«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

MADE IN TURKEY (մաս 14-րդ)

MADE IN TURKEY (մաս 14-րդ)
25.02.2023 | 11:48

Սկիզբը՝ այստեղ

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ

(կամ` երբ «չի ճարվում» թունավոր հղիությունն ընդհատելու «անիծյալ» մի քանի դրամը)


ՄԻՋՆԱՐԱՐ
Ի՜նչ եղավ հետո, երբ.
ա) չճարվեց «թունավոր հղիությունն» «ընդհատող» երկրափրկիչ «սանիտարին» վճարելիք անիծյալ մի քանի դրամը` կանաչի տեսքով,
բ) մերժվեցին (արդեն կարևոր չէ` կամա՞, թե՞ ակամա) ՀՀ-ի «անապագա» ապագան կանխարգելող հակաքայլերը` «դիպված-պատահար. ողբերգական ավարտ» տարբերակով:
գ) իսկ «շախմատային մեծ տախտակի» (ո՛չ Զբիգնև Բժեզինսկու) առջև խաղացողը, որը Հայաստանի թիվ մեկ շախմատիստի համարումն ուներ, «հանգստացնում» էր բոլոր մտահոգներին.
- Խաղաղվե՛ք: Ամեն քայլ վերահսկվում է: Կգա պահը` կմաշվեն, կվերջանան:
Այսօր անիմաստ են արհավիրքին շաղախված ցավոտ հեգնախառն հարցադրումները` մաշվեցի՞ն, վերջացա՞ն:
2018-ի ապրիլից Հայաստանը վերածվեց շախմատային վտանգավոր տախտակի, որի շուրջ խաղում էին ոչ թե երկու մրցակիցները` Սերժ Ազատրիչը և Քեմալ Քըլըչդարօղլուի փնթի ծաղրանկարը, այլ աշխարհի ուժային մի քանի կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը խաղադրույքը «վստահել» էր «Մերժիր Սերժին» կարգախոսով հայի կյանք ներխուժած մի թերուսի, որը երկրի թիվ 1 ամբիոնից հրովարտակում էր.
«Իմ կյանքի և գործունեության միակ նպատակը եղել է և մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը: Եվ ես պարտավորվել եմ, որ ոչինչ չեմ խնայի, նույնիսկ կյանքս չեմ խնայի հանուն քաղաքացու հաղթանակի»:


Շարադրանքի իրական PIN-կոդը, սակայն այլ գաղտնազերծում էր անում.
«Իմ կյանքի և գործունեության միակ նպատակը եղել և մնում է Հայաստանի` որպես պետության և պետականության վերջնական ոչնչացումը, Ադրբեջանի հաղթանակը:
Անկարայի բարձր դռան առաջ ես հանդիսավորությամբ երդվել եմ` ոչինչ, անգամ կյանքս չխնայել հանուն Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի ու վերջնական վիլայեթացման, հանուն Թուրքիայի պանծալի հաղթանակի:
Այլապես տասնամյակների իմ տքնաջան ու հավուր պատշաճի վճարված աշխատանքը որևէ իմաստ չի ունենա»:
Առանց սրա PIN/PUK կոդերը պարունակող ծրարը բացելու էլ, ի սկզբանե էր հստակ` եկել է (բերել են), որպեսզի վրեժխնդիր լինի ո՛չ թե «նախկիններից», այլ այն ամենից, ինչն իր մեջ «հայ» արմատն է կրում:
Բերել են, որպեսզի հայի գենետիկ թշնամուն մատուցի ազգի «հոգեղեն» հատվածը, որից հետո հայրենիքն ու մնացյալ արժեքները` անցյալ, մշակույթ, պատմություն և այլն, և այլն, զոհաբերելը կդառնա ժամանակի ու տեխնիկայի խնդիր:


PARTURIENT MONTES, NASCETUR RIDICULUS MUS
2018 թ., մայիսի 8:
Գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հարկադրված հրաժարականից ուղիղ 15 օր անց ՀՀ խորհրդարանում սկսվեց Հայաստանի Հանրապետության` ակնհայտ սրտխառնոցներով ու փսխումներով ընթացող «թունավոր հղիության» տրամաբանական ավարտը:
Ծննդաբերության տառապալից «գործընթացից» հետո.
ա) ՀՀԿ մի քանի պատգամավորներ,
բ) «հեղափոխության բարիկադներում» հայտնված և «ազգային պատուհասին» միավորված օլիգարխ Ծառուկյանը,
գ) կոալիցիայից հեռացած ու «Ելք»-ԲՀԿ «հաղթական» երթին միացած ՀՅԴ-ն
համատեղ ուժերով լույս աշխարհ բերեցին…
Երբ դադարեցին «ծննդկանի» ցավերը, փոքր-ինչ հանդարտվեցին պրկված նյարդերը բոլորը հասկացան, թե ինչ նկատի ուներ հռոմեական գրականության «ոսկեդարի» ներկայացուցիչ Հորացիոսը (Quintus Horatius Flaccus), երբ իր «Ars poetica» («Քերթողական արվեստ»)-ում գրում էր.
«Parturient montes, nascetur ridiculus mus»:
Թարգմանաբար` «Լեռը երկնեց և մուկ ծնեց»:
Հորացիոս Փլակոսի ակնարկած «մուկը», սակայն հայկական տարբերակում այնքան էլ մուկ չէր:
Իր ճանապարհին կրծողների դասի` ամեն ինչ լափող-ոչնչացնող մազաթափ այս ներկայացուցիչը բարգավաճում էր չկորցնելով և ոչ մի ակնթարթ ու վերածվում խեղդող շոշափուկներով այլանդակ հրեշի:


Շատերը փոշմանեցին, որ «պտուղը» չեն սպանել արգանդում, բայց արդեն ուշ էր:
Հրեշը, որ հզորանում էր վայրկյան առ վայրկյան «ծննդյան» առաջին իսկ ակնթարթներից հայտարարեց.
«Իմ վարչապետ նշանակվելը նշանակում է, որ ձեզնից յուրաքանչյուրն է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Հակառակ դեպքում այս ամենը որևէ իմաստ չի ունենա»:
Հավատացին փրԳչին, երկրպագեցին որպես սուրբ կով ու սրբադասեցին:
«Ես ուզում եմ խոնարհվել ձեր բոլորի առաջ,- գոռում-գոչում էր վարչապետ կարգված չար ոգին:- Ես ուզում եմ խոնարհվել այն հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ, ովքեր այս օրերին լեփ լեցուն են պահել Երևանի Հանրապետության հրապարակը:
Ես ուզում եմ խոնարհվել բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր այս ընթացքում վտանգելով իրենք իրենց իրականացրել են քաղաքացիական անհնազանդության հզոր գործողություններ:
Ես ուզում եմ խոնարհվել նրանց առաջ, ովքեր այս ընթացքում մեզ մի կտոր հաց են տվել, մի բաժակ ջուր են տվել: Մեզ օգնել են մի լումայով կամ 100 դոլարով, կամ 100 000 դրամով:
Ես ուզում եմ խոնարհվել մեր բոլորի առաջ, որովհետև մենք հուսահատության պահին կարողացանք կերտել ազգային միասնության մի փառապանծ ժամանակ:
Մենք ապացուցեցինք, որ հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պիտի լինի հավիտյան:
Պիտի գոյություն ունենա հավիտյան և պիտի լինի հզոր ու հաղթանակած պետություն ու ժողովուրդ:


Եվ ուրեմն կեցցե՜ ազատությունը:
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՜ն մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում»:
Չարից դյութված խե՜ղճ երեխաներ, ի՜նչ իմանային, որ սեփական ձեռքերով զոհասեղան են բարձրացրել ու արդեն գլխատել են իրենց «ազատ և երջանիկ Հայաստանը»:
Ի՜նչ իմանային, որ ընդամենը 2 տարի անց այս հարամին բայրաքթարներով կարկտահարելու և անկատար է թողնելու իրենց պատանեկան վառ երազանքներն ու իղձերը:


Որ առանց անուն-ազգանվան «պլյուս»-«մինուս» հիսուն է անելու 5-6 հազար ընդհատված ճակատագրերը:
Որ ներկայացված «չոր» հաշվարկների տողատակերում դեռ կյանք չմտած քանի՜ հազար աշխարհներ է թաղելու:
Այդ ամենը, սակայն շատ մոտ ապագայում:
Իսկ առայժմ չարքը գործում է ժանրի բոլոր օրենքներին համապատասխան.
«3 միլիոն վարչապետերի» ստիպում է ժամանակը հաշվել ո՛չ թե վայրկյաններով ու րոպեներով, այլ քայլարած «տրեխների» մաշվածությամբ:
Խաբված ամբոխները կեղծ հաղթանակի հովերով տարված չեն էլ զգում, որ Հայաստանը վերածվում է հպարտ «տրեխավորների» երկրի:


Չեն նկատում, որ ապօրինածինն ապօրինությամբ է փորձում պահել իշխանությունը. մինի-բեմադրությամբ փողոցում նախարարներ ազատել-նշանակելով, դատավորներին ու պատգամավորներին պատանդ վերցնելով, դատարանները շրջափակելու կոչերով, հայհոյելով, գռեհկաբանելով:
Չեն ընկալում, որ Հայաստանի «հետո»-ն նմանվում` ավելի ստույգ, «զարգանում» է համարյա ըստ Նար-Դոսի.
թե ինչ է լինում հետո, երբ իշխանության են բերում չտես, կիսագրագետ, խառնակիչ, բանսարկու, դասալիք, փնթի, որկրամոլ, գործ տվող, ստախոս, զրպարտիչ, գռեհիկ մի կապիտուլյանտի:


ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Որո՞նք էին ՀՀ-ի «անապագա» ապագան կանխարգելող հակաքայլերը:
2. Հայաստանն ովքե՞ր վերածեցին շախմատային վտանգավոր տախտակի:
3. Համատեղ ուժերով ովքե՞ր լույս աշխարհ բերեցին «ազգային պատուհասին»:
4. Հրեշը «3 միլիոն վարչապետերի» վայրկյանների ու րոպեների փոխարեն ինչո՞վ ստիպեց հաշվել ժամանակը:
5. Ապօրինածինն ի՞նչ ապօրինություններով էր փորձում պահել իշխանությունը:
(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 34849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ