Հին խոսք կա. «Սատանան որ ուզում է մեկին կործանել, նախ խելքն է առնում»: Վե՛րջ: Սատանան էլ անելիք չունի, հանգիստ կարող է մի կողմ քաշվել ու չարախինդ սպասումով հետևել ընդամենը, թե երբ է խելապակասն իր ձեռքով իր հարցերը լուծում:
«Սատանա է մտել քիթը». սա էլ է հին խոսք, որ հաճախ ուղղվում է նրանց, ովքեր բացահայտ սխալ քայլ անելու ճանապարհին են: Կամ էլ՝ «խելքը հացի հետ է կերել», որ նույնն է, թե՝ ստամոքսի խաթեր խելամտությունը դրել է մի կողմ:
Թե ինչ տեսք ունի այդ ընկած հրեշտակ-սատանան և ոնց է հաջողացնում մարդու խելքն առնել կամ մտնել քիթը, մնում է անհայտ, իսկ որ կարողանում է նաև մարդկային հոծ զանգվածների խելքը հացի հետ խառնել, սա արդեն իրոք առեղծված է:
Մեկը՝ մենք, ավելի ճիշտ, հայերիս մի ստվար հատվածը, որ գրողի ծոցն է ուղարկել ողջամտությունն ու հոժարակամ ընդառաջ է գնում սեփական անկումին: Ո՞նց չմտածես, որ սատանայի մատը հաստատ խառն է էստեղ, անկախ նրանից, թե ում է ընտրել որպես թիրախ՝ տուն պահող հացկատակի՞ն, պատեհապաշտ քաղքենու՞ն, թե՞ դիմազուրկ ամբոխին:
Ուրիշ բացատրություն ունի՞ 2018-ից սկսված ու համազգային այսքան աղետներից հետո էլ շարունակվող ապուշացման համաճարակը: Մարդ չգիտի՝ խղճա՞ անմտության համախտանիշով վարակված այս զանգվածին, թե՞ թափ տա ձեռքը՝ անհուսորեն դատապարտված համարելով: Դրա նախադեպն էլ ունենք՝ 2021-ին ձեռքներս թափ տվեցինք, իբր, «ոչ խելք ունեն, ոչ մեղք», տված վնասներն ի՞նչ պիտի լինի: Էն եղավ, ինչ եղավ: «Սատանայի տեղապահ», համատեղությամբ էլ վարչապետ աշխատողը նույն այդ զանգվածի քվեով լեգիտիմության այնպիսի քարտ-բլանշ ձեռք գցեց, որ հիմա դեմն առնել չի լինում: Այսօր էլ շատերը հակված են կարծելու, թե խելք չունեցողը մեղք էլ չի ունենում, իրավական լեզվով՝ տկարամիտ ես, անմեղսունակ ես ուրեմն, մինչդեռ մերօրյա դաժան իրողությունները փաստում են ճիշտ հակառակը: Զանգվածային անմտությունը 2018-ին ցատկահարթակ դարձրած ճարպիկ «տեղապահը» ութ տարի օխլոսի խելքն ուտելու գործում այնքան հմտացավ, որ սատանան արդեն հանգիստ կարող է արձակուրդ գնալ:
Լավ, իսկ ի՞նչ են անում հանրության խելամիտ հատվածի քվեն ակնկալող և «ուրախների ու հնարամիտների» այս խրախճալից «ավտոբուսը» երթուղուց հանելու հայտ ներկայացրած «գիտակները»: Փորձում են վերաիմաստավորել մի ուրիշ հին խոսք, որ տեղը-տեղին, կարծես մոռացվել է. «Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ սեղան մի նստիր»: Ստացվու՞մ է: Առայժմ՝ ոչ: Առայժմ միակ գիտունի մենաշնորհ ձեռք բերելու, մյուս հավակնորդներին գիտունիկի կարգավիճակում թողնելու գործով են զբաղված:
Իսկ ընտրություններին մնաց 67 օր:
Լիլի Մարտոյան