ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է դադարեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունելությունները Մոսկվայում։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից մի քանի օր անց, երբ Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համեմատել էր ուկրաինական իրադարձությունների հետ: «Երբեք չէի մտածի, թե Երևանից Կարմիր հրապարակը հարվածների տակ պահելու կոչեր կհնչեն»,- ասել է Զյուգանովը՝ ակնարկելով Վլադիմիր Զելենսկու երևանյան ելույթը։               
 

Ռուսները շատ չեն վշտանա, եթե անգամ Հայաստանն առանց հայերի իրենց բաժին ընկնի

Ռուսները շատ չեն վշտանա, եթե անգամ Հայաստանն առանց հայերի իրենց բաժին ընկնի
05.05.2026 | 20:35

Երևի ես պիտի քաղաքական թեմայով ոչ մի բան չգրեմ, որովհետև հետո ստիպված եմ լինում բացատրել իմ դիրքորոշումն ու խորանալ էն բաների մեջ, ինչից շատ հեռու եմ։ Բայց, դե, ոնց ասում են՝ ընկել եմ, պիտի քաշեմ։

Հիմա երկու հակադիր կարծիք ա շրջում՝ «Առանց Ռուսաստանի Հայաստանը կկործանվի» ու «Առանց Ռուսաստանի Հայաստանը կծաղկի»։ Ես երկուսի հետ էլ հավասարապես համաձայն չեմ, որովհետև երկուսն էլ անիրական պայմանի վրա են կառուցված։ Առանց Ռուսաստանի չի կարող լինել՝ ուզենք, թե չուզենք, սիրենք Ռուսաստանը, թե չսիրենք։ Հնարավոր չի հզոր գերպետության հարևանը լինել ու նրան հաշվի չառնել։ Քանի Ռուսաստանը կա, մենք պիտի հաշվի առնենք նրա շահերը, որովհետև նրանք մեզնից անհամեմատ ավելի ուժեղ են։ Աշխարհի կարգն ա դա՝ մենք Ռուսաստանից պրծում չունենք։ Աշխարհագրությունը համառ գիտություն ա, ըղձական եղանակ չի ճանաչում, միայն պայմանական ու հարկադրական։

Ես չգիտեմ, թե ինչ քայլեր ա պատրաստ կատարել դարեր շարունակ բարդ ու բազմաքայլ բանսարկություններով կոփված, սադրանքների ճարտարապետ, բազմաթիվ պատերազմներ վարած ու հիմա էլ պատերազմով ապրող, խոցված կայսերապաշտական ինքնասիրությամբ հզոր միջուկային գերտերությունը՝ Հայաստանն իր ազդեցության գոտում պահելու համար, չգիտեմ, թե մենք ոնց ենք դիմագրավելու դրան ու ինչքան կդիմանանք, ու չգիտեմ, թե ինչքան պատրաստ ու ունակ են մեր նոր եվրոպացի բարեկամները Ռուսաստանի հետ առճակատման՝ իրանց փոքր եղբորը պաշտպանելու համար։ Չգիտեմ, գաղափար չունեմ, որովհետև քաղաքագետ չեմ ու քաղաքականությունից կիլոմետրերով հեռու եմ։ Բայց իմ սովորական մարդկային տրամաբանությունն ինձ հուշում ա, որ էդ առումով մեր վիճակն էնքան էլ մխիթարական չի։ Ես գիտեմ, որ Ռուսաստանը, անկախ ամեն ինչից, դեռ անսպառ ռեսուրսներ ու ուժ ունի, գիտեմ, որ նրանց պետք ա էս տարածաշրջանը, որը պատմականորեն իրանց ազդեցության գոտին են համարում, ու գիտեմ նաև, որ ռուսները շատ չեն վշտանա, եթե անգամ Հայաստանն առանց հայերի իրանց բաժին ընկնի, իսկ միջոցների մեջ առանձնապես խտրություն չեն դնում։ Ես գիտեմ, որ մենք թույլ ենք, հատկապես՝ հիմա, ու Եվրոպան, հայտարարություններից բացի, դժվար թե որևէ էական քայլ կատարի մեզ Ռուսաստանից պաշտպանելու համար, եթե դա պետք լինի։

Բայց ու՞ր ա տանում մեզ Ռուսաստանը։ Ռուսաստանը հսկայական բազմազգ պետություն ա, որն էնքան զարգացած չի, որ կարողանա դաշնությունը տնտեսական խթաններով միավորված պահել ու դիմադրել հզոր կենտրոնախույս ուժերին։ Էդ երկիրը կարելի ա պահպանել միմիայն խիստ ու ուժեղ կենտրոնական իշխանության ու զենքի օգնությամբ, այսինքն՝ բռնապետության։ Իսկ բռնապետության բնորոշ գծերն են անազատությունը, անօրենությունը, կոռուպցիան, շանտաժը, հանցագործությունը և այլն, որոնք, բնականաբար, պրոեկտվում են նաև մեր վրա։ Էդ պայմաններում երկիր չես զարգացնի։

Հա՛, իմ կարծիքով եվրոպականացումը միակ ճանապարհն ա, որով Հայաստանը կարող ա զարգանալ, այլընտրանք չկա։ Դա ոչ թե կողմնորոշում ա, այլ գոյատևման պարտադիր պայման։

Ուրեմն՝ ի՞նչ, մենք դատապարտվա՞ծ ենք։ Կարծում եմ՝ ելք կա, բայց ո՛չ էն, ինչը մենք ընտրել ենք։

Ի՞նչ տվեց մեզ էս գագաթաժողովը։ Էս քաղաքական ակցիայի դեկլարատիվ, ցուցադրական կողմն առնվազն հիսուն անգամ գերազանցում ա դրա օգտակարությանը։ Պատերացնու՞մ եք՝ էս ճչացող քաղաքական շոուի փոխարեն մեր կառավարությունը հիսուն անգամ հանդիպեր տարբեր եվրոպական երկրների ղեկավարների հետ ու փոքր-փոքր հարաբերություններ կառուցեր։ Չէ՛, իհարկե ռուսներին մենք չէինք խաբի, նրանք շատ լավ տեսնում են մեր նպատակը։ Բայց կարիք էլ չկա խաբելու, Ռուսաստանը չէր դիմադրի, եթե մենք մի քիչ եվրոպականանայինք, բայց Ռուսաստանին հաստատ, հարյուր տոկոսանոց երաշխիքներ տայինք, որ նրանց հետ միշտ ռազմավարական գործընկեր կլինենք ու երբեք մեր տարածքը չենք օգտագործի նրանց վրա ճնշում գործադրելու համար։ Ո՛չ թե խոսքերով, այլ իրական երաշխիքներ տայինք։ Խելացի, հեռատես քաղաքականության, ստեղծված փոքր հնարավորություններն օգտագործելու միջոցով դրան հնարավոր կլիներ հասնել փոքր քայլերով, անգամ Հայաստանում առկա ուժեղ արտաքին ու ներքին դիմադրության պայմաններում։

Իսկ մենք լրիվ հակառակն ենք անում՝ փայլուն քաղաքական դեմարշներ, մեր անկախության բարձրագոչ ձևական դրսևորումներ, որոնք ամենաշատն են վտանգում հենց էդ անկախությունը։ Օրինակ՝ սա՝ եվրոպացիները Հայաստանի հետ համարյա կապ չունեցող իրանց ժողովը հենց Հայաստանում են անում։ Տեսե՛ք, տեսե՛ք, նախանձե՛ք, մենք անկախ ենք ու աշխարհի կենտրոնն ենք։

Էլի՞ ցուցամոլություն, էլի՞ մեզ աշխարհին ցույց տալու մոլուցք, էլի՞՝ բա՛, տեսե՛ք, աշխարհը մեր մասին ա խոսում, էլի՞՝ ո՜նց են հիացած, ինչեր են պատմում մեր մասին... Չբավարարված ազգային ինքնասիրություն, փոքր ազգի կործանարար համախտանիշ։ Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ մեր երեխաների ճակատագիրն ուրիշի կարծիքից շատ ավելի կարևոր ա։

Իսկ մենք, եթե ուզենք, կարող ենք Եվրոպա կառուցել նույնիսկ առանց Եվրոպայի։ Եվրոպական ստանդարտներով երկիր կառուցելու համար բոլորովին պարտադիր չի Եվրոպայի հետ բաշիքյարթմա անել ու սպասել, մինչև հասունանանք։ Մենք ինքներս կարող ենք մեր երկիրը կառուցել էդ մոդելով ու արժեքներով։

Բայց հենց ստեղ ա ծագում ամենակարևոր հարցը։ Իսկ մենք ուզու՞մ ենք Եվրոպա լինել։ Անկեղծ ասած՝ երբ շուրջս եմ նայում, բոլորովին էդ տպավորությունը չեմ ստանում։

Մենք ապրում ենք բակային, թաղային պսևդոգողական ինքնակառավարման, հարևանաբարեկամական կլանների հասկացություններով, մեր համար պետությունը մասնավոր սեփականության աղբյուր ա, իսկ օրենքը՝ հոբբի, որով զբաղվում ենք ազատ ժամանակ, բայց ազատ ժամանակ չունենք, որովհետև խիստ զբաղված ենք խելացի-խելացի քաղաքական վերլուծություններով, որ մեր հայկական վիճակախաղն ա՝ ասում ենք ու սպասում, որ կատարվի ու համընդհանուր հիացմունք շահենք։ Մեր հարուստ մշակութային ժառանգությունից մենք հենց Խորենացու «Ողբն» ենք որոշել անմահացնել։ Ու դա Ռուսաստա՛նը չի պարտադրել, դա մեր ընտրությունն ա։ Բա մեզ պետք ա՞ Եվրոպան՝ իրա ղզիկ ու անհասկանալի օրենքներով։

Գիտե՞ք, թե Եվրոպայի հետ մերձենալու ամենագրավիչ կողմը որն ա շատ-շատերի համար։ Բոլորի համար չէ, բայց շատ-շատերի համար։ Գիտեք, բայց ասեմ՝ էն, որ Եվրոպան սահմանները կբացի։ Շատերին ուրիշ ոչինչ չի հետաքրքրում՝ մենակ դա։ Իսկ թե դրանից հետո ինչ կլինի Հայաստանի հետ, կարևոր չի, վիճակը վատացավ՝ տոմսն առնում ես ու թռնում Եվրոպա, եթե դեռ Հայաստանում ես։

Երկար ստացվեց։ Ասմանգուլյանն ինձ ասում էր՝ երկար ես գրում, որովհետև կարճ ես մտածում։ Իհարկե՝ ճիշտ էր։ Ես քաղաքագետ չեմ, իսկ քաղաքական վերլուծություն կատարելու համար երկարատև ու մանրակրկիտ ուսումնասիրություն ա պետք կատարել, ինչը ես չեմ արել։ Դրա համար՝ բոլորովին չեմ վշտանա, եթե սխալ լինեմ։ Ավելին՝ կուրախանամ։ Բայց նաև չեմ արձագանքի մեկնաբանություններին. ավել-պակաս կներեք։ Եթե քաղաքականությունն ինձ հետաքրքրեր, ես պրոֆեսիոնալ քաղաքագետներին կհետևեի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5837

Մեկնաբանություններ