Արցախեան ազատամարտում նահատակուած, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտէի անդամ, Արցախի Հանրապետութեան Մարտունի ինքնապաշտպանութեան շրջանի գումարտակներից մէկի լեգենդար հրամանատար՝ Մերուժան Արմէնի Մոսիյեանի (1965-1993թթ․) կեանքի եւ գործունէութեան մասին բազմաթիւ դրուագների կարելի է հանդիպել յուշագրութիւններում, հարցազրոյցներում եւ առանձին գրառումներում։ Մեծանուն Հերոսի յիշատակին այստեղ ցանկանում եմ նուիրել, Կ․ Բասենցու յուշերից մի հատուած, որը լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ՝ «Դրօշակի» 2008թ․ համարներից մէկում․
«… Ինձ, ասես ի վերուստ, բախտ էր վիճակուել մօտիկից ծանօթանալու եւ ապրելու Արցախեան ազատամարտի տիտանական դէմքերի հետ, ինչպիսիք են Մերուժանը, Պետօն (Ղեւոնդեան - ԿԽ), Աւօն (Մոնթէ Մելքոնեան - ԿԽ), Մհերը (Ջուլհաճեան - ԿԽ), Արտակը (Մնացականեան - ԿԽ), եւ ուրիշներ: Այստեղ անյարմար եմ զգում նշել ողջ մնացածների անունները, որովհետեւ, մօտիկից ճանաչելով նրանց եւ նրանց «խոնարհ հերոսի» տիպարը, ընդամէնը պիտի վիրաւորած լինեմ նրանց ուխտը, անձնազոհի նրանց ամբողջ կենսակերպը: Սա մի տեսակ պարադոքսի է նմանւում, հպարտութեամբ խօսել նահատակների մասին եւ միաժամանակ հպարտութեամբ լռել կենդանի մնացածների դէպքում: Այս պարադոքսը նկատելի է ամէն քայլափոխի, որից ազատուելն էլ անհնար է:
«Ինձ ապշեցնում է մի հանգամանք եւս, երբ յիշում եմ թէ՛ նահատակուած եւ թէ՛ կենդանի մնացած ազատամարտիկներից շատերին: Փորձեմ բացատրել միտքս․ նախնական տպաւորութեամբ, Մերուժանին գնահատում էի որպէս գումարտակի քաջ, իմաստուն հրամանատարի, կուսակցական սկզբունքային ղեկավարի, ուշիմ մարդու, գաղափարապաշտ հայի․․․ Նախնական այդ տպաւորութիւններս ճիշտ էին, սակայն, հիմնականում, առընչւում էին Մերուժանի բացայայտ յատկանիշներին: Որքան մտերմանում էինք, այնքան աւելի ու աւելի էի ծանօթանում նրա անհատական բնաւորութեան ոչ բացայայտ կողմերին։ Շուտով իմացայ, որ Մերուժանը նուիրուած հայր էր: Չեմ կարող մոռանալ, որ 1993 թ. ամռանը, ռազմական, քաղաքական եւ կուսակցական աշխատանքների ահաւոր գերծանրաբեռնուածութեան պայմաններում, հազիւ մի ազատ պահ գտաւ ու գլխապատառ շտապեց իր դստեր՝ Արմինէի ծննդեան հանդէսին: Այդ ճշտապահ եւ պատասխանատու հրամանատարի, ղեկավար մարդու կերպարի յետեւում թաքնուած էր հոգատար եւ բարի հօր վարքագիծը։ Յետոյ էլ իմացայ, որ նա նաեւ հոգատար ամուսին էր, ուշադիր եղբայր եւ երախտագէտ զաւակ:
«Մերուժանի նման հերոսների հանրայայտ յատկանիշները անկախ չեն իրենց անհատական բնաւորութեան նուրբ ծալքերից: Աւելին, այդ բոլոր յատկութիւնները նրանց մէջ գոյանում են որպէս մէկ անքակտելի ամբողջութիւն: Հետեւաբար շատ պարզ տրամաբանութեամբ հասկացայ, որ հերոսներին յայտնաբերելու համար կարիք չկայ սպասել պատերազմի, այլ, տեսնելով նրանց վսեմագոյն վարքագիծը ընտանեկան մթնոլորտում, մարդկային փոխյարաբերութիւններում եւ ընկերական միջավայրում, նրանց կարելի է յայտնաբերել հենց խաղաղ ժամանակ։ Այս իմաստով նայում եմ շուրջս եւ ինձ համար ակամայ բացայայտում ողջ մնացած հերոսներին եւ, ինչու չէ, նաեւ նրանց, որոնք դեռ չհռչակուած հերոսներ են․․․»:
(«Դրօշակ», ՀՅ Դաշնակցութեան պաշտօնաթերթ, Երեւան, 2008 օգոստոս, թիւ 8 (1599), էջ 42-43)
Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆԻ ՖԲ էջից