Մերձավոր Արևելքում ԱՄՆ զորքերի տեղակայման վայրերից հեռանալու վերաբերյալ ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) կոչը խաղաղ բնակչությանը՝ առիթ է տալիս անդրադառնալու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային ծրագրին։
Ակնկալում ենք, որ ընդդիմադիր դաշտում օբյեկտիվ քննադատությունը չի ընկալվի որպես հակաընդդիմադիր քայլ, և մենք չենք արժանանա այն վերաբերմունքին, որին արժանանում էին մեր հայրենակիցները մինչև 2018 թ. իշխանափոխությունը՝ սեփական կարծիքն արտահայտելու համար։
Իրանի շուրջ ռազմական էսկալացիայով պայմանավորված զարգացումները ստիպում են վերլուծել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ անհայտ ծագում ունեցող «գեներալների» և զինվորական համազգեստով որոշ անձանց հիացական ծափահարությունների ներքո։
Խորին հարգանք տածելով ծրագրի համակարգող Արթուր Ավանեսյանի և նրա մարտական ուղու նկատմամբ՝ ընդգծում ենք, որ նման ծրագրերի գնահատականը պետք է լինի օբյեկտիվ, բազմակողմանի և հիմնված մասնագիտական, այդ թվում՝ բարձրագույն ռազմական կրթություն ունեցողների վերլուծության վրա։
Հաշվի առնելով, որ Իրանը տարածաշրջանային ազդեցիկ դերակատար է և 2020 թ.-ից ի վեր, ըստ էության, հստակ «կարմիր գծեր» սահմանելով՝ ապահովում է Սյունիքի անվտանգությունը Ադրբեջանի հնարավոր ոտնձգություններից, «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնությունը մտահոգիչ է։ Իսրայելցի ՀՕՊ գեներալի գլխավորությամբ, ՆԱՏՕ-ի երկրների փորձագետների մասնակցությամբ և հետախուզական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հուշագրերի կնքումը կարող է վկայել ռազմաքաղաքական վեկտորի կտրուկ վերանայման մասին՝ շրջանցելով մեր ռազմավարական գործընկերոջ շահերը։
Անդրադառնալով ծրագրի սոցիալական բաղադրիչին՝ ժամկետային զինծառայողներին նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն տրամադրելու դրույթը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր։ Քանի որ զինծառայողները գտնվում են զորանոցային պայմաններում, և նրանց կենսական կարիքները հոգում է պետությունը, նման ֆինանսավորումը կարող է նպաստել ներբանակային դրամահավաքների ու խաղամոլության զարգացմանը։
Զինվորական ծառայության ավարտին անվճար բարձրագույն կամ մասնագիտական կրթության տրամադրումը ողջունելի է, սակայն «պետությունը պարտավոր է ապահովել» ձևակերպումը պետք է փոխարինվի «պետությունը պարտավորվելու է ապահովել» տարբերակով՝ որպես իրական ծրագրային պարտավորություն, այլ ոչ թե նախընտրական սոսկալի ցանկություն։
Վետերանների համար երկարաժամկետ բժշկական և հոգեբանական աջակցությունը, արտոնյալ բնակարանային ծրագրերն ու աշխատանքի առաջնահերթությունը ևս կարևոր են։ Սակայն հարկ է նշել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով արդեն իսկ ամրագրված են զինվորական կենսաթոշակառուների և մարտական գործողությունների մասնակիցների անվճար բժշկական սպասարկման իրավունքները։ Ուստի բնակարանային և աշխատանքային արտոնությունների դրույթները պետք է հստակեցվեն՝ նախընտրական պոպուլիզմի տպավորությունից խուսափելու համար։
Արթուր Ավանեսյանի այն եզրակացությունը, թե յուրաքանչյուր մարզում պետք է գործի ՄՈԲ (զորահավաքային) ռեսուրսի ստորաբաժանում, հրատապ է։ Այնուամենայնիվ, ՀՀ Զինված ուժերի ձևավորման պահից ի վեր ՄՈԲ առաջադրանքներն արդեն իսկ ամրագրված են համապատասխան իրավական ակտերով։ Խնդիրն այն է, որ 2018 թ.-ից հետո կադրային սխալ քաղաքականության պատճառով այդ դրույթները լիարժեք չեն կենսագործվում։
Հ.Գ.
Դեռևս այսքանը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն