Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Նվիրյալները

Նվիրյալները
25.11.2024 | 08:05

Երևանի պետական համալսարանի իմ սերնդակից շրջանավարտների հիշողության մեջ մնացել են մասնագիտական` բանահյուսական և բարբառագիտական պրակտիկայի օրերը։

Դրանք ոչ միայն մասնագիտական գիտելիքները հարստացնելու օրեր էին, այլև` առաջին հերթին` միմյանց հետ շփվելու, իրար մոտիկից ճանաչելու անմոռանալի պահեր։

Բանահյուսական պրակտիկայի մասին կգրեմ հաջորդիվ` հուշապատումս նվիրելով բանահյուսության մեր դասախոս, արմատներով արցախցի Նելլի Հակոբյանին։

Այժմ` բարբառագիտական պրակտիկայի մասին, որ մեր խումբն անցավ Վայոց ձորում` Խորեն Պալյանի ղեկավարությամբ և Լուսինե Զաքարյանի երանելի ներկայությամբ։

ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հետաքրքիրն այն էր, որ անվանումը բարբառագիտական պրակտիկա էր, իսկ մեր խմբի ղեկավարը դասական գրաբարի գիտակ, անվանի շարականագետ, հոգևոր երգիչ, ծիսագետ Խորեն Պալյանն էր` տիկնոջ մեր պաշտելի Լուսինե Զաքարյանի հետ (ափսոս, Լուսինե Զաքարյանը մեզ միացավ պրակտիկայի վերջին օրերին. Եղեգնաձորում ծրագրաված համերգ ուներ)։

Երևի թե մեզնից ոչ մեկի մտքով երբևէ չէր անցնի, որ այդ պրակտիկան մեր հիշողության մեջ կդաջվի ամբողջ կյանքի համար։ Սկսեմ այդտեղից և ասեմ, որ այդ պրակտիկան ավելին էր, քան աշխարհագրականը, պատմականը, պատմաաշխարհագրականը, իմացաբանականը, մշակութայինը։

Այն հայ ժողովրդի խտացված պատմությունն էր` ամենատարբեր ոլորտների իմացաբանական ընգրկմամբ։

Շրջագայեցինք Վայոց ձորի, մասնավորապես` Եղեգնաձորի պատմական վայրերով ու սրբավայրերով։

Խմբի հոգատար և ուշադիր ղեկավար էր Խորեն Պալյանը, հումորով, համուհոտով խոսքուզրույցով, անբռնազբոս պահվածքով։

Նրա հետ ճամփա գնալն էլ մի ուրիշ խորհուրդ ուներ, ուրիշ անուն։

Այդ օրերին մենք մոտիկից ու լիարժեքորեն հաղորդակից դարձանք հոգևոր երգն ու գոհար-շարականների հմայքն իրենց հոգում կրող մարդու հետ։

Ամենակարևորը` թեև կարճատև, մենք ակնդիր և ունկնդիր եղանք նրանց համատեղ ներկայությանը։ Նրանց, որ իրենց մեջ կրում էին մեր ազգի ակունքային բոլոր շերտերը` սկսած վաղնջական ժամանակներից մինչև միջնադարյան շարականներ ու տաղեր։ Վայելեցինք գրաբարի երգեցիկ, անուշ խոսքը` համեմված Խորեն Պալյանի իմացական հարստությամբ։

ՈԻրիշ ումի՞ց, եթե ոչ մեր կրթօջախի` Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի հարգված դասախոս, գրաբարի գիտակ, շարականագետ, պատվելի այր Խորեն Պալյանից պիտի լսեինք մեր ոսկեղենիկը, լսեինք` համեմված մեր լեզվի բազմադարյա հարուստ բառագանձով։

Նրա ամենօրյա, առօրեական զրույցներն անգամ յուրօրինակ դասախոսություններ էին մեր հնամենի խաչքարերի, դամբարանների, մատուռների, եկեղեցիների մասին։

Առաջին անգամ զարմանքը պատեց շատերիս, երբ հայոց տաճարում լսեցինք «Տերունական աղոթքի» մրմունջը նրա շուրթերից։ Աղոթքի զորության ու կարևորության մասին նրա մեկնաբանությունից հետո այն մեզ համար դարձավ հոգու պահանջ։ Երբ մենք` գալիք օրերին, Արփա գետի աջ ու ձախ ափերին` Գնդեվազում, Թանահատի վանքում, Սպիտակավոր վանքում ու Ցաղաց քարում... մեր աղոթքը կմրմնջանք։ Եվ այդուհետ մեր օրերը այդպես կսկսվեն։

...Խորեն Պալյանը և Լուսինե Զաքարյանը այն հոգեխեղդ, ճնշող ժամանակներում այն եզակիներից էին, որ հայոց հոգևոր երգը դուրս բերին եկեղեցու խորանից և իրենք դարձան նրա առաջին մեկնողները նաև փոքր ու մեծ բեմերում։

Սա ժամանակին բավականին համաձակ քայլ էր։ Իսկ մենք դարձանք այդ հրաշքին ունկնդիրը պրակտիկայի օրերին։

Լուսինեի առողջության հանդեպ մշտապես հոգատար, նաև` մտահոգ Խորեն Պալյանը մի օր անկեղծացավ «Լուսինեն եկեղեցիներում ասես առողջանում է։ Դա դուք կտեսնեք»։

Եվ իսկապես։

Այդ օրերին մենք տեսանք այն ակներև սերը, որ նրանք տածում են հայ ժողովրդի հոգևոր երաժշտության գանձերի հանդեպ։

...Մի օր հավաքվել էինք հյուրանոցի իրենց սենյակի առջև. սպասում էինք, որ դուրս գան ու շարժվենք։ Տղաներից մեկը դուռը թակեց, ապա շտապելով` անզգուշաբար բացեց, որ տեղեկացնի. «Ավտոբուսն արդեն սպասում է»։

Ավելի հուզառատ ու ցնցող պատկեր այդ օրերից չեմ հիշում։

...Խորեն Պալյանը ծնկել ու օգնում էր Լուսինեին, որ կոշիկը հագնի։

...Գնում ենք Նորավանք` Սյունաց աշխարհում իշխող Օրբելյանների հոգևոր սրբավայրը, նրանց դարերի աղոթատեղին։

Գնում ենք բնության գեղատեսիլ, շիկակարմիր ժայռեղեն հրաշքին ձուլված` միջնադարյան հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն Նորավանք, որի մասին ու նրա ճարտարապետ Մոմիկի մասին այնքա՜ն պատմություններ է թողել պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը, որի մասին այնքա՜ն գաղտնիքներ էր պատմել Խորեն Պալյանը։

Գնում ենք տեսնելու հոգևոր սրբավայրը, չակնկալելով անգամ, որ հենց այդ օրն ենք մոտիկից լսելու Լուսինե Զաքարյանի աստվածային ձայնը, վայելելու նրա երանելի ներկայությունը։

Ո՞վ կմտածեր, ու՞մ մտքով կանցներ, որ մի օր, այն էլ` բարբառագիտական պրակտիկայի օրերին, ունկնդիրն ու ակնդիրը կդառնանք այս հրաշքին։

...Երգում է Լուսինեն, երգում է Նորավանքում։ Հնչում է նրա անկրկնելի քնարական սոպրանոն։

Հնչում է նրա աստվածային` հավատի, օրհնանքի հոգի ամոքող մոգական ձայնը։

«Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ,

Այսքան ոգեղեն, այսքան անմեկին,

Եվ ի՞նչ հրաշքով խաչքարից հանեց

Նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին»։

Լուսինեի երգի հնչյուններին ասես ձուլվում են հիշողությանս մեջ վաղուց տպավորված Վահագն Դավթյանի տողերը։

Քարացել ենք բոլորս։ «Սուրբ, Սուրբ» է երգում Լուսինեն։ ՈՒ՞մ մտքով կանցներ, որ երբևէ, այն էլ` երկնամերձ Նորավանքում այսքան մոտ կլինի նաև երկնքից եկող ու երկինք հասնող նրա ձայնը։

Երգում է Լուսինեն` հայոց հոգևոր երգի անգերազանցելի տիրուհին, երգում է աղոթք-ձայնով` այստեղ այս քարակերտ կամարների ներքո։

...Ես չգիտեի, մտքովս էլ չէր անցնում, որ տարիներ անց`

1980-ականներին բազմաթիվ անկրկնելի առիթներ կունենամ կրկին հանդիպելու և վայելելու Լուսինեի ներկայությունը Հաղպատավանքի կամարների ներքո` Լոռվա «Կոմիտասյան մեղեդիներ» համընդգրկուն մշակութային միջոցառման ընթացքում։ Կրկին լսել հոգի դյութող նրա ձայնը ու պատկերացնել, որ ինքը` աստվածատուր գեղեցկությամբ Լուսինե Զաքարյանն էլ ասես երգի գունագեղ, գունազարդ մանրանկար է` շաղախված լաջվարդով, զմրուխտով, որդան կարմիրով, ինչպես այն օրը` Նորավանքում։ Չգիտեի, որ կլսեմ Կոմիտասի «Օրոր»-ը, երկինք հասնող «Ավե՜, Մարիա»-ն, Գրիգոր Նարեկացու «Հավուն-հավուն»-ը, Մակար Եկմալյանի «Սուրբ, Սուրբ»-ը, ինչպես 1976-ի ամառային այն օրը։

ՈՒ ամեն անգամ հուզմունքով կհիշեմ Նորավանքում հնչած նրա «Սուրբ-սուրբ»-ը, երբ մենք` ընդամենը 20 տարեկան համալսարանականներս, նրա աստվածային ձայնի հնչյունների ներքո ասես քարացանք, համրացանք, մտովի ծնկեցինք ու այդ վայելքը որպես թանկ հուշի պատառիկ պահեցինք մինչև այսօր` չմտածելով անգամ, որ մի օր այն գիր կդառնա, գիր` մեր անանց հիշողությունների, գիր` Խորեն Պալյան-Լուսինե Զաքարյան նվիրյալների մասին, գիր որտեղ ամենախոսուն բառերն անգամ անզոր ու աղքատ կթվան վերերկրային ապրումներն ու զգացողություններն արտահայտելու։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2613

Մեկնաբանություններ