Դասի սովորական ընթացք, անդրադարձ` ելքի քարտերով.
-Ձեզ հատկապես ի՞նչը ուրախացրեց Մուրացանի կենսագրության մեջ։
-Շուշին, ուրախացրեց, որ նա Շուշիում է ծնվել։
Հայացքս չեմ կարողանում բարձրացնել հատակից, ինչ-որ մեկը երևի հայացքս ամուր մեխել է հատակին։ Բայց հստակ գիտեմ, ճանաչում եմ արցախցի աշակերտուհուս ձայնը։ Նույնիսկ անգիր գիտեմ, թե ինչ եմ կարդալու աչքերի մեջ։
-Իսկ ի՞նչը տխրեցրեց ձեզ Մուրացանի կենսագրությունն ուսումնասիրելիս։
-Էլի Շուշին։
Լռություն կա, որ ոչ մի ձևով չի լցվում բառերով։ Ամենը, ինչ հայտնվում է այդ լռության ու մարդու սահմանին, քանդում է լռության խորհուրդն ու պատերը։
Լռություն կա, որ հավատարիմ շան նման ուղղակի նայում է աչքերիդ մեջ ու՝ ոչ մի բառ։
Տաքսու վարորդն առաջինն է խախտում լռությունը.
- Հիշու՞մ եք, որ Արցախում սրտից հիվանդ մի մարդու մասին գրեցին, ինֆարկտով դիրքից չէր իջել։
֊Չէ՛, կներեք, աչքովս չի ընկել երևի։
֊Բա էդ էլ չեք հիշու՞մ, որ Հակարի կամրջի վրա Արցախից դուրս գալուց առաջ մեկը հետ էր նայել, իր գրած բանաստեղծությունը արտասանել Շուշիի մասին, նկարել էին։
- Ես բանաստեղծությունների սիրահար եմ, եթե լսած լինեի, հաստատ դա էլ կհիշեի, կներեք, աչքովս չի ընկել։
֊Ես էդ տղեն եմ։
Ամեն դեպքում ժպտում եմ, ինձ ուրախացնում է, որ 60-ին մոտ մեծ տղամարդն իր մասին խոսելիս ասում է` տղա եմ։
Ու քանի որ ես բանաստեղծությունների սիրահար եմ, Շուշիի` հայտնի դարձած բանաստեղծությունը մի անգամ էլ ինձ համար է հնչում։
- Աստվածաշնչում Ղովտի կնոջ մասին մի պատմություն կա, որ ետ է նայել թե չէ, աղի արձան է դարձել, հիմա մենք հետ չնայե՞նք։
-Մենք արդեն արձան ենք ու քար` անկախ նրանից ե՞տ ենք նայում, թե՞ առաջ...
Լռություն կա, որ ծանր խավարի պես թանձրանում է այնքան, որ այդ թանձրության մեջ տառ անգամ չես կարող խցկել... Բայց մեղվի նման բզզում է միշտ ուղեղիդ մեջ, արյանդ ու չի խաղաղվում։
-Բայց ասեմ, քուր ջան, նեղված ես մի տեսակ, մի լավ բան ասեմ ձեզ. հինգը տղա ունեմ...
Ժաննա Հայրապետյան