ՈՒկրաինան պետք է ներգրավի երիտասարդներին, օրինակ՝ 18-25 տարեկան, որպեսզի մասնակցեն Ռուսաստանի դեմ պատերազմին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ըստ նրա՝ հաջողության գրավականը մարտի դաշտում մարդկանց ներկայությունն է, ինչպես նաև ռազմամթերքի ու զենքի առկայությունը։ «Դա շատ բարդ որոշում է, բայց մենք վստահ ենք, որ երիտասարդների ներգրավումը պայքարին անհրաժեշտ է։ Հենց այս պահին 18-25 տարեկանները պայքարին չեն մասնակցում»,- Բրյուսելում ասել է Բլինքենը:               
 

MADE IN TURKEY (մաս 21-րդ)

MADE IN TURKEY (մաս 21-րդ)
16.09.2024 | 16:56

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ ՔՍԱՆԵՐՈՐԴ

(կամ`նրբաճաշակ ռեկետ` պահպանելով «բարձրաշխարհիկ» բոլոր պայմանականությունները)

«ԿԱՏՎԻ ԴՐԱԽՏ»

ՀՀ-ում դասական երաժշտությունը զարգացնելու պատրվակով «առաջին» տիկնոջ ընկերակցությամբ, կամավոր-պարտադիր սկզբունքով, «հացելու» հրավիրված (մանրամասները` «գլուխ տասնութերորդ»-ում) ու, ինչպես կասեր Շիրազը` «այան-ափաշկարա» ռեկետի ենթարկված 30 խոշոր հարկատուներից բռնազավթված «ռազմ»ավարը ծառայե՞ց նպատակին, նպաստե՞ց օտարազգի և հայ դասականների ստեղծագործությունների մատուցման որակի «աճին», դժվար է ասել: Բայց որ 2018-ից ի վեր Հայաստանում յոթմղոնանոց քայլերով «առաջընթաց» գրանցեցին «կամերային կատարումները», տմարդություն կլինի ուրանալը:

Սակայն մինչ «կամերային երաժշտությանն» անդրադառնալը մեկ-երկու կարևոր շտրիխ ևս.

տիկնոջ անդրանիկ «մեծ նախաձեռնությունից» ստացված ավարը կազմեց մոտավորապես 2 միլիոն 100 հազար դոլար:

«Երկու միլիոն 100 հազա՜ր «մի երկու ոստրե» «ծամելու» դիմա՞ց»,- կբացականչի ինչ-որ մեկը:

«Ընդամե՞նը: Այդքան քի՞չ»,-կզարմանա մեկ ուրիշը:

Շատ ու քիչ ասվածը, խիստ հարաբերական է, եթե անցքերը դիտարկենք համեմատության մեջ:

Հարևան երկրում`Թուրքիայում, օրինակ, սերիալային հանրաճանաչ դերասան դարձած նախկին մոդելը, Բուրակ Օզչեվիտ անուն-ազգանունով, պարբերաբար «большой гастрольный ЧЁС»-եր է անցկացնում մուսուլմանական երկրներում: Տեղի գերհարուստ տիկնանց հետ մեկ երեկո ընթրելու համար յուրաքանչյուրից վերցնում է 1-2 միլիոն դոլար:

Թե չէ` ինչ-որ քնձռոտ 70 հազար…

Եթե գործը նախաձեռնում ես` պետք է Օզչեվիտի «նվիրվածությամբ» «քայլ» անես:

Այնպիսի պրոֆեսիոնալիզմով գործես, որ` վկայակոչենք ժողովրդական իմաստնությունը մի փոքր ձևափոխված`«եթե կողոպտվողի ջանին ցավ տա, ավարառուի քիմքին էլ հա՛մ տա»:

Չնայած տեղի նախանձոտ ու չարակամ որոշ գործիչներ, այդ թվում` ռեժիսորներ, արձակագիրներ շան լափ են լցնում հայտնի «լովելասի» գլխին, թե տղամարդուն հարիր չէ նման ճանապարհով «ЧЁС»-ի դուրս գալը:

Դե հայկական տարբերակում նման խնդիր չի՛ք.

ՀՀ «առաջին»-ը արական սեռին չի պատկանում, հետևաբար «սպիտակ» ձեռքերով կարող է «քերթել» հիմնականում տեղական, բայց մեկ-մեկ էլ սփյուռքի «խոշորներին»:

Սակայն ինչու՞ մարդ «քերթել»:

Իսկ ի՞նչ եք խորհուրդ տալիս` 1000 խոշոր հարկատուներին թողած, խո՞զ քերթի:

Այլապես, «նախկին» թալանչիներից 5-6 տարում ո՛չ միայն չես կարողանա 800 միլիոն դոլար «գջլել», այլև ամուսնուդ կզրկես տնական օղիով լի թասը բարձրացնելու և հարկատուների փառավոր կենացը խմելու հաճույքից:

Նաև` կփսորես ապագան` պաշտոնավարման 6-րդ տարում ներդնելու հարկատուների կենացը խմելու «գեղեցիկ ավանդույթը»:

«Նոր Հայաստան» «նոր ավանդույթներ»:

Անհասկանալի՞ մնաց համեմատությունը թուրքի հետ:

Դե՛, 2018-ի մայիսի 9-ից «կատվի դրախտ» ընկած (չշփոթել Վահան Տերյանի «Կատվի դրախտի» հետ, սրանցը` լոբու թասը ձրի ապրուստի և շքեղ «անկյան» հետ փոխած դրախտն է) ՀՀ «առաջին» «դուետը» թուրքից ոչ միայն ինչ-ինչ իրողություններ է թռցնում, այլև ապրելակերպ:

Միայն մեկ օրինակ. թուրքական լրատվամիջոցների քննարկման թիվ 1 թեման մի՛շտ էլ, առաջին տիկնոջ` Էմինե Էրդողանի շռայլ գնումներն են եղել: Դիցուք, քննադատության հզոր ալիք առաջացրեց Էմինե խանումի` Լոնդոն այցի ընթացքում կրած սև պայուսակը, որը, ինչպես աղմկում էր «Cumhurriyet»-ը 50 հազար եվրո արժեր:

Իսկ կարո՞ղ եք բացատրել` մեր «birinci hanım»-ը, իմա` առաջին տիկինը, ինչո՞վ է պակաս Էմինե խանումից, որ ձեռնպահ մնա նման շռայլությունից:

Որ, օրինակ, սպորտային կոշիկների հետ Կիրանցի կամ Չինաստանի փողոցներն «ավլող» գերթանկարժեք զգեստ չհագնի: Որ բոթասակիր ոտքն էլ չագուցի ոսկե շղթայով:

Ի վերջո, ինչու՞ չպետք է իրեն թույլ տա վերցնելու «Հերմես» ֆիրմայի պայուսակ (շատ չէ, օդից կախված լուրերի համաձայն` մի 55 հազար եվրո արժողությամբ):

Մյուս հարցը` փողաբեր «գործընթացն» ինչու անվանել ռուսերեն «ЧЁС»-ո՞վ:

Որովհետև ՀՀ նախկին ղեկավարների տիկնայք, որոնք, ինչքան էլ ո՛չ թե ապօրինածին, այլ իսկական «առաջին» էին, զուրկ էին մտքի թռիչքից: «Գորշ» էին, «դանդաղաշարժ», չ«նախաձեռնող»:

Ինչի պատճառով և իրենց վստահված տարիներին չկարողացան զարգացնել հրավիրյալին «հացելուն» զուգահեռ «տեխնիչնի» «քերել»-կողոպտելու նուրբ արվեստը, դրանով իսկ չնպաստելով հայոց

բառուբանի առաջընթացին:

Նրանց «հանցագործ» անտարբերության ու «անգործունեության» պատճառով լեզուն զրկվեց «ЧЁС»-ի հայերեն համարժեքն ունենալու հնարավորությունից:

Սակայն կողոպուտի այդ տեսակի ասպարեզում ներկայիս «birinci hanım»-ի դրսևորած աննախադեպ ջանքերը հույս են ներշնչում, որ առաջիկայում կունենանք փողոցային սլենգում օգտագործվող «ЧЁС»-ի հայերեն տարբերակը:

(շարունակելի)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՔՍԱՆԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. 2018-ի մայիսից Հայաստանում երաժշտության ո՞ր տեսակը «առաջընթաց» գրանցեց:

2. Որքա՞ն կազմեց տիկնոջ անդրանիկ «մեծ նախաձեռնությունից» ստացված ավարը:

3. ՀՀ «առաջին»-ը «սպիտակ» ձեռքերով ու՞մ կարող է «քերթել»:

4. Ո՞րն է տարբերությունը Վահան Տերյանի և հայտնի «դուետի» «կատվի դրախտների» միջև:

5. Ինչու՞ ենք փողաբեր գործընթացն անվանում օտարահունչ «ЧЁС»-ով:

6. Ի՞նչ հույս են ներշնչում ներկայիս «birinci hanım»-ի դրսևորած աննախադեպ ջանքերը:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 18113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ