ԱՄՆ-ը, բնականաբար, չի հրաժարվել Իրանի դեմ ռազմական գործողությունների գաղափարից, սակայն դեռևս զերծ է մնում կրկին գործողություններ սկսելուց։ Ակնհայտ է, որ Իրանի դիմադրությունը, հակահարվածը անակնկալ էր թե՛ ԱՄՆ-ի համար, կամ գոնե ԱՄՆ նախագահի համար, թե՛ Իսրայելի համար։
Կարծում եմ, որ այժմ Իրանը ոչ թե բանակցում է նրա համար, որ կրակի դադարեցում լինի միայն կամ երկարաժամկետ խաղաղություն, այլ պարզապես փորձում է քանդել ԱՄՆ-Իսրայել ռազմաքաղաքական համագործակցությունը կամ թեկուզ բարեկամությունը։ Իսրայելի դրդմամբ և անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած այս պատերազմում, թերևս, ամենաքիչ տուժածը Իսրայելն էր։ Նույնիսկ Ծոցի երկրներն ավելի են տուժել, քան՝ Իսրայելը։ Այս հանգամանքը շատ լավ խաղաթուղթ է Իրանի ձեռքում, որով կարող է խաղից ոչ միայն դուրս մղել Իսրայելին, այլ նաև թողնել պարզապես առանց խաղընկերոջ։
Ըստ իս, այժմ Իրանի ողջ ներուժը աշխատում է այն ուղղությամբ, որ Իսրայելին մեկուսացնեն տարածաշրջանում, թողնեն առանց գործընկերների՝ Իսրայելի անհեռատես քաղաքականության պատճառով:
Կարեն Հովհաննիսյան