Շարունակում եմ հին ու նոր տարին իր ավարտով ու սկզբով ներառած ծովային շրջագայության պատմություններս։ Քաթարից հետո այսօր հերթը Բահրեյնինն է՝ մի զարմանահրաշ երկիր, որը սկզբից ոչ թե առանձնապես, այլ ընդհանրապես չտպավորեց, սակայն վերջում ներկայացավ որպես մի այլ կարգի ապշեցուցիչ հեքիաթ։ Եվ այսպես՝
ԲԱՀՐԵՅՆ
(մաս 1-ին)
Ինչպես Քաթարի պարագայում էր, վիկիպեդիական հավաստիացումները թողնում եմ ձեզ, անցնում եմ լսածիս, տեսածիս, տպավորածի շարադրմանը։
Բահրեյնը, որ ունի Պարսկական ծոցի մարգարիտ համարումը, նույնքան հրաշք է, որքան Քաթարը։ Այնպես որ հնարավորություն ունենալու դեպքում գնացեք, անպայման տեսեք։ Կրթության, գիտության, բնակչության առողջապահության հարցերում այստեղ գործում են նույն մոտեցումները, ինչ Քաթարում են։
Յուրահատկությունների մասին։ Բնիկները կազմում են բնակչության առավելագույն մասը՝ 63 տոկոս։ Էմիրություններում այդ թիվը 7-ն է, Քաթարում՝ 11-ը։ Բահրեյնում վերջին 50 տարում հացը չի թանկացել։ Սա չի նշանակում, թե այն ընդհանրապես չի թանկացել։ Ոչ։ Թանկացել է, սակայն ո՛չ երկրի բնակչության համար ու դա այն պարզ պատճառով, որ պետությունն այդ հավելյալ ծախսը վերցրել է իր վրա։ Բահրեյնցիները ուտում են ոչխարի միս։ Այն ձեռք բերելու համար պետությունն բնակիչներին հատկացնում է կտրոններ, մարդիկ դրանք խանութներում ապրանքայնացնում են։
Զբոսավարի հավաստմամբ այստեղ գողություն ասածը որպես հասարակական հնչողության երևույթ, ըստ էության չկա։ Այնպես որ խնդրո կտրվածքով դիտարկելիս ոստիկանությունը մատնված է հարկադիր պարապուրդի։ Միաժամանակ տեղեկացնեմ, որ Բահրեյնն անհամեմատ ազատ երկիր է այն առումով, որ կանայք այստեղ կարող են հասարակական վայրերում ծխել։
Եվ այնուամենայինիվ հայերիս պարագայում Բահրեյնում վիրավորական բան կա։ Բանն այն է, որ այս կղզին հավակնում է դառնալ բիբլիական դրախտի տեղորոշված տարածք։ Իհարկե, ես պարտքս համարեցի զբոսավարին զգուշացնել, որ հայերս բիբլիական դրախտավայրն այդպես հեշտությամ թույլ չենք տա Հայկական բարձրավանդակի սահմաններից դուրս հանել, ինչն ընդունվեց ի գիտություն։ Համենայն դեպս, սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ մեր տակից բիբլիական դրախտավայրը քաշելու միտումներ են դրսևորվում, և դա տևական ընթացք ունեցող գործընթաց է։
Թանգարաններում երկրի կյանքն իր անցյալով ու ներկայով խիստ ուշագրավ է ներկայացված։ Այն մատուցվում է պրոցեսի մեջ, ինչն անհամեմատ տպավորիչ է, քան, ասենք, որևէ ցուցանմուշ ինքնին ցուցադրելը։ Աչքիդ առաջ մարդկանց զբաղմունքներն ի տես անելու կողքին թե հարսանեկան ծես է, թե թաղման ծես, թե ուսումնական գործընթացի ցուցադրում․․․ Ցուցադրման մեջ, մի խոսքով, ներառված են երկրի բնակչության բոլոր հանգուցային զբաղմունքների, հասարակական կյանքի տարբեր դրսևորումների պատկերում-ցուցադրումը։
(շարունակելի)
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ