Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով վնաս կհասցնի Իրանի ժողովրդին: «Մենք երբեք կոնֆլիկտ չենք նախաձեռնել, բայց յուրաքանչյուր ոք, ով վնաս է հասցնում Իրանին, ծանր ապտակ է ստանալու»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ էր տվել Իրանին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար և համապատասխան նամակ ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին։               
 

MADE IN TURKEY (մաս 34-րդ)

MADE IN TURKEY (մաս 34-րդ)
29.01.2025 | 15:44

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 33-ՐԴ

(կամ` նիկոլական մոտիվներով շվեյցարական հեռուներից հնչած թուրքական «մուղամի» իսկական «կլկլոցը» լսելի կդառնա առաջիկայում)

Ինչ կարելի է համահայկական ԵԶԻՆ, չի՛ կարելի Զևսի՞ն

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»:

Թրքաշունչ այս շիզոֆրենիան, որն էյֆորիկ ցնծությամբ ընդունվեց թշնամական ճակատում և արժանացավ հատկապես ադրբեջանական պատմաբանիչ-պատմա«գրիչ»ների շնորհակալություն-գնահատանքին, հուզումների հզոր ալիք առաջացրեց հայ ժողովրդի` ազգը ներկայացնող հատվածի շրջանում:

Իզու՛ր:

Շվեյցարիայում խաղարկվածը թուրքական շահերի սպասարկման և դիլետանտիզմի սովորական սիմբիոզ էր:

Կուզեք` hաշվետվություն, «փաշա քափըսը»-ին, իմա` Ռեջեփ բեյի «բարձր դռանը», և իրազեկում-շոկաթերապիա սեփական ժողովրդին:

Արտառոց ոչինչ չէր կատարվել:

«Հաճախորդը», որ ի սկզբանե անորակ ու անպետք «ապրանք» էր, ծնողների խոտան արտադրանք, կրկին ու վերստին իր սիրած զբաղմունքի, ինչպես կասեին սփյուռքահայերը` ծիրին մեջ, մտահոգության ծխածածկույթն էրդողանոտ դեմքին քաշած, սմբակներով հարվածում էր հայի ինքնությանը, հայի սրբության սրբոցին:

Ե՞րբ այդպես չէր գործել, որ:

Ժամանակին ընդամենը կարդալ էր պետք սրա «գրոց-մրոցներն» ու չանտեսել նավթահոտ թաքնագիրը գաղտնազերծող անձանց բարձրաձայնումները, առավել ևս, խավիարաբույր «թավիշի» հիստերիկ խառնափնթորում չդառնալ ծղրտացող հոգեգարի կամարտահայտիչն ու «հեղափոխության և ժողովրդի թշնամիներ» հայտարարվածների վիրտուալ թաղման թափորների անպատիվ մասնակիցը:

Եթե ուզում եք «նորաձև կրթվել»` անվերապահորեն աչքի անցկացրեք սրա երբևէ գրածները, թերթեք ընտանեկան սեփականություն հանդիսացող լրատվամիջոցի անցյալի դեղին էջերը:

Ինչե՜ր կհայտնաբերեք:

Ո՜նց կզարմանաք ու կզայրանաք:

Հետին թվով կբացահայտեք, որ պսևդոմոնթեն իր հարյուրավոր զոհերի քայքայված մարմիններից մնացած տարբեր մասերի հետ պոլիէթիլենային տոպրակների մեջ արգելափակել ու Աբովյանի տուբդիսպանսերի հատակին և Գորիսի դիահերձարանի սառնարաններում թաքցրել է հայի ինքնությունը, ազգային արժանապատվությունը, հավաքական պատիվը, հայ տեսակի գոյության ու նրա պետականության ապագան:

Հիմա էլ` հարազատ իր ցեղի արյան կանչին, «պատմական արդարությունը վերականգնելու առաքելությամբ», նույն ապականված «մեշոկի» մեջ է փորձում խցկել և հային զրկել քաղաքական ու աշխարհաքաղաքական գործոն-իմունիտետից՝ Հայոց ցեղասպանությունից:

Ինչու՞:

Ա՛յդ են պահանջում անգլոսաքսերի շահերը:

Ա՛յդ են պահանջում Թուրքիո շահերը:

Շահեր, որոնք մոլորակի աշխարհաքաղաքական քարտեզին արդեն չեն էլ տեսնում Հայաստան պետությունը, որն իր գոյությամբ խոչընդոտ է դեպի մեծ Թուրան ճանապարհին:

Թերթե՛ք, թերթե՛ք անցյալը:

Թերթե՛ք ու համոզվեք, որ ուրացողն իր, իբր հայկական, բայց իրականում «Թուրքական ժամանակ»-ն իսկական զենք դարձրած մարտնչել է Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների ներքո:

Կուրծքը վահան դարձրած պաշտպանել է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային բոլոր ծրագրերը:

Պայքարել ու տիկնիկավար «ամենահաս ձեռքի» նպատակային միջամտությամբ և տարբեր մեխանիզմների գործադրմամբ չեզոքացրել-վնասազերծել է այն ուժերին ու գործիչներին, ովքեր դեմ են եղել Թուրքիայի առաջխաղացմանն ու ամրապնդմանը Հարավային Կովկասում և հենց Հայաստանում:

Օգտագործելով PR զինանոցի հնարավոր բոլոր միջոցներն ու տեխնոլոգիաները լծվել է թուրք-ադրբեջանական տարանցիկ այն նախագծերի գովազդմանը, որոնց շունչ տալու համար պետք էր Ջավախքը:

ՈՒշադիր կարդացեք սրա հետևյալ տողերը.

«Թուրքիային Վրաստանը հարկավոր է իր անմարդաբնակ տարածքները զարգացնելու համար: Տարածքներ, որ այդպես էլ հնարավոր չի եղել կենդանացնել օբյեկտիվ պատճառներով»:

ՈՒշադիր հետևեք, թե ուր է տանում սրա մտքի թռիչքը, ինչպես կասեր դասականն իր անմահ պոեմում` «քաջ որսկանի գյուլլի պես»:

«Արևմտյան Հայաստան կոչվող տարածքները հյուսիսից շրջափակված են եղել Խորհրդային Միության կողմից, արևելքում Իրանն է, որի հետ Թուրքիայի հարաբերությունները չափազանց սառն են, իսկ հարավում Իրաքն է, որ ավանդաբար Թուրքիային իր թշնամին է համարել: Իհարկե, Արևմտյան Հայաստանը տնտեսապես զարգացնելու իմաստով Թուրքիայի համար ամենահարմար գործընկերը Հայաստանն է: Բայց հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու Թուրքիայի բոլոր ջանքերը ապարդյուն անցան, ու Հայաստանն այդպես էլ չկարողացավ ազատվել հակաթուրք բարդույթից»:

Ֆիքսեք.

ա) «Արևմտյան Հայաստան կոչվող տարածքներ»,

բ) «հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու Թուրքիայի բոլոր ջանքերը ապարդյուն անցան»

և

գ) «Հայաստանն այդպես էլ չկարողացավ ազատվել հակաթուրք բարդույթից»

արտահայտությունները:

Վերծանեք դեռևս 1998-ի հոկտեմբերին «Մոլորակ» թերթում հրապարակած հոդվածից առանձնացված այս երեք հակահայ մտքերի պին-կոդերը և շատ սահուն կկարդաք

Ալիևի սպառնալիքներին ու հնչեցրած թքոց-մրոցներին սրա հակադրած յոնջայակեր «խաղաղության» նավթադոլարախառն պատճառները:

Ճշմարտությանն առերեսվելուց հետո նորովի կընկալեք նաև «գազան» կրթատիկնոջ «ողբասացությունը»:

Շարունակելով մեծ ուրացողի «տեսակետների» ընթերցանությունը, ինչ-որ պահի հաստատ կբացականչեք`

է՜վրիկա, սա տարիներ շարունակ ազգուրաց, հողատու կեղտոտ «լվացք» է արել:

«ՈՒղեղս եռում է.

ինչու՞ թուրքերը չեն կարող մեր ճանապարհներն օգտագործել:

Ինչու՞: Ինչու՞: Ինչու՞:

Որտե՞ղ է տրամաբանությունը:

Թուրքերն են, ի վերջո, բարելավելու թե՛ Ջավախքի, թե՛ Արցախի, թե՛, իսկ ինչու՞ ո՛չ, նաև Հայաստանի տնտեսական վիճակը»:

Ընթերցողների, իսկ հարմար առիթների դեպքում նաև ունկնդիրների ականջներից կախել է մանտրա-ծածկագիրը նրանց մտապատկերներում ուրվագծել, իսկ հոգիներում ալտրուիզմ է սերմանել բարի ու կրթված թուրքի «ոչ մարդակեր» տեսակի մասին, որը փրկելու է Հայաստանն ու զարգացնելու տնտեսությունը:

Իսկ հիմա արդեն ժամանակն է ի հայտ բերելու «ճշմարտությունը»:

Մարիոնետից այդ են պահանջում երկրորդ էշելոնի տերերը` Էրդողանն ու Ալիևը:

Դե նա՛ էլ որոճացողի հնազանդությամբ բարձրաձայնեց.

«…ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է:

Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

Որպես տեղը տեղին վճարված հլու ստրուկ կատարեց պահանջված առաջին քայլը` հարցականի տակ դրեց Ցեղասպանությունը` որպես իրողություն:

Ամենևին չզարմանաք, եթե առաջիկայում սա «պարզի», որ

Համիդյան ջարդերի (1894-1896 թթ.),

Ադանայի կոտորածի (1909 թ. ապրիլի 1-4 և 12-14, որին զոհ գնաց ավելի քան 30 000 մարդ), ապա նաև

1915-1918 թթ. Մեծ եղեռնի ընթացքում հայերն են սպանել թուրքերին:

Նիկոլական մոտիվներով շվեյցարական հեռուներից հնչած թուրքական այս «մուղամի» իսկական «կլկլոցը» լսելի կդառնա առաջիկայում, երբ տղամարդուն ոչ հատուկ ականջ սղոցող ֆալցետով ուրացողը կիրազեկի.

պետք է ապամոնտաժել Ծիծեռնակաբերդում վեր խոյացող հուշակոթողը, վերացնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և հաշտ ու խաղաղ ապրել հայից տուժած մեծ եղբոր` թուրքի հետ:

Ջան ասել, ջան լսել: Առևտուր անել, փող աշխատել: ՈՒտել, խմել:

Այլապե՞ս…

Պատերազմ կսկսվի:

Ծանոթացեք տխեղծի գրած այս տողերին ևս.

«Միշտ ասել ու կրկնում եմ` Հայաստանը Թուրքիայի համար ճանապարհ է դեպի Կենտրոնական Ասիա:

Թուրքիան Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա:

Ադրբեջանը Հայաստանի համար ելք է դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանը Ադրբեջանի համար ելք է դեպի Թուրքիա, այսպիսով նաև Եվրոպա:

Ահա կոմունիկացիոն շահերի այն կծիկը, որի փոխկապակցված գործնական կիրառումը կնպաստի տարածաշրջանի կայունացմանն ու զարգացմանը»:

Պարզ է, չէ՞, որ գալով իշխանության, սա պետք է կոտրեր Արցախի Պաշտպանության Բանակի ողնաշարը, որը վերահսկում էր մինչև Սյունիք ձգվող սահմանը:

Պետք է հրահրեր պատերազմ, հանձներ Արցախը

Խաղաղության աղավնու կերպարանք առած գիշանգղը պետք է ծվատեր Հայաստանն ու կտոր-կտոր հանձներ թշնամուն:

Նաև պարզ է, չէ՞, թե 44-օրյայի ընթացքում ինչու չօգտագործվեցին մինչև 2018-ը ՌԴ-ից անվճար ստացված 50 հազար տոննա ամենամարտունակ զինատեսակները, ինչու՞ չկրակեց «Իսկանդերը» կամ, ինչպես հայտարարում էր անմեղսունակը` «կրակեց 10 տոկոսով»:

Ինչու՞ թշնամուն հանձնվեց հինգ միլիարդ դոլարի զենք-զինամթերքը:

Գաղտնագիրը կոդազերծելուց հետո դեռ ինչե՜ր կտեսնենք:

ՈՒ դեռ ինչերի՜ ականատեսը կդառնանք, եթե անտարբերությամբ շարունակենք հանդուրժել սրա անփառունակ «բնակությունը» ՀՀ վարչապետի աթոռին:

Շվեյցարիայից` աշխարհին հղած խիստ վտանգավոր «թեզ»-ից հետո 2018-ին փողոցներ լցված ագրեսիվ «մերժողները», սրա կողմն անցած մտավորականները, տարբեր երաժիշտներն ու գործիչները հասկացա՞ն, արդյոք, որ հեղափոխությունները հենց այնպես չեն բռնկվում:

Որ դրանք միշտ էլ ունենում են տերեր, կատարողներ և պտուղները վայելողներ:

Իսկ իրենք հայտնվում են ոչ թե սեփական երազանքների կառավարման լծակների մոտ, այլ որպես լավ օգտագործած ու կեղտոտված փալասներ նետվում են մոռացության աղբանոցը:

Հասկացա՞ն, որ 2018-ին «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության անվան տակ ՀՀ-ում բեմադրված աշխարհաքաղաքական մեծ ավանտյուրայում իրենք աննշան պտուտակի դեր անգամ չեն ունեցել, ընդամենը «массовка»-ն են ապահովել:

Հասկացա՞ն, որ ժողովուրդը երբե՛ք էլ ոչինչ չի որոշում:

Ժողովրդական զանգվածներն իրենց ակտիվ կամ պասիվ մասնակցությամբ ընդամենը վերջնական արդյունք են ապահովում պատմական տվյալ գործընթացում:

Բայց այս մասին մի ուրիշ անգամ:

Իսկ այժմ հայ ժողովրդի մաշկին, նրա իսկ թողտվությամբ, ներաճած թարախապալարի կերպարն ամբողջացնելու համար ակնթարթային մի հայացք էլ նետեք սրա խո՜ր անցյալին ու հստակեցրեք` ո՞վ է եղել պացիենտը պատանեկության անհեծանիվ տարիներին կամ մինչ Երևանի փողոցները չափչփելը:

Ի՛նչ իրավունքո՞վ:

Հե՛նց այն նույն` որով նա մթնոլորտն ապականող իր կեղտոտ շնչով փորձում է խցկվել իմ անցյալ ու «ճշտել», թե, դիցուք, Էրզրումում ի՛նչ է կատարվել տատ ու պապերիս հետ:

Ո՞վ է նա, ի՞նչ իրավուք ունի արյունոտ թաթերով քչփորելու մեր 130-ամյա անցյալը:

Հոգևոր հայրը` Էրդողա՞նն է արտոնել:

Նաև արյունակից Իլհամ եղբա՞րը:

Աքսիոմա, որ անվերապահ ճշմարտություն է, առանց ապացույցի ընդունվող դրույթ:

ՈՒ նաև ելակետ առաջիկա հատու և վճռական զարգացումների համար:

Այլապես…

Եթե ուժ չգտնենք կանգնեցնելու արդեն ընթացող սրբապիղծ խաղը, կտրելու սրա` 10 253 զոհերի արյամբ ներկված, ամեն տեղ մտնող քիթը, ապա սա մի օր կկանգնի խրոխտ ու հենց հայության սրտում` կառավարության շենքում, կկարդա հայ ժողովրդի` Անկարայում գրված դոլարագարշահոտ դամբանականը.

«Թուրքերը ճիշտ էին, հայերը` սխալ. Ցեղասպանություն չի՛ եղել»:

Քանի որ իսկական մենամարտ է առանց կանոնների, ապա անտեսելով բոլոր պայմանականություններն ու բարոյականության նորմերը, անվախ քչփորեք նրա անցյալը, ճշտեք ի՛նչ վախեր ու նախասիրություններ է ունեցել, իր հետ ի՛նչ է բերել այս աշխարհ ու ի՞նչ է ակնկալել աշխարհից:

Իհարկե նոր մանրամասն չեք հայտնաբերի, այնուամենայնիվ,

Պարոնյանի ասածով` «պտույտ մը կատարեք Ենոքավանի և Իջևանի թաղերուն մեջ» ու հարցրեք` ո՞վ էր սա հեղափոխությունից առաջ:

Անպայման գնացեք ու հարցրեք:

Չնայած`մարդիկ հիմնականում վախեցած են, զգուշանում են վրեժխնդրությունից, բայց հաստատապես կգտնվեն զրուցասերներ ու ձեզ կասեն՝ մինչ «հեղափոխությունը»…

Հարկադրական դադար:

Ստիպված կլինեք խմբագրել-սրբագրելու իջևանցիների հղած «սյունյաց ողջույնների» հյութեղ փաղանգը, որն այնպիսի «գոհարներ» կբացահայտի, որ կշարժի անգամ բանահյուսական այս ժանրի միակ ու անփոխարինելի առաջատարի` Վարդան Ղուկասյանի, իմա` Դոգ-ի, զարմանք-նախանձը:

Նաև անհրաժեշտություն կլինի մաքրելու «բույլք հայհոյաց»-ի ծալքերն ու շերտերը:

Հայ ֆոլկլորի հիշոցների «գանձարանի» ինքնատիպ նմուշների ցուցադրումից հետո, կտան հակիրճ բնութագրումը` «ստամոքսի կալանավոր», «իսկական ցեց», «ուղն ու ծուծը այլասերված վախկոտ կենդանի»:

Նաև կհավելեն` «Չե՞ք հավատում, թերթեք դրա «Երկրի հակառակ կողմը» պղծաշարադրանքը»:

«Խառնակիչ, ստախոս ստահակի մեկն էր, որ զբաղված էր միայն փորը լցնելով և բանսարկություններ անելով ու կռիվներ հրահրելով»:

«Հարբեցող ու գործ տվող սրբապիղծ ստահակ է, որ հասուն տարիքում արդեն մեծ պահանջարկ ունեցող կեղտոտ գործիք էր»:

Թերևս գտնվեն և այնպիսիք, որ պատմեն, ինչպես ժամանակին «Իրատեսի» խմբագրությանն իրազեկածները (համոզվելու համար թերթեք լրատվամիջոցի անցյալի էջերը), թե տղայական վեճերից մեկի ընթացքում ոռնոց-վայնասունով սա ոնց է հասնում հարևան թուրքական գյուղ և՞…

Ճիշտ կռահեցիք` ադրբեջանցի տղաներ բերում ազգակից (ազգակի՞ց որ) դասընկերների վրա:

Փորձեք գաղտնազերծել նաև պատանեկության տարիների այս նվաստ արարքի «պին կոդը»: Ինչպիսի՜ բացահայտումների կառերեսվեք:

Իսկ եթե սրա որևէ ուսուցչի գտնեք ու կարողանաք անկեղծ զրույցի տրամադրել, կպարզվի, որ դպրոցի հայտնի բանսարկու-խառնակիչը «թևքերը քշտած», անտեսելով սեփական «ես»-ի հնարավորությունների ու ցանկությունների հակադրությունը միշտ «բազարային կռիվ-դավի»-ների հենց առանցքում է եղել` ուշադրության կենտրոնում լինելու համար:

Գիտելիք չունենալով հանդերձ` ձգտել է առաջինը լինել:

Համագյուղացիների հետ շփումներից հետո հետադարձ մի հայացք էլ նետեք ընդհատակում (իրազեկների պնդմամբ` «տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս» կարգավիճակով) և բանտախցում, ապա քաղաքական դաշտում սրա «հետուառաջ»-ներին և կպարզեք՝ միշտ և ամենուր «քցող» որակվող հաճախորդը երբե՛ք չի դավաճանել միայն անձնական շահին:

Կարևոր չէ` որտեղ ու ինչ է ասել կամ խոսել:

Կարևորը՝ երբեք չեն համընկել սրա խոսքն ու գործը և չեն խփել սեփական գրպանին:

Այն, որ սույն գործիքը տիկնիկավարներից հանձնարարություն է ստացել` Արցախի օրինակով վաճառել Հայոց ցեղասպանությունը, վիճարկելի չէ:

Մի ողջ սերունդ գլխատած, երկիր ծախածի համար 110-ամյա վաղեմությամբ 1,5 միլիոն զոհերի հիշատակն անարգելն ի՞նչ էր, որ չաներ:

Կամ պատմական ճշմարտությունն ու ազգային արժանապատվությունն ի՞նչ արժեքներ էին, որ չուրանար ու մե՜ծ հարցականի տակ չդներ Ցեղասպանության իրողությունն ընդհանրապես:

Վիճահարույց է, սակայն Հայոց ցեղասպանության հետևանքի` սփյուռքի անմռունչ լռությունը:

Վիճահարույց է շվեյցարացի «հայազգի» աշխարհահռչակ գործարարների, խոշոր ընկերությունների սեփականատերերի, ինչ-ինչ հիմնադրամների տնօրենների և անգամ մեկ լրագրողի

հանդուրժողականությունը, որ ականջները կախ լսել են մտավոր հաշմանդամի սրբապիղծ ձևակերպումներն ու չեն հակադարձել` Ցեղասպանությունն ապացուցման կարիք չունի: Կամ` որպես բողոքի նշան չեն լքել սրահը:

Նաև անհասկանալի է` տարիներ առաջ սփյուռքահայ կատաղի հայրենասերներն ինչու՞ ըմբոստացան, անգամ «լոլիկամարտի առաջնություն» կազմակերպեցին, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, փորձեց ստանալ սփյուռքի աջակցությունը` հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ:

Արձանագրություններ, որոնք տիկին Առոչինչի բնութագրմամբ, առոչինչ էին ներկա ազգուրաց արկածախնդրի բառաչանքի համեմատությամբ:

Թե՞ (մի փոքր ձևափոխելով հայտնի ասույթը հարմարեցնենք հայկական տարբերակին).

«Ինչ կարելի է համահայկական ԵԶԻՆ, չի՛ կարելի Զևսին»:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

ԶԼՄ-ները շրջանառության մեջ դրեցին սրա «Էս ազգը էս ժողովրդի ձեռքը կրակն է ընկել» արտահայտությունը, որը ինչպես վստահեցրել է շվեյցարացի «հայազգիներին».

«Դուք չգիտեք, բայց 90-ականների սկզբին, գուցե, հիմա էլ, կար կամ հակառակը»:

Տգետ, թերուս «գազան» վարչապետի ծաղրանկարին իրազեկենք, որ այդ արտահայտությունը հեղինակ ունի`

ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ` ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ազատամարտիկ, «Մուշ» և «Արաբո» ջոկատների անդամ, գրող հրապարակախոս:

Նա իր «Հավերժ ստերի երկիրը» գրքում գրել է. «Հայ ազգը հայ ժողովրդի ձեռքը կրակն է ընկել», բայց, ցավոք, չի շարունակել, որ հայ ժողովուրդն էլ սրա ձեռքն է կրակն ընկել:

Չի շարունակել, որովհետև երբ նա գրում էր իր գիրքը, սա ոչ թե արդեն «որակի նշան» ունեցող ու ճանաչում ձեռք բերած, այլ ընդամենը դիկտոֆոնը գրպանում թաքցրած սրան-նրան գաղտնալսող-ձայնագրող ու «գործ տվող» շարքային ստահակ էր:

Դիտվել է՝ 9702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ