմեր ես հայտնաբերելու, պարապ-սարապ թավալ ես տալու անկողնում, երբ բոլորը դպրոցում են, խաղալու ես էն ժամին, երբ մյուսները հագած-կապած՝ գրատախտակի վրա խնդիր են լուծում, օրը ցերեկով հանգիստ պառկած հետաքրքիր գիրք ես կարդալու։
Հա՛, անգինան կարճ արձակուրդ էր։ Էդ հո գրիպ չէր։ Գրիպով տանը չէիր մնա՝ թաշկինակը դիր գրպանդ ու գնա դասի։ Էն ժամանակ ոչ ոք չէր վախենում վարակվելուց, ու չէինք էլ վարակվում, իսկ դիմակը դիմակահանդեսի համար էր։ Գրիպը պարզ ու հասկանալի հիվանդություն էր։ Էդ էն եր, երբ քթիցդ հոսում էր։ Ու ընդամենը մի տեսակի գրիպ էր, ուրիշը չկար։ Խոզի գրիպը հիվանդություն չէր, այլ խոզության տեսակ, իսկ կատաղած տավարը հայհոյանք էր։ Ո՜վ կմտածեր, որ մի օր բոլոր հայհոյանքները գրիպի տեսակներ են դառնալու՝ սուպերմարկետում իրար կողքի շարած հարյուր տեսակի մակարոնների նման։
Հիմա հիվանդությունները շատացել են, բարդացել են ու, որ ամենահետաքրքիրն ա, ծանրացել են։ Դեղերն էլ են շատացել ու հեչ դեղի նման չեն՝ գույնզգույն տուփերի մեջ, սիրուն նկարներով, մտնում ես դեղատուն, կարծես նկարչական սալոն մտնես։ Անգամ սովորական պահպանակն ա հնդկական սերիալների գովազդի նման փայլուն, գույնզգույն, քիչ ա մնում՝ երգի։ Բա մոմիկները, որ իրանց դառն ապագան լացելու ու ամոթից թաքնվելու փոխարեն՝ դեղատների ամենակարևոր տեղում են բազմել՝ արտասահմանյան ատրճանակի փամփուշտների նման։ Էլ չասած հետաքրքիր տուփերի մեջ վաճառվող գրիպի, անգինայի, փորկապության, փորլուծության ու հազար տեսակի ուրիշ դեղերը։
Ժամանակակից տան դեղատուփը կանացի պայուսակի նման ա՝ մեջն ինչ ասես՝ կա, բայց ոչինչ գտնել հնարավոր չի, ու ավելի լավ, որովհետև դեղերի մեծ մասի ժամկետը վաղուց անցած ա։ Ձեռդ չի գնում՝ էդ սիրուն տուփերը թափես։
Հենրիկ Պիպոյան