1983–ին բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը «Հեռուստաթատրոնում» բեմադրեց Վրեժ Իսրայելյանի ստեղծագործությունը՝ «Չնվաճված աշխարհամաս» պիեսը , որը ստացել էր «Յոթերորդ աշխարհամաս» գողտրիկ անվանումը:
Հերբերտ Գասպարյանի շնորհիվ ստեղծվեց մի ոգեղեն բեմադրություն.
-Ես երազում էի ստեղծել մի ներկայացում, որն արժանի կլիներ ապրիլի 24-ին ցուցադրվելու:
Եվ, իսկապես, «Յոթերորդ աշխարհամաս» հեռուստաներկայացումը երկու անգամ ապրիլի 24-ին ցուցադրվեց hեռուստատեսությամբ,- ասում է բեմադրող ռեժիսորը:
«Յոթերորդ աշխարհամաս» հեռուտաներկայացումը հիշողությունն ու պատմությունը պահպանելու փիլիսոփայություն է. հեռուտաներկայացում, որը պետք է ձևավորի սերունդ, ով առաջնորդվելու է ոչինչ կիսատ չթողնելու և մեր պայքարն ավարտին հասցնելու գաղափարով:
Վրեժ Իսրայելյանը ժամանակակից հայ գրականության ազնվական խենթն էր, որ եկավ շարունակելու Մուշեղ Գալշոյանի, Խաչիկ Դաշտենցի գրական ավանդույթները: Նա Էրգրի մասին պատմելու էր նոր շնչով, որտեղ Էրգիրը՝ մեր «Չնվաճված աշխարհամասը» ոչ թե պատմական հիշողություն է, այլ ապրող ու շնչող էակ:
Վրեժ Իսրայելյանը զինվորական էր՝ գնդապետի կոչումով: Բայց հայ գրականության մեջ մնաց որպես իսկական գեներալ՝ մեր նյութական ու հոգևոր հայրենիքի հզոր պահապան:
Վրեժ Իսրայելյանը հայ նոր գրականության ասպարեզում, ասես, իր պիեսի գլխավոր հերոս Արշակ պապը լինի, ով Հայկական բարձրավանդակից ըմբոստ նայում է աշխարհին ու իր սերունդներին պատգամում է.
-Ոնց թե սարը չկա: Ես կա՛մ, դու՛ կաս ու սարը չկա՞: Անդոկասարը չկա՞…Աշխարհի վե՞րջն է, ջրհեղե՞ղ է…Հակոբիկ, սարերը չեն մեռնում: Մահն էլ, ջրհեղեղն էլ մարդու համար են: Սարերը փրկում են, մի ափաչափ հող են բացում ու ասում են. «Ոտքդ դի՛ր, մարդ»:
Չի կարող չլինել Անդոկասարը, որովհետև Հիշողություն կոչվող սրբազան տիրույթում ամեն հայ իր Անդոկասարն ունի, իր տոհմի կանչը, ուրեմն, կա Հայրենիք վերադառնալու անժամանցելի իրավունքն իրացնելու գաղափարով ապրող Հայը: Իսկ այդ գաղափարի փոխանցողներից մեկը Վրեժ Իսրայելյանն է՝ մեր ազգային էպոսի կենսափիլիսոփայությունը կրող, սասունցիների հետնորդ Ազգային մտավորականը:
… Պատմական Հայրենիքի պատկերը իրենց գենետիկ կոդում կրող մեր տաղանդավոր արվեստագետներն ու արտիստները ստեղծեցին «Յոթերորդ աշխարհամաս» հեռուստաներկայացումը. նրանք էլ Արշակ պապի պես հավատում էին, որ «Արևը մանուկ է ծնելու»:
Բեմադրող ռեժիսոր՝ Հերբերտ Գասպարյան
Բեմադրող օպերատոր՝ Բորիս Պետրոսյան
Բեմադրող նկարիչ՝ Գրիշա Սահակյան
Օպերատորներ՝ Պողոս Սիմիթյան, Վոլոդյա Մկրտչյան
Հնչյունային ռեժիսոր՝ Արեգ Գրիգորյան
Երաժշտական ձևավորող՝ Հայկ Ներսիսյան
Ռեժիսորի ասիստենտ՝ Արա Մովսիսյան
Ռեժիսորի օգնական՝ Տիգրան Ղևոնդյան
Դիմահարդարումը՝ Աղավնի Խաչատրյան, Գրետա Սմբատյան
Մոտնաժը՝ Անդրանիկ Աբաջյան
Խմբագիր՝ Մանուկ Մնացականյան
Գլխավոր դերակատարներ` Կարեն Ջանիբեկյան, Միքայել Ջանիբեկյան, Արմեն Մարության, Աշոտ Բաբայան:
Մյուս դերերում հանդես են եկել՝ Վահրամ Նազարեթյան, Արմեն Սանթրոսյան, Թագուհի Եղիկյան, Լյուդա Բաբայան, Սուսաննա Ալեքսանյան, Նվարդ Աբալյան, Ժենյա Ներսիսյան, Զարեհ Տեր-Կարապետյան, Ալլա Վարդանյան, Նորայր Գևորգյան:
Մեկ անգամ ևս դիտենք «Հեռուստաթատրոնի» գանձարանում մնայուն արժեք դարձած այս հեռուստաներկայացումը (հղումը` Հ.Գ.-ում):
Դիտենք ու հավատարիմ մնանք մեր ազգի Հիշողությանը՝ մեր «Չնվաճված աշխարհամասին»:
Այսօր ավելի քան երբևէ այսպիսի արժեքներին հաղորդակից լինելով՝ մեր ներսը նորոգելու անհրաժեշտությունն ունենք:
Խոնարհում մեր ժամանակների լավագույն դրամատուրգներից մեկին՝ Վրեժ Իսրայելյանին և մեր տաղանդավոր արվեստագետներին ու արտիստներին ՝ այս գաղափարահեն գործը մեզ՝ սերունդներիս ընծայելու համար:
Ազգի Հիշողության ջահը վառ պահելը մեր ազգային կյանքի ու գոյության բանաձևը պետք է լինի միշտ…
ՈՒրիշ ճանապարհ չունենք:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ