Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Հանճարը փորձություն է ազգի համար

Հանճարը փորձություն է ազգի համար
27.11.2024 | 20:07

Իմ դպրոցական տարիներին Չարենցը էլ ժողովրդի թշնամի չէր, այլ մեծ պոետ էր, հանճար, հայ գրականության երախտավոր: Նրան փողոց էին նվիրել, դպրոց, կիսանդրի, տուն-թանգարան, անգամ մի ամբողջ քաղաք՝ Սևանի ճանապարհին: Սովետական իշխանությունը ներել էր նրան իր հալածանքներն ու մահը ու մեծահոգաբար մոռացել նրա կյանքի էդ ամոթալի էջերը: Դասագրքերում մնացել էր օրինակելի կենսագրությամբ, մի քիչ բռնկուն բնավորությամբ հեղափոխության երգիչը՝ իր պուրպուրով, հազացող հեռախոսներով, Լենին պաշտող Ալիով, խելագարված ամբոխներով ու, իհարկե, Ես իմ անուշ Հայաստանով, իհարկե, Էմալե պրոֆիլով...

Բայց ստալինյան բնակարանների հաստ պատերի հետևում ու անգամ խրուշչովյան ձնհալից բարակած պատերով բնակարաններում շշուկով բերնից բերան էր անցնում չարագույժ գաղտնիքը՝ Ստալինը սպանեց, Բերիան սպանեց, նախանձողները սպանեցին, մենք սպանեցինք... սպանեցին, սպանեցինք․․․

Էդ տարիներին փողոցում դեռ կարելի էր տեսնել Ռեգինային, որի առօրեական թվացող լռության տակ մի ամբողջ դարաշրջան էր թաքնված, մի ազգի ողբերգություն։ Էդ դարաշրջանը մեզնից էնքան հեռու էր, որ անիրական էր թվում, ինչպես հունական դիցաբանության տիտանների դարաշրջանը, երբ փողոցում կարող էին հանդիպել ու հանգիստ զրուցել Թումանյանը, Տերյանը, Չարենցը, Բակունցը, երբ գիշերով դռան թակոցը կարող էր մարդ սպանել, երբ հեռավոր Փարիզում դեռ կենդանի էր Ամենայն Հայոց Խելագարը։

Էդ տարիներին ես բակում խաղում էի Չարենցի թոռների հետ. մեր դիմացի շենքից էին, էնքան էլ նրան նման էին՝ երկուսն էլ՝ ասես Հայ գրականության դասագիրքը բացել ու միջից դուրս էին եկել։ Ու էդ տարիներին ես բախտ ունեցա մի օր քեռուս տանը հանդիպելու Շուշանիկ Կուրղինյանի դստերը՝ մի չորացած, նիհար պառավի, որը ժամում մի տուփ «Ավրորա» ծխելով պատմում էր տիտանների մասին, ինչպես սովորական մարդկանց մասին։

Հետո եկան ուրիշ ժամանակներ, ու տների հաստ պատերի հետևում շրջող փսփսոցները հայտնվեին թերթերում։ Մարդիկ դեսուդեն ընկած, արխիվները փորփրելով սկսեցին Չարենցին սպանող հանցագործներին որոնել։ Գտան ինչ-որ մարդկանց, վկայություններ, ապացույցներ, գիտական աշխատություններ գրեցին, ատենախոսություններ պաշտպանեցին, հոդվածներ տպեցին, հոնորարներ ստացան, անուն հանեցին․․․ Իհարկե, բոլոր հանցագործները վաղուց մեռել էին, մարդ չկար պատժելու, բացի մեկից՝ ազգից։ Բացի ազգից, որը լուռ ու հնազանդ զիջեց Չարենցին՝ ասես ամեն տարի Չարենց ա ծնում։

Հանճարը փորձություն ա ազգի համար։ Հանճար ծնելը բավական չի, պետք ա կարողանալ սնել հանճարին, պահպանել, պաշտպանել, իսկ մենք չպաշտպանեցինք։ Կասեք՝ ժամանակներն էին։ Դե, իհարկե, ժամանակներն էին, միշտ էլ ժամանակներն են, բայց ժամանակն անցողիկ ա, իսկ մեղքը՝ մնայուն։ Պոետ խաչելը վաղեմության ժամկետ չունի, քանի որ պոետն՝ ինքը, վաղեմության ժամկետ չունի։

Ու ստալինների, բերիաների վրայից մեղքը մեզ վրա վերցնելը նրա համար չի, որ մենք մեզ մեղավոր զգանք ու ինքնաձաղկվենք։ Չէ, դա նրա համար ա, որ պատրաստ լինենք նոր փորձության՝ նոր հանճարի, որ նրան էլ չզոհենք, այլ ատամներով պաշտպանենք, որովհետև արդեն ժամանակն ա, ազգը հուսահատության եզրին ա ու պիտի ճարահատյալ հանճար ծնի, միգուցե նա արդեն ծնվել ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2966

Մեկնաբանություններ