...Եղիշե Չարենցին նկարել են Մ. Սարյանը, Հ. Կոջոյանը և ուրիշները: Նրա անդրին պատրաստել է արձանագործ Արա Սարգսյանը և ուրիշները: Տարբեր տեսք ունեն դիմանկարները, միմյանցից տարբերվում են երբեմն խիստ, կարծես տարբեր մարդիկ են պատկերված: Երբ ես ուշադիր նայում եմ դրանց գտնում եմ մեծ նմանություններ Չարենցի հետ: Ես իմ կյանքում ոչ մի մարդ չեմ տեսել, որի դեմքը, կեցվածքը այդպես հաճախ փոփոխվեր ինչպես Չարենցինն էր:
Եթե տեսնում էիր առավոտյան՝ մի տեսակ էր, երեկոյան նա կարող էր այնպես փոխվել, որ իրեն նման չլիներ: Հայտնի է, որ նա խոշոր չէր, երբեմն նույնիսկ շատ փոքր էր երևում: Բայց երբ նա ոգևորված արտասանում էր, թվում էր, թե բարձրահասակ է, թիկնեղ: Հիշում եմ, մի պատասխանատու հավաքի ժամանակ նա բեմ թռավ և արտասանեց իր բանաստեղծությունը: Ռումբի պես նետում էր իր խոսքերը մարդկանց դեմ: Դահլիճը լռել էր, քար կտրել, դարձել լսողություն: Չարենցը աչքիս առաջ մեծանում էր, հզորանում: Երբ Չարենցը նույն արագությամբ ինչպես եկել էր, բեմից անհայտացավ, դահլիճը մի պահ սպասողական դրության մեջ էր. Մեկ էլ հանկարծ պոռթկացին ծափերը, ուժեղ, երկարատև…
Չարենցը բեմ չեկավ: Բայց, երբ ժողովից հետո տեսա իրեն, շատ գոհ էր, դեմքը մանկական ուրախությամբ էր լուսավորված:
-Հը՞,- հարցրեց:
-Հրաշալի էր Չարենց, կախարդեցիր:
-Հըբը՜…
Տեսել եմ Չարենցին շատ լուրջ: Այդ ժամանակ խելացի աչքերը նայում էին խորաթափանց հայացքով: Թվում էր շատ խելոք բաներ է ուզում ասել, բայց իրեն զսպում էր: Այդ պահերին նա դառնում էր իմաստուն, խելոք, հարգելի, մեծ…
Տեսել եմ կուչ եկած, դեմքը կծկված, անհետաքրքիր, նույնիսկ վանող…- այդ նրա անկարգությունների շրջանում… Եվ տեսել եմ նրա երջանիկ ժպիտը, դեմքը՝ մանկական անմիջականությամբ, ուրախությամբ ողողված, անմեղ, մաքուր, գրավիչ: Հազար տեսակ էր Չարենցը, միշտ անհանգիստ, որոնող, ստեղծագործող, փոփոխվող, իրեն կորցնող ու գտնող, հողին հավասարվող և արևին հասնող… Միշտ հետաքրքիր էր Չարենցը:
Չարենցի դիմանկարների մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս Մ. Սարյանի նկարածը, ուր երիտասարդ Չարենցը պատկերված է դիմակի հետ: Որքան գեղեցիկ է դեմքը, խելացի են աչքերը: Թվում է, թե փոթորիկների առաջ է կանգնած Չարենցը, ահա կը պոկվի, կը քայլի, դիմակներ կը դնի, կը պտտվի հողմի հետ ու կը չքանա հրաբուխի կրակի մեջ: Այդպես էլ եղավ: Որքա՜ն ճիշտ էր կանխատեսել Սարյանը և որքան արտահայտիչ է պատկերել Չարենցին:
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
Հ.Գ.
Ձեռագիրը` Սերիկի: