Թույլ քաղաքական ենթակառուցվածքի առկայության և արդյունավետ կառավարման համակարգի բացակայության պայմաններում երկրի տնտեսական կյանքի խաթարումը կամ կոլապսը կարող է հանգեցնել ոչ միայն սոցիալական և քաղաքական խնդիրների, այլև՝ պետության փլուզման վտանգի:
Ներքոթվարկյալ որոշ գործոնների ու ցուցանիշների վերլուծությունը վկայում է մեր երկրի տնտեսության հնարավոր խոցելիության և երկարաժամկետ տնտեսական ու քաղաքական ապագայի երաշխիքների բացակայության մասին։
1.ՀՆԱ-ում ոչ արտահանելի հատվածի գերակայություն՝ ներքին սահմանափակ համախառն սպառման պայմաններում
ՀՆԱ-ի կառուցվածքում տնտեսական աճ ապահովող ոլորտները ներքին սպառման բավարարմանն ուղղվածություն ունեցող՝ ոչ արտահանելի ոլորտներն են (առևտուր, ծառայություններ, շինարարություն և այլն): Ներքին սպառման ցածր մակարդակը փոքր և ոչ բարձր գնողունակությամբ բնակչություն ունեցող երկրում սահմանափակում է շուկան և տնտեսական աճի հնարավորությունները։ Նման իրավիճակը տնտեսությունը դարձնում է անկայուն և ներքին և արտաքին ցնցումներին չդիմակայող:
2. Զարգացած արդյունաբերության բացակայություն
Տնտեսության «ավանդական» արտահանելի հիմնական ոլորտը հանքարդյունաբերությունն է, որը կազմում է ՀՆԱ-ի 3-4%-ը։ Միևնույն ժամանակ, մշակող արդյունաբերությունը կազմում է ՀՆԱ-ի 11-13%-ը, որի զարգացման տեմպերը հիմնականում կախված են արտաքին գործոններից, մասնավորապես՝ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններից։ Արդյունաբերական թերզարգացած բազայի, վերաարտահանման գործոնի և «հանքահումքային» արտահանման առկայությունը մեծացնում են հումքի համաշխարհային գների տատանումներից կախվածությունն ու խոցելիությունը՝ միաժամանակ վկայելով ներքին արտադրության թուլության մասին։
3. Արտաքին առևտրական բացասական հաշվեկշիռ
2024թ․ ութ ամսվա կտրվածքով արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 2․3 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտաքին առևտրի զգալի դեֆիցիտը վկայում է երկրի՝ ներմուծումից կախվածության մասին և, խոշոր հաշվով, հանգեցնում է արտարժութային պահուստների արտահոսքի, ինչը մեծացնում է ֆինանսական ռիսկերը։
4. Պարտքի բարձր մակարդակ
Պետական պարտքը 2024թ․ օգոստոսի վերջի դրությամբ կազմում է 12․5 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 51%-ը (կանխատեսվում է, որ 2027թ. Ավարտին այն կաճի մինչև 55%): ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի բարձր մակարդակը վկայում է զգալի պարտքային բեռի առկայության մասին, որը սահմանափակում է ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական ծրագրերում ներդրումների հնարավորությունները:
5. Հետազոտության և զարգացման (R&D) և տեխնոլոգիական առաջաընթացի մեջ ցածր ներդրումներ
Մեր երկրում R&D և տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների մակարդակը չափազանց ցածր է, ինչը սահմանափակում է տնտեսության նորարարական ներուժը և մրցունակությունը՝ բացասաբար ազդելով երկարաժամկետ աճի հեռանկարների վրա:
6. Տնտեսության դիվերսիֆիկացիայի շատ ցածր մակարդակ
«Որակական» իմաստով տնտեսության դիվերսիֆիկացիա, ըստ էության, գոյություն չունի։ Դիվերսիֆիկացիայի բացակայությունը մեծացնում է տնտեսության՝ մի քանի հիմնական ոլորտներից կախվածության հետ կապված ռիսկերը: Նման դիվերսիֆիկացիայի բացակայությունը տնտեսությունը դարձնում է ավելի զգայուն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ։
7. Անորակ պետական կառավարում և ինստիտուտներ
Պետական ինստիտուտների և պետական կառավարման որակը չափազանց ցածր է, ինչը ազդում է երկրի ներքին զարգացումը պահպանելու և արտաքին ցնցումներին դիմակայելու ունակության վրա: Թույլ պետական ինստիտուտները սահմանափակում են տնտեսական քաղաքականության արդյունավետությունն ու մարտահրավերներին արձագանքելու և կայունությունը պահպանելու գործընթացը կառավարելու կարողությունը:
Այսպիսով, մեր երկրի տնտեսությունը խոցելի է ներքին սահմանափակ շուկայի, ներմուծումից և պարտքային մեծ կախվածության, թույլ արդյունաբերական բազայի և տեխնոլոգիաների ոլորտում ցածր ներդրումների պատճառով։ Հետազոտության և զարգացման (R&D) ներդրումների ցածր մակարդակը և տնտեսության «որակական» դիվերսիֆիկացիայի բացակայությունը սահմանափակում են երկարաժամկետ կայուն աճի հնարավոր աղբյուրները: Քաղաքական անկայունության պայմաններում պետական պարտքի բարձր մակարդակը և կառավարման վատ որակը կարող են հանգեցնել տնտեսական և սոցիալական կոլապսի, ինչն իր հերթին ռիսկեր է ստեղծում ոչ միայն քաղաքական կայունության, այնպես էլ՝ պետության ապագայի համար:
Դավիթ Անանյան