ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական երկու և մեկ առանձնահանդիպումը

Կ․ Դեմիրճյանի հետ իմ շարունակական  երկու և  մեկ առանձնահանդիպումը
15.04.2023 | 22:48

Ապրիլի 17-ն ականավոր պետական, քաղաքական, կուսակցական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընթերցողի դատին հանձնել տարիներ առաջ «Իրատես» օրաթերթում լույս տեսած հոդվածս (ներկայացնում եմ մասնակի կրճատումներով)՝ վստահ լինելով, որ լուսավոր բան կգտնի այդ մեծանուն հայի մասին այս պատմությունից։

1982թ. հունիսին ինձ աշխատանքի հրավիրեցին Երևանի կոմերիտմիության քաղաքային կոմիտե: ․․․Ինձ հետ պատահածների կտրվածքով շատ հետաքրքիր բաներ կարելի է պատմել այդ ժամանակաշրջանի մասին, սակայն վախենում եմ դրանց ծայրը բացեմ ու վերնագրում հիշատակված մարդու մասին ասելիքի տեղ չմնա, վերջնահաշվում էլ ստացվի, որ հուշապատումիս առանցքային դեմքը ոչ թե ականավոր հայը, պետական գործիչն էր, այլ առավել քան համեստ վաստակ ունեցող անձս: Սակայն այս մի պատմությունն անեմ, նոր անցնեմ առաջ, որ մի առանձնակի տպավորություն էլ չստեղծվի, թե ինչ գիտեմ ինչ հեքիաթային ժամանակներ էին ոչ վաղ անցյալում ու իբր թե դրանում անհեթեթություններին տեղ չկային:

Այսպես՝ չլինելով ԽՄԿԿ անդամ՝ երկու տարուց ավելի ղեկավարել եմ քաղկոմի պրոպագանդայի բաժինն ու ամենազավեշտն այն էր, որ երկրի, կուսակցության հրատապ կյանքին առնչվող փակ նամակների քննարկմանը մասնակցելու իրավունք չունեի, թեպետ դրանք կյանքի կոչելու գործն ի պաշտոնե ինձ վրա էր դրված: Ահա այսպես երբեմն անհաշտ, երբեմն հաշտ իրար հետ համագործակցում, գոյատևում էինք ես ու հզոր կոմունիստական կուսակցությունը:

Ամեն տարի մենք Կ․ Դեմիրճյանի, հանրապետության կուսակցական ու խորհրդային իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման առնվազն երկու առիթ ունեինք: Մեկն ապրիլի 24-ին էր, մյուսը՝ մայիսի 9-ին։ Կուսակցական, իշխանական շքախումբը միշտ գալիս էր առավոտյան 10-ից 15 պակաս: Մինչ այն բարև-բարիլույսի, իրար ողջության հարցերի մեջ էր, մենք վայելում էին նրանց մերձ լինելու երջանկությունը: Կարճ ժամանակ անց Կ․ Դեմիրճյանն ուղղվում էր մեր կողմ ու չգիտես ինչ տրամաբանությամբ նրա բարևած առաջին մարդը ես էի լինում: Բարևին պարտադիր հետևում էր «Ոնց ես, տղա ջան» հարցն ու դրանից հետո բառիս բուն իմաստով ընկնում էի կրակը, որովհետև Կարեն Սերոբիչին, ըստ հիեարխիկ աստիճանակարգի, հաջորդում էր ողջ շքախումբը «տղա ջան»-ին հետևող մանրամասներով: Բանը հասնում էր տան գործերից տեղեկանալուն, իմ՝ պատահաբար պրոբլեմներ չունենալուն, տանեցիների ողջությանը և այլն, և այլն:

Սակայն սա ընդամենը ժուռնալն էր: Հաջորդ օրն ինձ հետ հանդիպելու ցանկություն էր հայտնում կոմերիտմիության կենտկոմի առաջին քարտուղարը ու մոգոնված այդ հանդիպման բուն նպատակը հարցի պարզաբանումն էր, թե որտեղից է ինձ ճանաչում Կ․ Դեմիրճյանը: Պատասխանս, թե ազգակցական, արյունակցական կապ չունեմ հանրապետության առաջին դեմքի հետ ու որ դա գուցե զուտ համակրանքի դրսևորում է սեփական անձիս նկատմամբ, դիմացինի դեմքի դժգոհ արտահայտությամբ ու զուտ պրոֆիլակտիկ նշանակություն ունեցող մտերմական մատ թափ տալով էր ուղեկցվում, ինչպես նաև աշխատանքային ավագ ընկերոջ կողմնորոշիչ խորհրդով՝ կեցցես, կոմունիստը պիտի այդպես զուսպ լինի, լեզուն ատամների տակ փակ պահած: Ասել է թե նույնիսկ այն համատարած բարեկրթության ժամանակներում մարդիկ դժվարությամբ էին ընկալվում, թե ինչպես կարող է հանրապետության թիվ մեկ դեմքը հենց այնպես, առանց պատճառի ուշադրության արժանացնի շարքային աշխատակցին՝ այդ նույն պարտադրված բարեկրթության մեջ մոռանալով, որ ներքին կուլտուրան, շրջապատի նկատմամբ ուշադրությունը մարդս կամ ունենում է, կամ չի ունենում:

Կարեն Սերոբիչին հանդիպելու իմ այս հաճույքն ու դրան հետևող ոդիսականը շարունակվեց մինչև 1989 թվականը: Երկիրն արդեն երկրաշարժ էր տեսել, քաղաքական ու տնտեսական կյանքի ահռելի խմորումներ էին, Ղարաբաղյան շարժումն էր և այլն, և այլն:

1990 թվից ես արդեն «Հայաստանի Հանրապետութին» օրաթերթում էի աշխատում: Եթե չեմ սխալվում, 1993-ի անտանելի ցուրտ ձմեռն էր, երբ թերթի գլխավոր խմբագիր, լուսահոգի Այդին Մորիկյանը կանչեց վերև, թե՝ ապեր, աշխատողները սառում են, էս րոպեն մեկ կտրվող լույսի պայմաններում հոսանքով տաքացուցիչների վրա հույս դնել չի լինի: Ասում են՝ «Հայէլեկտրոն» նավթավառներ է արտադրում: Տնօրենը Կ․ Դեմիրճյանն է: Ստատուսը պահելու համար կամ ես պիտի գնամ, կամ՝ դու: Ոնց էլ լինի աղջիկ տարիների աշխատանքաին ժամանակներում հետը շփված կլինես: Գուցե խնդրես մի քանի հատ նավթավառ վաճառեն:

(շարունակելի)

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 45129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ