ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Շահերի բախման կիզակետում. Դավիթ Կարապետյան

Շահերի բախման կիզակետում. Դավիթ Կարապետյան
24.10.2022 | 07:26

Մինչ Ադրբեջանն օրըստօրե կանոնավոր կերպով մեծացնում է հրադադարի խախտման տրամաչափը՝ գնալով իրավիճակի աստիճանական սրման և նոր արհեստածին սադրանքների, հայկական կողմի խնդրանքով ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով։


Թե ինչպե՞ս է 40 հոգանոց առաքելությունը դիտարկում իրականացնելու Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, որը 44-օրյա պատերազմից հետո դարձել է շուրջ 300 կմ՝ դեռ ճշգրիտ բացատրություն չունի:
Էլ չեմ խոսում այդ թվաքանակով առաքելության գործունեության արդյունավետության մասին:
Միայն գիտենք, որ գործնականում առաքելության մանդատը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում իրավիճակի վերահսկումն է, քաղաքական բնույթի եզրակացություններ չանելն է և դեպքերի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին հաշվետվության տեսքով փոխանցելն է:


Ի դեպ՝ նրանք քաղաքացիական դիտորդներ են, հետևաբար՝ ռազմական բաղադրիչ չկա։
Դե իսկ հիմա էլ մշակվում է առաջիկայում ՀԱՊԿ հերթական նիստ անցկացնելու հարցը։
Ենթադրվում է, որ նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները:
Ինչպես տեսնում ենք՝ բոլորը պատրաստակամ են մեզ օգնել:
Թե՛ Եվրոպան, և թե՛ նույնիսկ ՀԱՊԿ-ը...


Օգնության տրամադրման համատեքստում հատկանշական է Իրանի վարքագիծը:
Այսօր Կապանում, Իրանի գլխավոր հյուպատոսարանի հիմնարկեքին, Իրանի արտգործնախարարը բավականին հաճելի և կարծես թե վստահություն ներշնչող հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե «Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը», և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին:
Որ իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու, որ այն իրենց «կարմիր գիծն է», և կձեռնարկեն բոլոր քայլերը՝ դա կանխելու համար։


Ավելին՝ հատուկ ընդգծվեց, որ Իրանը հնարավորություն ունի դիմակայելու և խոչընդոտելու ցանկացած նման գաղափարի իրականացմանը։
Որ Սյունիքի մարզը «Հյուսիս-Հարավ» մեգանախագծի կարևորագույն հատվածներից է, և Իրանը Հայաստանը համարում է Պարսից ծոց-Սև ծով միջանցքի առանցքային տարանցիկ երկրներից մեկը, իսկ Թեհրանը մաքսիմալ ջանքեր կգործադրի, որպեսզի հենց այս ճանապարհով զարգանան տարանցիկ բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները:
Դե, իսկ նորանշանակ հյուպատոսն էլ, հետ չմնալով, հայտարարեց. «Ես Կապանի բնակչության համար ևս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանա՛ք, ես Կապանում եմ»։
Նման հաճելի խոսքերից ու հաստատակամ հայտարարություններից հետո արտգործնախարար Միրզոյանին մնում էր շնորհակալության ու երախտիքի խոսքեր հայտնել՝ շեշտելով, որ Գլխավոր հյուպատոսության բացումը, բացի այն, որ նոր որակ կհաղորդի հայ-իրանական առանձնահատուկ հարաբերություններին և կնպաստի երկրների միջև կապերի զարգացմանը, նաև Հայաստանում գիտակցում և հասկանում են մեր երկրի ողնաշարը հանդիսացող Սյունիքի մարզում Գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշման կարևորությունը:


Ի դեպ, որպես «փոխադարձ քայլ» ասվեց, որ Հայաստանն իր հերթին պատրաստ է Թավրիզում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություն:
Ամեն դեպքում, ողջունելի է:
Ողջունելի է նաև այն, որ ՌԴ-ի կողմից իրանական ԱԹՍ-ները Ուկրաինայում կիրառելուց հետո, ինչպես 22 երկները, այնպես և Հայաստանը հետաքրքված են դրանք ձեռք բերելու և դրանցով սեփական արսենալը համալրելու հարցում:


Ողջունելի է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի հայտարարությունն այն մասին, որ «հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք», և որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ:
Ողջունելի է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կրկին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի սուվերեն տարածքի Մեղրիի հատվածով երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է բացառապես Հայաստանի դիրքորոշումից։


Իհարկե դեռ հարց է, թե արդյո՞ք ճանապարհների ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում։
Չնայած պաշտոնական հայտարարություններին՝ դրանց հաջորդում են կուլիսային գործողություններ, իսկ գործընթացի որոշ մասնակիցների կողմից՝ ճիշտ հակառակն ասող հայտարարություններ։
Ինչևէ:


Մինչ մենք Կապանում ջերմ ընդունելության ենք արժանացնում Իրանի արտգործնախարարին, Կապանից մի քանի կիլոմետր հարավ՝ Կովսականում (Զանգելան) կրկնակի ջերմությամբ Ալիևն է դիմավորում Էրդողանին, ով ժամանել էր թվով երկրորդ միջազգային օդանավակայանի բացման հիմնարկեքին:
Ի դեպ, սա երկրորդ միջազգային նշանակության օդանավակայանն է, որը շահագործման է հանձնվել Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանից հետո։
Երրորդ օդանավակայանը կառուցվում է Բերձորում (Լաչինի շրջան)։
Կովսականում ոգևորված Ալիևը կասի, որ Թուրքիան Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն է, որ իրենց եղբայրությունը պատերազմից հետո ավելի է ուժեղացել։ Մանավանդ, երբ ստորագրվեց «Շուշիի հռչակագիրը», և որ այդ եղբայրությունն ազդակ է աշխարհի և տարածաշրջանի երկրներին։


Դե, իսկ Էրդողանն էլ «համեստի մեջ»
կխոսի «միջանցքից», ասելով. «Որոշ երկրների մտահոգությունները Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները կկապի Նախիջևանի հետ՝ բացարձակապես անհիմն են»։
Միաժամանակ էլ կհայտարարի, որ Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երևանից:
Ինչևէ, սա սինխրոն աշխատելու ու իրապես դաշնակցային հարաբերությունների դրսևորման դասական օրինակ է, երբ միահամուռ ջանքերով վերջիններս հասնում են իրենց նպատակին:
Ի դեպ, այդ նպատակներից մեկն էլ «Ջաբրայիլ» հանգուցային ենթակայանով ավելի շահավետ մուտքի ապահովումն է դեպի եվրոպական էներգետիկ շուկաներ։


Այդ ենթակայանը ոչ միայն կապահովի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» շրջաններին, կմիացնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի ընդհանուր էներգետիկ համակարգին՝ այդ կերպ բավարարելով տարածաշրջանի ընթացիկ մեգածրագրերի կարիքները, այլ նաև «Ջաբրայիլ-Նախիջևվան-Ագրի» (Թուրքիա) ենթակայաններով, Թուրքիայի էներգետիկ համակարգի միջոցով մուտք կապահովի դեպի եվրոպական էներգետիկ շուկաներ՝ ավելացնելով արտահանման հնարավորությունները:


Այն գերշահավետ կլինի երկու երկրների համար՝ միաժամանակ:
Էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանն այսօր քննարկում են մեկ այբուբենի ստեղծման հարցը։
Ղրղզստանում իր առաջին նիստը կանցկացնի հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որը կներառի յուրաքանչյուր երկրի երկուական ներկայացուցիչ։
Այս ամենով՝ «Մեծ Թուրանի» կյանքի կոչման ճանապարհին մնում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որով պետք է ապահովվի ոչ միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը, այլև՝ Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի վրայով՝ նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների միջև անխափան և ամենակարճ հաղորդակցության ուղին։


Դե, իսկ «բոլորիս դաշնակից և եղբայր» Ռուսաստանը՝ ի դեմս նախագահ Պուտինի, իր երախտիքը կհատնի Էրդողանին՝ Թուրքիայում նախատեսվելիք գազային հանգույց ստեղծելու, «Թուրքական հոսքը» բարեհաջող աշխատեցնելու, ամենահուսալի գործընկեր լինելու համար:
Իսկ մեզանից վերջինս ունի կոնկրետ պահանջ, որը կոչվում է «միջանցք»։
Այդ պահանջը չկատարելու պարագայում մենք գտնվելու ենք հիբրիդային պատերազմում, և այդ պատերազմում մեր դեմ «օգտագործվելու է» Ադրբեջանը:


Իսկ «մենք» դեռ էմոցիաների, ճամարտակումների, անսպառ սին լավատեսության արդյունքում, կոնվենցիոնալ վերլուծություններով ու կոնսպիրոլոգիական տեսություններով, «Աստված տա Թուրքիան կործանվի» եզրույթներով կխոսենք Ռուսաստանի կործանումից, Թուրքիայի մասնատումից, Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Կիլիկիայի վերադարձից, «Վիլսոնյան Հայաստանի» կյանքի կոչելուց՝ հակա կամ մետ լինելով ու «գավառական շուստրիությամբ» արտաքին քաղաքական վեկտոր փոխելուց, աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրության վրա խաղադրույք կատարելով՝ ճամբարափոխություն իրականացնելուց:


Եվ սա՝ առանց հաշվի առնելու այն, որ հարևան երկիրը 8 րոպեում կարող է մտնել Հայաստան:
Ավելին՝ հաշված ժամերի ընթացքում կարող ենք կորցնել ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Սյունիքը, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մեծ մասը։
Իսկ պատմությունը կրկնվելու հատկությունն ունի:
1920-ի պատմությունն է աչքներիս առաջ, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս-թուրքական համաձայնությունների «հողմաղացում»...


Հաշվի չառնելով այն, որ իրականում մեր տարածաշրջանը երբևէ չի կարող դուրս գալ ռուսական ուղեծրից, որ իրենց գերխնդիրը տարածաշրջանը պահելն է իրենց հսկողության տակ, որ ռուսները չեն հրաժարվելու իրենց հեգեմոնիզմից, որ չեն թողնի ու պարզապես հեռանան, կամ որ ռուսների հեռանալուց հետո ամերիկացիները կամ բրիտանացիները չեն գալու ու մեզ «տեր կանգնելու», առավել ևս մեր տեղը կռվելու...
Ուկրաինայի օրինակը՝ մեր աչքի առաջ...
Իրականում ոչ մեկին չի հետաքրքրում մեր ճակատագիրը, ավելին՝ նրանք թքած ունեն նման բաների վրա...


Ամեն մեկը շարժվում է իր գեոպոլիտիկ շահերով և ունի իր կարմիր գծերը:
Մանավանդ մեր տարածաշրջանին տիրանալու համար մի կողմից պայքարում են ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Բրիտանիան, մյուս կողմից՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Իրանը, ինչի արդյունքում Հայաստանը «պատառ-պատառ» են անելու...
Այնպես որ, ոչ մեկին պետք չէ «փրկիչ» կարգել, անիրական սպասումներով ինքնախաբեությամբ զբաղվել, այլապես նորից կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ ու նորից սկսելու ենք մեղադրել բոլորին, բայց ոչ՝ մեզ...


Ե՞րբ ենք, ի վերջո, իրատեսորեն ու ադեկվատ գնահատելու ստեղծված իրավիճակը, գործադրելու երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների հաղթահարման խելամիտ մեխանիզմները, հնարավոր ելքերն ու միջոցները:
Եվ ի վերջո, ե՞րբ ենք ձերբազատվելու ինքնախաբեությունից ու ինքնահամոզումից:
Բոլորիս և հատկապես գործող իշխանություններին սթափության կոչ եմ անում։
Հուսով եմ, որ նման բարդ իրավիճակներից դուրս ենք գալու պատվով՝ առանց պետական ու ազգային շահերի ստորադասման ու սակարկման:
Աստված մեզ օգնական:

Դիտվել է՝ 59118

Մեկնաբանություններ