Հաղթարշավ…
Այսպես կանվանեմ 2026-ի մարտի 22-ին երևանյան մետրոյի նեղլիկ վագոնում բեմադրված նախընտրական «цирк шапито»-ի սադրիչ սցենարի ոչ միայն սրբագրիչ, այլև ակամա գլխավոր խմբագիր դարձած Արմինե Մոսիյանին որդու հետ պատկերող սույն դրվագը։
Որ է՛ կյանքով հաստատված ևս մեկ ապացույց հնուց անտի հայտնի իրողության՝ պատմությունը կերտում են ոչ թե ոմն հոգեգարի ուղղորդմամբ դատարկ դագաղներ շուրջպարի հանած ամբոխները, այլ այն անհատները, ովքեր նույնիսկ մետրոյի վագոնը բռնազավթած «шкаф-охранник»-ների ներկայությամբ կարողանում են պաշտպանել - անաղարտ պահել իրենց ներքին լուսավոր տաճարի վեհությունն ու անձեռնմխելիությունը։
Իկոնա դարձած խորհրդապատկերում միաձուլվել են զավակին թևի տակ առած Մայրը, Մատյանն ու Հայրենիքը՝ ստեղծելով հայ տեսակի աննահանջության նոր պատկերը։
Իրական հայելի, որին նայելիս «արագ սննդի» պես արհեստական «նիկոլիզմ & GO»-ն տեսնում է իր ախտորոշումն ու վախճանը, իսկ հայը՝ ազգի վերածնունդն ու հոգևոր վերելքը։
Մայրը, զավակն ուգիրքը, միասնական հայրենիքի ֆոնին, բարոյական այն հակաթույնն է, որը պետք է տարածվի հայության շրջանում՝ ճորտության, ուրացման, անասնության վիրուսից մեր ներսն ախտահանելու-առողջացնելու նպատակով։
Կոպի՞տ ստացվեց։
Թերևս։
Բայց այլ կերպ ո՞նց գրես, երբ հայ մատուցվող մի ոմն վերցնում է ներկայացված նկարը խզմզում կատաղախտի նոպայի մեջ ու գլխիվայր տեղադրում, դիցուք, Լևոն Ջավախյանի մետաֆորիկ Էսսե-սեղմագրի մեկնաբանությունների սյունյակում, զուգակցելով հայ գրողին ուղղված կեղտոտ հիշոցով (սույն «կատաղախտի էսթետիկա» գրոտեսկային կոնտրաստին կանդրադառնամ մեկ այլ հրապարակմամբ)։
ՈՒրիշ էլ ո՞նց արտահայտվես, երբ ծանոթանում ես արժանապատիվ հայուհուն և Արցախը թիրախավորած վճարով հայհոյող ֆեյքերի, ժամկետանց «тигровка»-ների, ատամնաթափ ջադուների ու «քյոփակ»-ների և մյուս բոլոր միաբջիջ նախակենդանիների լեզվական արտաթորանք-մեկնաբանություններին։
Էլ ո՞նց արտահայտվես, երբ իրազեկվում ես, թե անասնաֆերմայի որոշ բնակիչներ համացանցային սարդոստայնում ինչպես են պայմանավորվում․․․ ճշտել Արմինեի որդու դպրոցը։
Գործողություններ, որոնք դուրս են թե՛ քաղաքական պայքարի, թե՛ տարրական մարդկային առաքինության սահմաններից։
Բարոյական տեռոր է, երբ թիրախավորվում է անչափահաս երեխան՝ մոր քաղաքական հայացքների կամ արժանապատիվ կեցվածքի համար։
Միտումը հստակ է՝ հարվածելով ցանկացած ծնողի գարշապարին՝ երեխային, ոչ միայն կոտրում ես մորը, այլև վախի մթնոլորտ ստեղծում բոլոր նրանց մոտ, ովքեր այսուհետ ևս կհամարձակվեն ձայն բարձրացնել։
Սոցցանցային նման շնագայլերը «սնվում» են իշխանական հոտած ու կործանարար և հանրության միասնականությունը տրոհող ԶԼՄ-ների դեզինֆորմացիայով։
Այս տեսակը ստնտու լրատվամիջոցի նման պոռնկաբարո է, ստախոս ու ստահոդ, չունի դիմագիծ, չունի սկզբունք։
Չի հասկանում ինչ ասել է՝ դավանանք։
Քիփլինգի «Ջունգլիների» գրքից փախած սույն «տաբակի»-ների գործառույթը տարբեր դրսևորումներով «լինչ»-ի կազմակերպումն է։
Երեխայի դպրոցը փնտրելը ենթադրում է նախապատրաստել և իրականացնել հոգեբանական բռնություն մի էակի նկատմամբ, ով որևէ առնչություն չունի մեծերի պայքարի հետ։
«Շերխանի» թիկունքում թաքնված, նրա նետած կռճոններով սնվող և ամենաբարձրը կաղկանձող սույն բորենիներից, սրանց ֆեյքային ու իրական «հետևորդներից» այլ բան չէր էլ կարելի սպասել։
Եթե ջունգլիական կանոններով կառուցված համակարգի ղեկավարը կարող է մետրոյում անչափահասի ներկայությամբ մատ թափ տալ մոր վրա, ապա նրա «հետևորդներն» էլ համոզված են՝ իրենց թույլատրված է ավելին՝ գտնել երեխային և թունավորել նրա առօրյան։
Սա հավաքական ստորության պայթյունավտանգ խտացում է։
Այս լեշակերները սարսափած են Արմինե Մոսիյանի կերպարից, քանի որ նա ավելորդ անգամ ակամա ի ցույց դրեց իրենց առաջնորդի սնանկությունը, դավաճան էությունն ու պռտկերեսությունը։
Սրանց նպատակը մեկն է՝ լռեցնել ոչ միայն իրեց կուռքին ստորացնողին, այլև ցանկացած մոր, ով այսուհետ կմտածի ընդդիմանալ։ Երեխայի թիրախավորումը «նիկոլիզմի» վերջին փամփուշտն է, քանի որ բանական փաստարկները սպառվել են։
Հանուն «փրկչի» ասպարեզ մտած բոլոր երկոտանիներն էլ մարդկային գենը կորցրած, զուտ ատելություն արտադրող գործիքների վերածված «բարոյական հիբրիդներ» են։
Նրանց փնտրածն Արմինեի որդու դպրոցը չէ, այլ փոքրիկ արցախցու ապագան սպանելու արահետը։
Որովհետև թե՛ սույն գարշանքները, թե՛ նրանց ուղղորդող շնագայլերը համոզված են՝ երեխան մեծանալու է որպես նահատակված հերոս պապի ու իր մայրիկի արժանի զավակ և ուրացող տեսակի մերժող։
Շփոթված անչափահասը «նիկոլիզմի» համար խիստ է վտանգավոր, որովհետև նա Հիշողության և Ժառանգության կրողն է, իսկ այս վարչակարգը սնվում է հիշողության կորստով։
Քննարկվող համատեքստում խավարի մի շերտ էլ կա։
Հայ կինը, փսլինքն ու մաղձը միախառնած, հայհոյում է մեկ այլ կնոջ, որը համարձակվել է զավակի ներկայությամբ պահել իր արժանապատվությունը։
Սոցցանցային հայհոյախոս հատվածի արածը ոչ միայն քաղաքական կուրություն է, այլև կանացիության և մայրական բնազդի կատարյալ դեգրադացիա։
«Նիկոլիզմի» այս հոգևոր հարճերը սեփական ինքնությունը զոհաբերել են կավե ոտքերով իրենց կուռքին։
«Ատելության հաղորդալար» դարձած հիշյալ տեսակի համար կեղծ կուռքի հանդեպ մոլեռանդ հավատն ավելի բարձր է, քան կանացի համերաշխությունը կամ երեխայի հոգեբանական անձեռնմխելիությունը։
Իսկ հայրենի՞քը։
Սրանց պարագայում անիմաստ է հայրենիքի մասին խոսքուզրույցը։ Նմանների հայրենիքը կուշտ ստամոքսն է ու սեփական սառնարանի պարունակությունը։
Ի տարբերություն առասպելական Մեդեայի, որը անձնական վրեժխնդրությունից կուրացած սառնասրտորեն սպանեց իր և Յասոնի որդիներին, հայկական արտադրության մեդեաները պատրաստ են բարոյապես սպանելու ազգակցի երեխային կամ մորը՝ հանուն քաղաքական «պաշտամունքի»։ Նրանց մեջ մեռել է գթասրտության և խղճի այն առանցքը, որը դարերով եղել է հայոց աշխարհի փափկասուն տիկնանց վեհ տեսակը պահողը։
Սրանք հայտնի անասնաֆերմայի այն երկոտանիներն են, որոնք սոցցանցային անանունության կամ «համատարած ատելության» քողի տակ իրենց թույլ են տալիս բացելու կեղտոտ երախներն ու թույն արտազատելու, ինչը նորմալ հասարակության մեջ կհամարվեր հոգեկան հիվանդություն կամ քրեորեն պատժելի արարք։
Նրանք ոչ թե շփոթել են ճիշտն ու սխալը, այլ կորցրել են բարոյական կողմնացույցը՝ չարը համարելով բարի, իսկ ստորությունը՝ «արդարություն»։
Արմինե Մոսիյանի արժանապատիվ կերպարը սրանց համար հայելի է, որտեղ տեսնում են սեփական տգեղության արտացոլանքն ու նվաստացումը։ Հայհոյելով նրան, փորձում են ցեխոտել այն մաքրությունը, որը կորցրել են՝ ինքնակամ դառնալով Արցախն ուրացողի, Եռաբլուրը մի քանի անգամ ընդարձակողի աշխատավարձով հայհոյողները։
Այս տեսակը գիտակցաբար, թե անգիտակցաբար կատարում է «իշխանական պատվերը»՝ ստեղծելով տպավորություն, թե «ժողովուրդը» (իրականում՝ ամբոխը) դատապարտում է արժանապատվությունը։
Երբ Աստծո արարածը դառնում է երեխայի դեմ իրականացվող հոգեբանական բռնության մասնակից կամ հրահրող, նա դադարում է լինել մարդ՝ վերածվելով չարիքի մեխանիզմի փոքրիկ պտուտակի։
Բարոյական անկման շրջապտույտում, որտեղ ուրացման ոգին փորձում է իջեցնել բոլորին և տեղավորել դավաճանության դժգույն ու գորշ երանգներով կառուցված համայնապատկերում, իսկական լույսի շող է մեր օրերի ինքնատիպ «մայր Հայաստան» դարձած այս կերպարը։
Ձախ ձեռքով կրծքին սեղմած մատյանը պատահական դետալ չէ։ Այն խորհրդանշում է բանականությունն ու նախնիներից ժառանգած ազգայինը ու մեկ անգամ ևս արձանագրում՝ գենետիկ հայը մեղրածոր ժպիտով չի ձուլվի Էրդողանի շարադրանքին։
Երբ մետրոյի վագոնում դիմացինը, մակերեսային PR տեխնոլոգիաների կիրառմամբ, պնդաճակատորեն փորձում է պարտադրել «նոր քարտեզ» կրծքանշանը, կինը կառչած է մնում գիտելիքին և իր նախնիների մշակույթին։
Գիրքը կրծքին սեղմելը նաև նշանակում է՝ ազգային ինքնությունը պահպանել նույնիսկ այնտեղ, որտեղ թելադրող են գռեհկությունն ու աղմուկը։
Հետաքրքիր սիմվոլ է և մոր աջի տակ ծվարած փոքրիկը։
Մայրը պաշտպանում է զավակի ոչ միայն ֆիզիկական անվտանգությունը, այլև որդու հոգեկան աշխարհը՝ փորձելով զերծ պահել նրան տարօրինակ վարքագծով մեծերի քաղաքական սադրանքներից ու գոռոց-սպառնալիքներից։
Անչափահասի հայացքը՝ դեպի անորոշություն, հայ հանրության ներկա վիճակի արտացոլումն է։ Այն հայի, որը շարունակում է սեփական ապագան փնտրել Մոր՝ Հայրենիքի թևերի տակ։
Կնոջ թիկունքում ներկայացված Հայաստանի քարտեզ-դրոշն այս պատկերի գաղափարական հենքն է։
Սա անմիջապես հիշեցնում է մոր՝ նվիրատու-ահաբեկչին ուղղված խոսքերը, թե երեխան «հասկանում ա Արցախ ու Հայաստան՝ միասնական»։
Սա ուղղակի մարտահրավեր է այն «կրծքազարդ-քարտեզին», որն ուժով փորձում են նվիրել երեխային կամ խցկել նրա բուռը։
Պատկերի քարտեզը ոչ թե թիթեղյա անորակ խաղալիք է, այլ կենդանի ցավ է և կորսված տուն, որը դեռևս կա մարդու հիշողության ու ինքնության մեջ։
Կնոջ լռությունը, զսպվածությունը, անձայն հուզականությունը ձուլվում և դառնում են այն պատնեշը, որին բախվում և փշրվում է «նիկոլիզմի» ալիքը։
Իկոնա դարձած խորհրդապատկերն այն Հայաստանն է, որը չի գոռում, չի հայհոյում, բայց չի՛ էլ նահանջում։
Եվ տոնում է իր հաղթարշավը, որովհետև ճշմարիտ է։ Սոցցանցերի «ֆեյքային» բանակները կարող են հազարավոր մեկնաբանություններ գրել, բայց նրանք չեն կարող ստեղծել կերպար, որն այդքան խտացված ձևով փոխանցի ազգային ողբերգությունն ու միաժամանակ՝ վերածննդի հույսը։
Իկոնա խորհդապատկերը, որը ծնվել է մարտի 22-ի միջադեպից և վերածվել սիմվոլիզմի, իրականում հայկական նոր պատմագրության ամենաազդեցիկ վիզուալ կոդերից մեկն է։ Այն ոչ միայն «նիկոլիզմի» հակադրությունն է, այլև դրա բարոյական ու գեղագիտական հակապատկերը։
Այն ուղերձ է հայ մարդուն, որ մեր երկիրը գրաված չարիքի հեռացումը ոչ թե քաղաքական ընտրություն է, այլ յուրաքանչյուր հայի սրբազան պարտքը։
Եվ մեր ռազմավարությունը պետք է լինի.
Որակի հաղթանակը գռեհկության նկատմամբ։
Ճշմարտության հաղթանակը ստի նկատմամբ։
Արժանապատվության հաղթանակը վախի նկատմամբ։
Պատմությունը բազմիցս է արձանագրել՝ «ճորտալեզու ամբոխը» վերածվում է ազգի, երբ գտնում է իր բարոյական հենարանը։
Իսկ հզոր այդ հենարանը մեր սրբություններն են, անցյալը, հավաքական հիշողությունը և անկոտրում հայուհու իկոնա դարձած կերպարը, որը մարդաշատ վագոնում միայնակ ապացուցեց՝ «նիկոլիզմը» կարող է գրավել վարչապետի ու նախարարական աթոռներ, բայց երբե՛ք չի գրավի հայ մարդու խիղճն ու հոգին։
ՈՒրեմն, հայ մարդ, տե՛ր կանգնիր քո Մորը, քո Զավակին, քո Գրքին ու քո Հայրենիքին։
Հաղթիր վախին քո ներսում և չարիքը կփլուզվի սեփական դատարկությունից։
Սուտը կարող է աղմկել, բայց միայն Ճշմարտությունն ունի ապագա։
Սա՛ է մեր ճանապարհը։
Սա՛ է մեր վերածնունդը։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ