Ավոկադոն իտալացի փաստաբան չի, այլ մրգի ու բանջարեղենի միջև գտնվող բույս ա, որը երկուսից էլ վերցրել ա ամենաանհամը, ինչպես, ասենք՝ հայտնի ֆիզիկոսի ու հռչակավոր երգչուհու որդին կարող ա սովորական գորշ պատգամավոր լինել։ Եթե կորիզն ու կլեպը հանես, տակը բան չի մնա, բայց էդ մնացած մի քիչն էլ էնքան անհամ ա, որ մի մեծ դդումի չափ անհամություն ունի։ Ես սապոն չեմ կերել, բայց ինձ թվում ա՝ եթե սապոնը միրգ լիներ, էդ համը կունենար։ Պարզապես՝ սա ծամելիս չի փրփրում։
Ես առաջին անգամ ավոկադո տեսա, երբ Փարիզում էի։ Շատ զարմացա, ինձ թվաց՝ արևադարձային լիմոնի տեսակ ա։ Առա, բերեցի տուն։ Բացեցի, կորիզը հանեցի, փափուկ մասից մի քիչ կերա, մի քիչ էլ, մի քիչ էլ... Ու հասա կլեպին։ Բան չհասկացա՝ ծնոտների անիմաստ աշխատանք։ Կասկածեցի՝ միգուցե ուտելու մասը կորի՞զն էր կամ կլեպը։ Բայց ինձ ասեցին, որ ճիշտ եմ կերել։
Բայց մարդիկ ուտում են։ Դե, մարդն ուտում ա էն ամենը, ինչը ծամվում ա։ Ուրեմն՝ էս ավոկադոն խառնում են ինչ-որ ուրիշ բաների հետ՝ նենց, որ համը չզգացվի, հետո ուտում են ու ասում՝ համով էր։ Օրինակ՝ եթե վարունգով, պոմիդորով, սոխով, կանաչիով ամառային սալաթին ավոկադո խառնես, սալաթը կարելի ա էլի ուտել՝ սիրտդ չի խառնի, ու չես թունավորվի։ Եթե մի քիչ էլ աղ, բիբար, ձեթ անես, ավոկադոյի համը ընդհանրապես չես զգա։ Բայց եթե էդ համով սալաթին ավոկադոյի փոխարեն կտրտած ստվարաթուղթ էլ խառնես, էլի համով կլինի։ Սալաթն ա համով, ավոկադոն ի՞նչ կապ ունի։ Էդ նույնն ա, ինչ էշին խառնես ձիերի հետ ու ասես, որ շատ խելացի երամ ա։ Է՜, հա՛, ձիերի երամը խելացի ա, բայց էշն ի՞նչ կապ ունի։
Էժան էլ չի, է՜, իսկական իտալացի փաստաբանի գին ունի։ Երևի դրա համար էլ անունն ավոկադո են դրել։
Չէ՛, ա՛յ մարդ, եթե ինձ փաստաբան պետք լինի, ես իտալացիների հետ ի՞նչ գործ ունեմ, անգամ իտալերեն չգիտեմ։ Հայ փաստաբան կվարձեմ։ Կարող ա բադրջան դուրս գա։
Հենրիկ Պիպոյան