Տավուշի մարզն Ադրբեջանի հետ ունի շուրջ 300 կմ սահման: Մարզի բնակչության մոտ 53 տոկոսն ապրում է սահմանամերձ բնակավայրերում: Բարեկեցիկ ապագայի համար բնակիչների մեծ մասն անվտանգության ապահովումը համարում է առաջնահերթություն, մինչդեռ ոմանց համար կարևորը նոր աշխատատեղերի ստեղծումն է և համայնքի տնտեսական աճը, ինչի բացակայության արդյունքում տղամարդիկ գերադասում են աշխատանք փնտրել երկրից դուրս: Այդ առումով հայ միգրանտների նախընտրելի երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, թեև վերջին տարիներին նկատվում է այդ ուղղությամբ միգրացիոն հոսքերի նվազում:
«Իրատես»-ի հետ զրույցում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ 2025 թվականին, 2024-ի համեմատ, դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքերը նվազել են 30 տոկոսով, ինչը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացմամբ։
«Մեր դիտարկումներով՝ արդեն 30 տոկոս նվազում ունենք, և այդ տոկոսը գնալով աճում է՝ պայմանավորված խստացումներով։ Մենք տարեկան կտրվածքով ՌԴ-ում ունեցել ենք շուրջ 100 հազար աշխատանքային միգրանտ, որոնք ունեցել են կամ աշխատանքային, կամ քաղիրավական պայմանագիր։ Այդ թիվը բավականին նվազել է, նույնիսկ 70 հազարից էլ պակաս է հիմա պայմանագրով աշխատողների թիվը: Մեր դիտարկումներով՝ դեպի ԵՄ անդամ երկրներ աշխատանքի մեկնելու միտում կա։ Արդեն դեպի Լեհաստան մեկնելու և աշխատանքային վիզաներ ստանալու տենդենց է նկատվում»,- ասում է տիկին Բեժանյանը։
Բայց ահա, Աչաջուրի բնակիչ Վարդանը երբեք չի մտածել արտագնա աշխատանքի մասին, գերադասել է մնալ գյուղում: Պայմանագրային զինծառայող է: «Սահմանը պահում ենք, դրանից լավ գործ կա՞, աշխատավարձը գոհացնող է, կարողանում եմ ընտանիք պահել, հող էլ ունեմ: Սա ավելի ձեռնտու է, քան թե դրսում աշխատանք փնտրելը: Կարծում եմ, որ գյուղը չպետք է թողնել ու գնալ, այստեղ էլ աշխատանք կա, կարելի է ապրել: Օտարության մեջ էլ խնդիրներ կան, նրանց օրենքներին պետք է հարմարվես, ընդունես, բայց քո հողն ու ջուրն ավելի ապահով է, ու հենց նա ՛ պաշտպանության կարիք ունի: Գյուղից մի 20 հոգի ինձ նման պայմանագրային զինծառայող են: Աշխատելով տուն ենք պահում, տուն պահելով՝ ընտանիք: Պիտի ճանաչես քո հայրենիքը, ճանաչես, որ սիրես, սիրես, որ պաշտպանես հարկ եղած դեպքում»,-ասում է Վարդանը:
Տարեց աչաջուրցիների համար աշխարհի ամենալավ ու հանգիստ տեղը հայրենի գյուղն է: 68-ամյա Գարեգինին հարցնում եմ գյուղի բնակչության թվի մասին, ասում է՝ 2500 ընտրող կա, իսկ բնակիչների թիվը՝ «դե, մի 7000 մարդ կա»: Մինչդեռ մշտական բնակչության թվաքանակը 2025թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 4304 մարդ:
Բնակիչների հետ զրույցից պարզվում է, որ կյանքը բավականին բարելավվել է, հատկապես, որ ՀՀ կառավարությունը հնարավորություն է տվել սահմանամերձ գյուղական բնակավայրերում 16 մլն դրամի շրջանակում պետական աջակցությամբ տներ կառուցել: Իսկ այդպիսի տներ Աչաջուր համայնքում նկատելի են:
«Որը պետությունն է օգնել, որն էլ խոպանից բերած փողով են սարքել, աշխատանք որ լինի, բոլորն էլ լավ կապրեն: Օրինակ, ընտանիքիս ես էլ իմ փոքր խանութով եմ պահում: Այ, որ ասում ես արտագաղթում են, է, ինչքան էլ կյանքը լավանա, գնացողը կգնա, հերը տղուն ա փոխանցում, տղան՝ իր որդուն, էդպես եղել ա, ու կլինի»:
Անուշ Ներսիսյան
Հ.Գ. Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում։