Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք
Սկիզբը՝ այստեղ
ԱՄՆ- ում արդեն հայտարարել են, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտություն է սկսել, ու հավելել, որ վտանգված է մարդկության գոյատևումը:
ԱՄՆ- ում արդեն հայտարարել են, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտություն է սկսել, ու հավելել, որ վտանգված է մարդկության գոյատևումը:
ԱՄՆ- ն մտել է Ռուսաստանի հետ ուղիղ դիմակայության փուլ՝ թույլ տալով Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներով հարվածել ՌԴ տարածքին: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ամերիկացի ռազմական վերլուծաբան և նախկին հետախույզ Սքոթ Ռիտերը:
Փորձագետի խոսքով՝ Վաշինգտոնն ու ՆԱՏՕ- ն օգնել են Կիևին պլանավորել Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ, և արևմտյան զենքով հարվածելու թույլտվությունն արդեն իսկ խոսում է հակամարտությանն ԱՄՆ- ի անմիջական մասնակցության մասին:
«ԱՄՆ- ն այժմ գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմի վիճակում»,- գրել է Ռիտերը։
Ինչպես ճշմարտացիորեն նշել է վերլուծաբանը, նման քայլը կապված է հուսահատության հետ, որն առաջացել է մարտի դաշտում Ռուսաստանի մոտալուտ հաղթանակի հեռանկարի և ԱՄՆ- ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի պատճառով, որը, ըստ Ռիտերի, ցանկանում է կանխել հետագա էսկալացիան:
Փորձագետի հավաստմամբ, նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է բարձրացնել լարվածության աստիճանը՝ դրանով իսկ ստիպելով Թրամփի թիմին հավատարիմ մնալ նույն ուղեգծին:
«Ամերիկայի և աշխարհի գոյատևումը վտանգված է»,- նախազգուշացրել է Ռիտերը:
Կիևում ԱՄՆ- ի դեսպանատունը երեկ փակվել է՝ Բայդենի կողմից հակամարտության սրացումից հետո դեսպանատան վրա ռուսական հրթիռային հարվածից վախի ու հարձակումից խուսափել չկարողանալու մտավախության պատճառով:
Նշելով, որ Ուկրաինային ՌԴ տարածքի խորքը ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածելը թույլատրող Բայդենի որոշումն էսկալացիայի լուրջ ռիսկ է պարունակում, Դենիել Դևիսը «The National Interest»- ի համար հոդվածում գրել է.
«Այն, որ այդ որոշումը լուրջ և անհարկի վտանգ է ներկայացնում ԱՄՆ- ի համար և միաժամանակ մեծացնում է Ուկրաինայի պարտության հավանականությունը, միանգամայն ակնհայտ է։ Ակնհայտ չէ դա միայն նրանց համար է, ովքեր պատրաստ չեն իրերին նայել իրականության պրիզմայով: Եվ ԱՄՆ- ում կան մարդիկ, ովքեր, կարծես թե ունենալով մեծ մասնագիտական փորձ, ողջունեցին Բայդենի որոշումը։ Օրինակ՝ նրա աջակցությամբ հանդես եկան նախկին գեներալներ Ջեք Քինը, Բարի Մաքքաֆրին և Ուեսլի Քլարկը: Քինը նաև բողոքել է, որ հրթիռների օգտագործման համար դեռևս մնում են չափից շատ սահմանափակումներ։
Այս գեներալները՝ պատերազմի հետևորդները, ռուս- ուկրաինական հակամարտության ողջ ընթացքում հրապարակավ աղետալի խորհուրդներ էին տալիս։ Օրինակ՝ 2023թ. սեպտեմբերին, երբ ուկրաինական ամառային հարձակումը վերածվեց լիակատար ձախողման, ամերիկացի չորս աստղանի գեներալ Դեյվիդ Պետրեուսը հայտարարեց, որ Ուկրաինան դեռ կարող է ստիպել ռուսական պաշտպանությանը «փլուզվել»։
Սակայն հակամարտության հիմքերը ցույց տվեցին, որ Ուկրաինան գործնականում չունի հաջողության շանսեր։
Իրականության անտեսումը շարունակելը և գեներալներին լսելը հաստատապես կբարձրացնեն այս հակամարտությունում Ուկրաինայի պարտվելու գինը
Բայց էլ ավելի վատ է այն, ինչ հիմա անում է Բայդենը։ Նա վտանգում է ընդլայնել հակամարտությունը և հնարավոր է ԱՄՆ- ին ներքաշել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման մեջ։ Մոսկվան աներկբա հասկացրեց, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան կամ արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը կհամարվի Արևմուտքի ուղղակի միջամտություն և կհանգեցնի պատասխան գործողությունների:
Անխոհեմ է ռիսկի դիմել հակամարտության ընդլայնման համար հատկապես այն պատճառով, որ դրանում ոչ մի ռազմական օգուտ չկա: Ընդհակառակը՝ դա պատերազմի մեջ ներքաշվելու լուրջ ռազմավարական ռիսկ է ներկայացնում։
Թրամփն ամերիկացի ժողովրդի կողմից ընտրվել է մասամբ այն պատճառով, որ երդվել է վերջ դնել Ուկրաինայում ռազմական գործողություններին: Բայդենն իր նախագահական ժամկետի ավարտից 2 ամիս առաջ գնալով նման անիմաստ ռիսկի, Թրամփին կարող է զրկել խաղաղության հասնելու հնարավորությունից:
Բայդենի ամենահավատարիմ կողմնակիցները պետք է շտապ կոչ անեն նրան դադարեցնել այս հրահրիչ արշավը, քանի դեռ շատ ուշ չէ: ԱՄՆ-ի անվտանգությունը պետք է առաջնահերթություն դառնա բոլոր ամերիկացիների համար»:
Ամերիկյան վարչակազմը տեղեկություններ ունի Ռուսաստանի՝ իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը բոլոր առկա միջոցներով, ներառյալ միջուկային զենքով պաշտպանելու պատրաստակամության մասին:
Մյուս կողմից՝ ԱՄՆ- ում կան թերահավատներ, որոնք համոզված են, որ Ռուսաստանը միջուկային զենք չի օգտագործի իր վրա սովորական զենքով հարձակման դեպքում: Օրինակ, ըստ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Սթիվ Ֆեթերի, Ռուսաստանի տարածքին սովորական հրթիռներով հարվածները միջուկային պատասխանի հիմք չեն հանդիսանում, քանի որ դրանք իբր չեն սպառնում Ռուսաստանի ինքնիշխանությանը։ Մինչդեռ իրականում դա բնավ այդպես չէ, նշված սպառնալիքը միանգամայն իրական է և առաջիկայում կախված է լինելու հեռահար հրթիռներով, ինչպես նաև ԱԹՍ- ներով ՌԴ խորքում գտնվող թիրախներին հարվածների քանակից, բնույթից, թիրախների ընտրությունից ու հետևանքներից:
Նկատի ունենալով ուկրաինական թիրախներին միջուկային զենքով ՌԴ- ի, ըստ իրեն, անհիմն, բայց հնարավոր հարվածը, Ֆեթերն այն միտքն է արտահայտել, որ այդ դեպքում կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի և, ընդհանրապես, արևմտյան երկրների հետագա գործողությունների ցանկացած սցենար, նկատի ունենալով Ռուսաստանի միջուկային դոկտրինի թարմացումից անմիջապես հետո ԱՄՆ- ի և ՌԴ- ի միջև միջուկային հարվածների փոխանակման հնարավորության մասին ԱՄՆ- ի Ռազմավարական հրամանատարության (STRATCOM) ներկայացուցիչ, փոխծովակալ Թոմաս Բյուքենենի հայտարարությունը:
Փոխծովակալը երեկ հնարավոր է համարել Վաշինգտոնի կողմից միջուկային զենքի կիրառումը, սակայն ամերիկյան կողմի համար շահավետ պայմաններով, որոնք, ըստ Բյուքենենի, ներառում են հարվածներից հետո ամերիկյան մարտագլխիկների մի մասի և աշխարհում ԱՄՆ- ի առաջնորդության պահպանման հնարավորությունը։
Ցավոք, ԱՄՆ- ի Ռազմավարական հրմանատարությունն այսօր գտնվում է ոչ թե ողջախոհ սպաների, այլ Բայդենի նման խելագար ճիվաղների ձեռքում, համենայն դեպս, Ռազմավարական հրմանատարությունում բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում նրանք, ովքեր կարծում են, թե ԱՄՆ- ի և Ռուսաստանի միջև միջուկային պատերազմը կարող է և ավարտվել ընդամենը միջուկային հարվածների փոխանակմամբ, ու բացառված չէ դրանից հետո ամերիկյան մարտագլխիկների մի մասի և աշխարհում ԱՄՆ- ի առաջնորդության պահպանումը: Այսպիսով նրանք չեն հասկանում կամ միգուցե ձևացնում են, թե չեն հասկանում, որ ԱՄՆ- ի և ՌԴ- ի միջև միջուկային հարվածների սկսումը չի ավարտվի պարզապես դրանց փոխանակմամբ, այլ կվերածվի լայնամասշտաբ և աշխարհակուլ պատերազմի, աշխարհի և մարդկության վերջի:
Պետդումայի պատգամավոր, օդադեսանտային զորքերի նախկին հրամանատար, գեներալ- գնդապետ Վլադիմիր Շամանովը НСН- ի (Նորությունների ազգային ծառայության) հետ զրույցում նշել է, որ այժմ ուկրաինական կողմը շահագրգռված է ցանկացած միջոցներով Ռուսաստանին շանտաժի ենթարկելու մեջ: Արևմուտքի և ՌԴ- ի միջև լարվածության աստիճանի բարձրացումը Կիևին թույլ է տալիս հույս ունենալ ամերիկյան ռազմական և ֆինանսական օգնության հետագա պահպանման վրա:
ՌԴ Դաշնության խորհրդի Սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից էսկալացիայի նման մակարդակի մասին որոշման ընդունումը Ուկրաինայի մնացորդների կողմից կարող է հանգեցնել իրենց պետականության լիակատար կորստի:
«Ագրեսիվ գործողությունների ուժեղացման դեպքում կպատասխանենք նաև վճռական և հայելային,- այսօր, «РИА Новости»– ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:- Այդ մասին խորհուրդ եմ տալիս լրջորեն մտածել նաև այն երկրների իշխող վերնախավերին, որոնք մտադիր են Ռուսաստանի դեմ օգտագործել իրենց ռազմական կոնտինգենտները»:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ