Եվրոպական խորհրդի նոր նախագահ Անտոնիո Կոշտան, Կիև կատարած այցի ընթացքում, ՈՒկրաինային Եվրամիությանն անդամակցելու գործընթացում արագ առաջընթաց է խոստացել։ Նրա հավաստմամբ՝ մինչև տարեվերջ 4,2 միլիարդ եվրո կհատկացվի ՈՒկրաինայի բյուջեին աջակցելու համար։ «Մենք այդ միջոցները ստանում ենք ռուսական սառեցված ակտիվների օգտագործումից, և դրանք կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով»,-ընդգծել է Կոշտան։               
 

Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը

Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
23.10.2024 | 19:14

Հայաստանյան մի շարք ԶԼՄ- ներ համեմատաբար վերջերս հղում կատարելով իրանական «Mehr» նորությունների գործակալությանը, մեկը մյուսի հետևից սկսեցին տեղեկություններ հրապարակվել առ այն, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ասելով, որ այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են:

Ըստ այդ հրապարակումների, սեպտեմբերի 15- ին խորհրդարանի բաց նիստում Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները վերջերս հավակնություն են ներկայացրել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, և այդ հարցն անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, ուստի արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ պետք է խիստ նախազգուշացում անի ռուսական կողմին։

Բացի այդ, ինչպես ներկայացվեց նույն հրապարակումներով, ըստ Մալեքիի, Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի և Հայաստանի գործերին, ինչն Իրանի համար անընդունելի է, և նրանք պետք է նախազգուշացվեն:

Եթե այս տեղեկատվության հրապարակումն իրենց ընթերցողներին վաղուց և անթաքույց կերպով Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ տրամադրելու, թշնամացնելու նպատակ հետապնդող ու բացահայտորեն Հայաստանի ազգային անվտանգության դեմ գործող իշխանական, սորոսական, ՔՊ- ական կամ արևմտյան թևի լրատվամիջոցների կողմից լիովին հասկանալի է, ապա ինչպե՞ս մեկնաբանել և ի՞նչ գնահատական տալ, երբ նույն տեղեկատվությունը հրապարակեցին նաև հանրությանն իբրև ընդդիմադիր հայտնի որոշ ԶԼՄ- ներ… Մնում է եզրակացնել, որ կամ այդ լրատվամիջոցներում «լրատվական քաղաքականություն» ասվածը շրիշակի մակարդակի վրա է, կամ նրանք էլ նվագում են նույն արևմտյան լարի վրա:

Նիկոլական և որպես ընդդիմադիր հայտնի որոշ ԶԼՄ- ներ ավելի վաղ, դեռ սեպտեմբերի 8- ին հրապարակել էին իրանցի նույն պատգամավորի մեկ այլ հայտարարություն, որով նա տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի իբր երկակի ստանդարտները և «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ՌԴ ցանկությունը «թիկունքից հարված» է անվանել և հավելել, որ «Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ «Զանգեզուրի միջանցքին» աջակցելու վերջին դիրքորոշմանը», ինչպես նաև ընդգծել, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարելի հատել որևէ սպառնալիքով։

Եվ ի՞նչ ունենք մենք այս և հակառուսական ուղղվածություն ունեցող այլ տեղեկությունների հրապարակման արդյունքում. կարդալով դրանք, ընթերցողների, ցավոք, ոչ փոքր մասը մտածում է՝ եթե այս մասին գրել են ոչ միայն նիկոլական, այլ նաև մեր ընդդիմադիր, հայրենասեր լրատվամիջոցները, ուրեմն, ճի՛շտ է, Ռուսաստանն էլ մեր թշնամին է, ինչպես Ադրբեջանը և Թուրքիան, ուրեմն ռուսն էլ թուրքից չի տարբերվում: Եվ ոչ միայն մտածում են, այլև ասում, խոսում այդ մասին իրենց շրջապատում, գրում այդ մասին սոցիալական ցանցերում, և արդեն իսկ թունավորված լինելով հակառուսականության թույնով, դրանով թունավորում նաև ուրիշներին: Արդյոք քանի՞սն են պատկերացնում այս ամենի ահավոր հետևանքները…

Վերոնշյալ տեղեկությունը հրապարակած ԶԼՄ- ների խմբագիրներից և հիշյալ տեղեկատվությունը կարդացածներից քանի՞սն իրեն հարց տվեցին, թե ընդհանրապես ո՞վ է Ֆադա Հոսեյն Մալեքին: Նա Իրանի գերագույն հոգևոր առաջնո՞րդն է, նախագա՞հն է, փոխնախագա՞հն է, վարչապե՞տն է, խորհրդարանի նախագա՞հն է, կամ, թեկուզ, խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավա՞րն է… Ո՛չ իհարկե, ընդամենը հիշյալ հանձնաժողովի անդամ: Իսկ ինչ- որ գաղտնիք կամ նորությո՞ւն է, որ այս կամ այն պետության խորհրդարանում, անգամ Իրանի խորհրդարանում ինչ ուժերի ներկայացուցիչներ ասես կարող են լինել՝ անկախ նույնիսկ իշխանական կամ ընդդիմադիր ճամբարում լինելու հանգամանքից (Հայաստանի խորհրդարանը վկա…):

Հնարավոր չէ՞, որ Ֆադա Հոսեյն Մալեքին Իրանի բազմահազար թյուրքախոս ազերիներից մեկն է և, միաժամանակ, ադրբեջանամետ, կամ պարզապես Իրանում Ադրբեջանի ազդեցության գործակալ, ադրբեջանական շահերի լոբբինգով զբաղվող, որն իր այս հայտարարությամբ նպատակ է դրել իրանցիներին, բայց, առաջին հերթին, հայերիս տրամադրել ՌԴ- ի դեմ ու դրանով իսկ Բաքվի նպատակներից մեկը դարձնել իրականություն: Բացառված չէ Մալեքիի՝ նույնիսկ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ լինելու հնարավորությունը:

Հնարավոր չէ՞, որ Մալեքին գործակալ չլինելով, հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» (իրականում՝ Ադրբեջանից Նախիջևան ավտոճանապարհի) առնչությամբ ռուս պաշտոնյաների հավակնությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի գործերին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ինչ- ինչ պատճառներով սխալ տեղեկատվություն ու շատ թյուր կարծիք ունենալու հետևանքով … Դա ևս հնարավոր է:

Իսկ ո՞րն է իրականությունը Ադրբեջանից Նախիջևան ավտոճանապարհի վերաբերյալ ՌԴ դիրքորոշման հարցում: Ռուսաստանն անցած ժամանակաընթացքում հենց ինքն է քանիցս հանդես եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեմ: Այստեղ հարկ է ընդգծել, որ «միջանցքն» իր իմաստով, բովանդակությամբ էապես տարբերվում է ճանապարհից՝ տրանսպորտային հաղորդակցության ուղուց: Միջանցքի և ճանապարհի կարգավիճակները բոլորովին տարբեր են:

Ադրբեջանին և Նախիջևանին Հայաստանի տարածքով միմյանց հետ տրանսպորտային հաղորդակցության համար միջանցք տրամադրելը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, որովհետև Հայաստանի մաքսային, սահմանային ծառայությունները, «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը, ոստիկանությունն այդ միջանցքում ուղևորների, տեղափոխվող բեռների ստուգում իրականացնելու և այլ առումներով որևէ իրավազորություն չեն ունենալու: Միջանցքին, ի տարբերություն ճանապարհի, տիրապետելու է Ադրբեջանը, այնտեղ Ադրբեջանի մաքսային, սահմանային ծառայությունների, ոստիկանության, անվտանգության ծառայության իրավազորությունն է լինելու:

Այս ամենը հաշվի առնելով, Ռուսաստանը՝ հանձին իր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, դեռ 2021թ. նոյեմբերի սկզբին հանդես է եկել միջանցքի բացման դեմ՝ հայտարարելով, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են:

Նիկոլ հայադավի հետ հանդիպման ժամանակ պարոն Օվերչուկն անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, շեշտել է, որ տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հետ կապված լուծումները, առաջին հերթին, հիմնվում են նրա վրա, որ «ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»:

Նույն Օվերչուկը շուրջ մեկ տարի անց, 2022թ. սեպտեմբերի վերջին դարձյալ հայտարարել է Հարավային Կովկասում արտատարածքային միջանցքների ստեղծման անհնարինության մասին: ՌԴ փոխվարչապետը մասնավորապես հայտարարել է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը (գլխավորում են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները) մշակում է որոշումներ՝ խստորեն ելնելով կողմերի ինքնիշխանության սկզբունքից, տարածաշրջանում արտատարածքային որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք լինել չի կարող:

«Ռուսաստանը միշտ աջակցել է կողմերի ինքնիշխանության սկզբունքին և հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9- ի և 2021 թվականի հունվարի 11- ի հայտարարությունների դիրքերում,- ասել է Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»- ին տված հարցազրույցում։- Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում որևէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտեր կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չի գնում և չի կարող գնալ»:

ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ «եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով աշխատանքի հենց սկզբից ռուսական կողմի մոտեցումը քննարկվող բոլոր հարցերի նկատմամբ չափազանց միանշանակ է եղել և պարզ՝ բանակցային ճանապարհով ապահովել երեք երկրների ղեկավարների համաձայնեցված նպատակի իրագործումը», և հավելել, որ ՌԴ դիրքորոշումն այդպիսին էլ մնում է:

Նրա խոսքով՝ «կարևոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով է անցնում ճանապարհը»:

«Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական, ապա ադրբեջանական»,- նշել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետն ընդգծել է. «գործնականում այդ սկզբունքի իրականացումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ (ն) կառուցված ճանապարհներով Ադրբեջանից Հայաստանի տարածք մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային և անձնագրային հսկողության այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողություն կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս»։

Թե ինչ է նշանակում Օվերչուկի ասածը, դեռ կպարզաբանենք…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ