Մթի, ցրտի, սովի տարիներն էին։
Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո` մի քանի տարի անց, գործուղվել և գերազանցությամբ ավարտել էի ՌԴ Նիժնի Նովգորոդի (Գորկու) բարձրագույն քաղաքական դպրոցը, ընդունվել Նիժնի Նովգորոդի Մ. Լոբաչևսկու անվան պետհամալսարանի ասպիրանտուրա։
Հաստատվել էր թեզի թեման (Արցախյան հիմնախնդրի գիտական-գաղափարական հայեցակարգերը), «գերազանց» հանձնել էի «մինիմումները», տեղի պարբերականներում տպագրվել էին պահանջվող համապատասխան գիտական հոդվածները։ Մի խոսքով, կարծես ամեն ինչ ըստ կարգի ավարտել էի։ Մնում էր թեզի պաշտպանությունը։
Եվ... արմատական, գաղափարական տարաձայնություններ գիտական ղեկավարիս (ազգությամբ բելոռուս էր, ազգանունը` Բիչուչ) համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ակադեմիայի թղթակից-անդամ) և իմ միջև։ Պատճառն այն էր, որ ես Արցախի հարցը դիտարկել էի որպես գլոբալ հիմնախնդիր։
... Ամենօրյա մեր վեճերը (անգամ` Արցախ-Ղարաբաղ անվանման հարցի շուրջ) վերածվեցին գիտական բախումների, ավելին` օրեցօր ավելի սաստկացան։
Նա` օտարը, այլազգի գիտնականը այդպես էլ չհասկացավ (կամ` չցանկացավ) իմ` հայի ցավը, նրա համար Արցախի հիմնախնդիրը` որպես գլոբալ, այդպես էլ անհասկանալի, անընկալելի մնաց։
Հետո` Հայաստանի ու Արցախի շրջափակում, ազգամիջյան բախումներ, փակ-փակված ճամփաներ։
...Ցավոք, «դիսերտացիա»-ն (գիտական թեզը) Նիժնի Նովգորդում չպաշտպանեցի։
...Վիրավորված ու զայրացած վերադարձա Հայաստան։ Տարիների տքնաջան աշխատանքս (նաև` ձեռքիս տակ մնացած արխիվային բացառիկ ուսումնասիրություններս) բառի ամենաուղիղ իմաստով` նետեցի կրակների մեջ (այն ժամանակ` շրջափակման տարիներին, բոլորիս տներում վառելափայտի վառարաններ կային)։
Բազում տարիներ են անցել։ Ամեն անգամ վերհիշելիս և Արցախի հարցը միջազգային ատյաններում քննարկվելիս դառնացած տխրում եմ։
...Այնպես կուզենայի բելոռուս պրոֆեսորը ողջ լիներ ու տեսներ, որ Արցախի հիմնախնդիրը ոչ միայն գլոբալ, այլև աշխարհի գերտերությունների «մտահոգության» խնդիրն է։
...Հայի վշտին ու ցավին օտարն անհաղորդ է։
Ափսոս...
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ.
Ժամանակ անց գործերս մեծ դժվարությամբ տեղափոխեցի ՌԴ Լենինգրադի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարան։
Ցավոք, շատ բաներ ստիպված վերախմբագրեցի, վերանայեցի, բավականին դժվարություններ հաղթահարելով, ի վերջո, պաշտպանեցի, բայց դառնությունը մնաց...