Հրապարակվող սոցհարցումների հանդեպ առանձնակի հավատ չունեմ, թեպետ, հիմնականում ներքին գործածության համար, ստույգ տեղեկատվական հավաքագրումներ արվում են: Առավել ևս վստահում եմ իմ դիտարկումներին, տպավորություններին ու առողջ տրամաբանությանը: Էս տեսանկյունից էլ ասեմ, որ Հայաստանի չափահաս բնակչության 80 տոկոսից ավելին դժգոհ է գործող չարաբաստիկ իշխանություններից: Հետևաբար՝ ընդդիմադիր դաշտի համար լայն հնարավորություններ կան անվիճելի հաղթանակ տանելու առաջիկա ընտրություններում: Միայն թե ընդդիմադիրները բանիմացորեն ու համբերատար, գիշեր-ցերեկ պետք է աշխատեն դժգոհների ու վարանողների հետ, նրանց մեկ առ մեկ պարզաբանեն պահի ճակատագրականությունը: Շատ խոսելու կարիք չկա, ուղղակի հարկ է ասել, որ նման իշխանության շարունակության դեպքում կունենանք, իրոք, Հայաստանի կործանում, նախ, քաղաքական, ապա և տնտեսական ու ֆիզիկական լիկվիդացիայի ձևով: Աչքի առաջ նկատի ունենալ Արցախի ու ՀՀ մի շարք տարածքների կորուստները, որոնց հնարավոր անեքսիային ոչ ոք չէր հավատում, բայց էդ մասին ժամանակին ահազանգում էին իրավիճակը սթափ գնահատող մարդիկ: Ընդդիմությունը պետք է հստակ ներկայացնի ընտրողներին, թե որոնք են մեր երկրի իրական շահերը, որոնք նաև յուրաքանչյուր հայի շահերն են, ինչը կօգնի համարժեք, այսինքն՝ հայավարի քվեարկել հունիսի 7-ին:
Երբ իշխանությունը կատարում է մի ոճիր, երկրորդը և հաջորդիվ կատարելը նրա համար այլևս «տեխնիկայի» հարց է: Նման «տեխնիկա» է ներկա պահին կատարելագործում կապիտուլյանտ իշխանությունը, չարափառորեն սկսած իր նախընտրական քարոզարշավում տիրաժավորելով դավաճանական կեցվածքի նորանոր «հիմնավորումներ»՝ մեկը մեկից այլանդակ ու սուտ, բոլորը՝ հակաարցախյան, հակահայկական ու հակապետական: Թշնամուց առավել թշնամի է ներկայանում դավադիր խմբակը: Ինքն ավելի է բացահայտում իր վտանգավոր կերպարը, քան դա կարող են անել այլախոսներն ու ընդդիմադիրները:
Դավադիր իշխանության դեմ հատուկ կռվել պետք չէ քարոզչական ճակատում, իրենք փայլուն կռվում են իրենց դեմ՝ այդպես դուրս մղվելով հայ ժողովրդի իրական ու պատմական օրակարգերից: Ընդդիմությանը մնում է, իրոք, ինքնամատուցվող հաղթանակը ձեռքից բաց չթողնել:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ