Նիկոլի «կարապի երգը»
08.05.2020 | 00:07
Երբ ժամանակներն առավել բարենպաստ կլինեն, անհրաժեշտություն կլինի Նիկոլ Փաշինյանին «հաշվել» որպես «հայու գեն», որն այդպես շռնդալից տարվեց-դրվեց համաշխարհային, չերկնչենք ասել, գլոբալիզմի հայելային արտացոլանքում` նոր հայի կերպար բաշխելով նարեկյան որմնախորշերում տեսակն աշխարհի վրա տարուբերող այս հին, կարծես անդառնալի հոգնած, «լոք» անելում ծուլացող էթնոսին:
Բոլոր դեպքերում, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, գործընթացներն անասելի մեծ արագությամբ են զարգանում: Հասկանալիորեն, իշխանությունը չի հասցնում գործընթացների հետևից, ինչը կրկնակի ավերակիչ, անվերահսկելի, «տխուր» է դարձնում երկրում իրավիճակը: Բոլոր առումներով:
Հայաստանյան իրադարձությունները մեկ գլխավոր առանցք ունեն` Արցախ: Նախորդ օրը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն այդ առնչությամբ չունեին անգամ նախկին սիրողական մակարդակը: Ամբիոնի մոտ էր մի մարդ, որն առնչության աղերսներ չուներ ո՛չ այս երկրի, ո՛չ Արցախի և ո՛չ էլ որևէ երևույթի հետ:
Ի դեպ, մինչ այս նրան հաջողվում էր որոշակի (ճիշտ է, շատ թույլ), վերահսկողություն իրականացնել գործընթացների վրա: Սակայն թե՛ արտքաղաքական զարգացումներում (դատելով արտգործնախարար Մնացականյանի անզոր, «որբ» պահվածքից, անելիքը չիմացող մարդու երկատվածությունից), թե՛ ուժային գլխավոր կառույցի` ԱԱԾ-ում ընթացող զարգացումներից, երբ այնտեղ «հավքի թևով, օձի պորտով» հայտնվեց ԱԱԾ-ի հետ որևէ կապ չունեցող փոխտնօրեն, ինչպես միշտ` օրենքի խախտմամբ (գնդապետի կոչում չունենալով)` ԱԱԾ պետի հեռանկարով, իսկ ԱԱԾ մի շարք պրոֆեսիոնալներ դիմում գրեցին` աշխատանքից ազատման… Այստեղ պետք է ձգել դադարը` հասկանալու, այնուհանդերձ, ի՞նչ «պրոեկտ» է իրականացվում կոնկրետ դեպքում` Նիկոլի ձեռքով.
Սա դիլետանտիզմի, կադրային քաղաքականությունում փաշինյանական հերթական «խելագարությու՞նն» էր:
Չե՛նք կարծում:
Իրականացվում է լավ մշակված ծրագիր: Անձը, որը նշանակվել է այդ պաշտոնում, էական չէ: Գրեթե քաղաքացիական անձի` քաղաքական որոշմամբ (ինչի մասին չի երկնչում երկրորդել, երրորդել Փաշինյանը) այս նշանակումը վեկտոր է փոխում` հայաստանյան ազգային անվտանգության ծառայությունը քանդելով, ոչ ևս անելով, այդ ծառայությունը նոր` արևմտյան տերերին ծառայեցնելու (ինչպես արդարադատության նախարարության ու մնացյալ կառույցների դեպքում եղավ) պլան է իրականացվում:
Փաշինյանը հասկանում է` իրեն շատ ժամանակ չի մնացել. պետք է կարողանա իրեն իշխանության բերածների առջև ունեցած պարտավորություններն ի կատար ածել: Առանց այն էլ նա խցանվել-մնացել է ՍԴ-ի հանրաքվեի արանքում, Արցախի հետ կապված տեղատվության մեջ է, թիմն է պառակտվում, նոր խաղացողներ են ի հայտ գալիս, ինքն էլ տրվել է օղի թորելու մեծ հմայքին, ու «գործը» մնում է կիսատ:
Լինենք անկեղծ. Փաշինյանը գոյատևում է իներցիոն ռեժիմով` թե՛ իմիջի, թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական բոլոր առումներով:
Գոնե մեզ համար էականն այլ հարց է: Հասկանալի է` երկրում կան խորքային խաղացողներ, որոնք հնարավորության սահմաններում մոդերացնում են խաղը, ճանապարհային քարտեզները, որոշակի զարգացումների դեպքում դրանք պատրաստ պահում, որպեսզի երկիրը լրիվ «շուռ չգա»: Հարց` որքանո՞վ են հզոր, ուժեղ, էներգետիկ խորքային խաղացողները, որքանո՞վ կաշխատեն նրանց քարտեզները. որովհետև Հայաստանի վիճակն իրապես շատ բարդ է, և հնարավորությունների դուռը բացելու ճիգն առաջին հայացքից եթե ոչ անհնար, ապա շատ դժվար է թվում:
Բոլոր դեպքերում նկատվում են այսբերգային զարգացումներ, որոշակի կոնսոլիդացիաներ, դանդաղ, շատ դանդաղ փորձ է արվում դերակատարում բաշխել, «չաքուջով» ամեն կողմից քանդելով` մոտենալ աշտարակին: Չնայած կայծակնային զարգացումներն էլ չեն բացառվում:
Այս ԱԱԾ-ով, ոստիկանությամբ հնարավո՞ր է սահուն անցումներ ապահովել, երբ հեղափոխության «արժեքները» պահելու համար իշխանությունից դուրս ուժերը, որոնք գոնե այս պահին հայտնի չէ` խորքային խաղացողների հետ ինչ «հարաբերակցությունների» մեջ են, ինչպես կպահեն իրենց, երբ փաստացի վեճն այս պահին հենց նրանց մեջ է, ու երկու ճամբարներն էլ սպասում են Նիկոլի «կարապի երգին»:
Ինչի՞ մասին կլինի այն...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ