ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր նախկին պնդումները, որ ՈՒկրաինան ինքն է հրահրել պատերազմը՝ ձգտելով անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նա հասկացրել է նաև, որ Ղրիմը համարում է ՈՒկրաինայի համար կորսված։ «Ղրիմը կմնա Ռուսաստանի կազմում»,- շեշտել է Թրամփը։               
 

Թրամփն արյունարբու Զելենսկու բերանից հանում է ամերիկյան «պտուկը»

Թրամփն արյունարբու Զելենսկու բերանից հանում է ամերիկյան «պտուկը»
06.03.2025 | 07:17

Հանում է գրեթե բոլոր առումներով, ոչ միայն ամերիկյան զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի մատակարարումն ամբողջապես դադարեցնելու…

Այսպես կոչված «Ուկրաինական հակամարտությանը», որն իրականում ոչ միայն Ուկրաինայի, այլև նրա միջոցով Արևմուտքի հակամարտությունը, ավելի ճիշտ, պատերազմն է Ռուսաստանի դեմ, մենք հետևում ենք դրա հենց առաջին օրվանից, ավելին՝ դրա նախապատրաստական շրջանից: Եվ ծավալվող իրադարձություններին մեր այս մեծ ուշադրությունն ամենևին պատահական չէ, քանի որ դրանց արդյունքում աշխարհի, ներառյալ Հայաստանի և հայերիս բախտն է որոշվում:

Կհաղթի՞ Ռուսաստանը, կկատարվե՞ն նրա պահանջները, պատերազմից հաղթանակած դուրս գալով կզորանա ու կլինի ուժե՞ղ, մենք լավ օրերի, լավ ապագայի հույս կարող ենք ունենալ, ընդհուպ՝ Արցախը վերադարձնելու, կպարտվի՞, հետևանքները կանխատեսելը դժվար չէ՝ եղածն էլ կկորցնենք, չկորցնենք էլ Նիկոլ- մղձավանջը կմնա, ավելի ճիշտ, նրան կարող է փոխարինել մեկ ուրիշը, որի իշխանության ժամանակ Նիկոլին նույնիսկ կարող է երանի տանք, որքան էլ հիմա մեզանից շատերը դա չպատկերացնեն կամ տվյալ մտքի հետ չհամաձայնեն:

Սովորական իմաստով Ռուսաստանի պարտվելու հավանականությունը, սակայն, չափազանց չնչին է, օրինակ, 0, 0001 տոկոս… Եթե բանը հասնի նրան, որ Ռուսաստանը չհաղթի ու պարտության վտանգ առաջանա, ինչը նշանակում է նաև ՌԴ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, երկրի ներքին կայունության կորստի ու պետության գոյության վտանգ, ապա Ռուսաստանը, համապատասխան իր միջուկային դոկտրինի, ստիպված կլինի գործադրել ունեցած միջուկային սպառազինությունը:

Թերևս ավելորդ է ասել, որ դա կարող է շատ արագ հանգեցնել հակամարտ կողմերից (Ուկրաինայի կողմից հանդես եկող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի) միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի, որի դեպքում որևէ հաղթող չի լինի, բոլորը կպարտվեն, կախված այդ պատերազմին ԱՄՆ- ի մասնակցել- չմասնակցելուց, ողջ մարդկությունը կոչնչանա: Կարծում ենք, արդեն բավականաչափ բացատրեցինք, թե որքան կարևոր են այժմ հակամարտության գոտում ու դրա շուրջ ծավալվող ռազմական ու քաղաքական իրադարձությունները:

Վերջին իրադարձությունները, սակայն, որոշ չափով հուսադրող ու լավատեսության տրամադրող են, միայն թե ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը միտքը չփոխի: Ինչպես արդեն նշեցինք, Թրամփը, նրա վարչակազմը որոշել են Ուկրաինային ամերիկյան զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի մատակարարումն ամբողջապես դադարեցնել, որոշումը գործի է դրվել մարտի լույս 4- ի գիշերվանից: Եվ, ահա, ժամեր առաջ նոր տեղեկություն ստացվեց, ըստ որի, ԱՄՆ- ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանցումն Ուկրաինային՝ «ամբողջ աշխարհում խաղաղություն ապահովելու համար». այս մասին, РБК- ի փոխանցմամբ , հայտնել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը:

ԱՄՆ- ը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումն Ուկրաինայի հետ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է «Financial Times»- ը: Այդ համագործակցությունն օգնել է Կիևին հարձակվել ռուսական ռազմական թիրախների վրա, գրել է պարբերականը։ Հետախուզական տվյալների փոխանցման դադարը հաստատել է ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, ինչի մասին X- ում հայտնել է «Fox News»- ի լրագրողներ Ջեքի Հայնրիչը և Էդվարդ Լոուրենսը։

Ըստ Հայնրիչի, խոսքը «ռազմական ճակատում և հետախուզության ճակատում դադարի մասին է»՝ ամբողջ աշխարհում խաղաղություն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ, «Суспільне»- ի աղբյուրը հայտնել է, որ մարտի 5- ի դրությամբ Կիևի և Վաշինգտոնի միջև հետախուզական տվյալների փոխանակումը դեռ պահպանվում է: Այսպես է նա մեկնաբանել «Daily Mail»- ի տվյալներն այն մասին, որ ԱՄՆ- ն Մեծ Բրիտանիային արգելել է Ուկրաինայի հետ կիսվել Վաշինգտոնից Բրիտանիայի ստացած հետախուզական տվյալներով՝ ամերիկյան ռազմական օգնությունը դադարեցնելու շրջանակներում: Խոսքն այն տեղեկությունների մասին է, որոնք փոխանցվել են Rel UKR — Releasable to Ukraine («Ենթակա է հրապարակման Ուկրաինային») մակագրությամբ։

«Daily Mail»- ը նշել է նաև, որ լայնամասշտաբ մարտերի սկզբից Ուկրաինայի հետ հետախուզական տվյալներ են կիսել նաև Ավստրալիան և Նոր Զելանդիան (ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Կանադայի հետ միասին մտնում են «Five Eyes» հետախուզական դաշինքի մեջ):

Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, ինչը կարող է ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի համար լուրջ խնդիրների հանգեցնել, Газета.Ру- ի փոխանցմամբ, հայտնում են «Financial Times»- ը և մի շարք այլ արևմտյան պարբերականներ: Բացի այդ, ԱՄՆ- ի պնդմամբ Կիևին ամերիկյան հետախուզական տվյալներ մատակարարելը կդադարեն նաև բրիտանացիները։ Ուկրաինայում դա հերքում են և ասում, որ մարտի 5- ի կեսօրին, թեև որոշ սահմանափակումներով, տեղեկատվությունը շարունակում էր ստացվել:

Ռուսաստանի հետ հակամարտության ողջ ընթացքում ԱՄՆ- ի կողմից Կիևին տրամադրվող հետախուզական տվյալներն օգնել են նրան գրոհել ռուսական թիրախները մարտական բախման գծում և ՌԴ տարածքի խորքում:

Նույնի մասին գրել է նաև «The Guardian»- ը. հրապարակման մեջ նշված է, որ ԿՀՎ տնօրեն Ռաթքլիֆը հայտնել է «ռազմական և հետախուզական ճակատներում» Ուկրաինայի հետ հարաբերությունների դադարի մասին, ինչն անհրաժեշտ է խաղաղ բանակցությունների առաջխաղացման համար:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 20026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ