Միացյալ Նահանգները դադարեցրել է գենդերային չեզոք «X» խորհրդանիշով անձնագրերի տրամադրումը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրից հետո, որը սահմանափակում է կառավարության կողմից տրանսգենդերների ինքնության ճանաչումը։ «Այս կարգադրության համաձայն՝ դեպարտամենտի կողմից ԱՄՆ անձնագրերի տրամադրումը կհամապատասխանի անհատի կենսաբանական սեռին, ինչպես սահմանված է հրամանագրում»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:               
 

Ազատության արբեցնող շունչն ու ստեղծագործողը (Տիգրան Հակոբյան)

Ազատության արբեցնող շունչն ու ստեղծագործողը  (Տիգրան Հակոբյան)
01.12.2024 | 09:39

Սկսած որոշակի ժամանակից՝ հարցազրույց ասված ժանրն իր ձևի մեջ ինձ համար դադարեց հետաքրքրություն ներկայացնելուց, ուստի այն, ինչ ներկայացնելու եմ արվեստաբան Լուսինե Պողոսյանի մասնակցությամբ գեղանկարիչ Տիգրան Հակոբյանի հետ հանդիպումից՝ հարց ու պատասխանի, մտորում-խորհրդածությունների միքս է ժանրային խառը դրսևորմամբ։ Ինչ վերաբերում է նկարչի հետ զրույցի բովանդակությանը, ինձ համար էլ միանգամայն անսպասելիորեն այն եղավ ամիսներ առաջ իտալացի հեղինակավոր արվեստաբան, վիզուալ արվեստի, հաղորդակցության, ճարտարապետության, դիզայնի և նորաձևության կոդերի գիտակ Ֆրանչեսկո Գալլո Մացեոյի հետ հանդիպման յուրօրինակ շարունակությունը։

Ինչ կտրվածքո՞վ։ Մեծանուն Երվանդ Քոչարին միանգամայն օբյեկտիվորեն դիտելով համաշխարհային արվեստի գագաթների շարքում՝ իտալացի արվեստաբանը Հայաստանում իր գտնվելը ներկայացնում էր այս կերպ․ «Գտնում եմ, որ մենք պիտի վերականգնենք, վերաթարմացնենք նրա համաշխարհային ընկալումը»:

Իտալացուն հրապարակագիր Վրեժ Առաքելյանի հետ մենք հակառակվել էինք այն դիմադարձմամբ, որ շեքսպիրյան հերոսի բառերով ասած՝ նա Քոչարի վերաբերյալ «շավղից դուրս սայթաքելու» անթաքույց ակնարկ է անում, մինչդեռ խորհրդային կյանքի տարիներին անվանի քանդակակագործն ի դեմս «Սասունցի Դավիթ», «Վարդան Մամիկոնյան», «Կիբեռնետիկայի մուսան» արձանների ունեցավ արվեստի փայլուն գործեր, որոնցից յուրաքանչյո՛ւրն իրապես ներկայանալի գործ էր ու է։ Ֆրանչեսկոն խոհեմաբար լսեց մեզ մինչև վերջ ու հակադարձեց այսպես․ «Ես խոսում եմ Քոչարին լայն չափումներով իրեն պատշաճող դիրքին վերադարձնելու մասին, որն ունեցել է: Մենք նրան ստեղծելու, նորից նոր բացահայտելու կարիք չունենք: Մենք ընդամենը նրան իր տեղը վերադարձնելու խնդիրն ունենք: Ինչպես Խաչատրյանը, Փարաջանովն ունեն իրենց անմոռաց տեղը համաշխարհային արվեստում, այդպիսին է և Քոչարը: Սա՛ է մեր լուծելիք բանը»։

Խոշոր հաշվով Ֆրանչեսկոյի ասած հետևյալն էր՝ երբ եվրոպական, համաշխարհային ընկալումներով թոհուբոհից Քոչարը վերադարձավ Խորհրդային Միություն, շրջափակվեց «երկաթե» վարագույրով, մեկուսացավ համաշխարհային գեղանկարչության միտումներից, զրկվեց առողջ սնուցման ազդակներից:

«Ռոսլինի» ու Ֆրանչեսկոյի զրույցն իր շարունակությամբ եթե իրապես հետաքրքրեց ընթերցողին, կարող է գտնել հանդեսի այս տարվա ամառային թողարկումում, իսկ մենք սևեռվենք Տիգրանի հետ հանդիպման այն մեկնակետի վրա, որտեղ խոսում էր «սովետ ժամանակների» մասին (իր տված բնութագրականն է)։ Նախապես ասենք, որ նրա բերած ոչ բոլոր հիմնավորումներն ենք անվերապահորեն ընդունում, բայցև չենք կարող չհարգել դրանց գոյության իրավունքը նաև մի չափազանց հստակ նկատառումով՝ հանդեսի էջերում կամենում ենք բացել մտքերի աշխույժ փոխանակություն արդի կեպարվեստի զարգացման հիմնախնդիրների մասին ու շուրջ՝ ունկնդիր լինելով խոսելու, արտահայտվելու ցանկություն ունեցող բոլոր արվեստագետներին ու արվեստաբաններին, խնդրով առհասարակ հետաքրքրված անձանց։ Իսկ «սովետ ժամանակների» մասին խոսակցությունը ծնունդ առավ նրանից, երբ փորձեցի պարզել՝ սերունդների երիտասարդ, միջին, ավագ դասդասման մեջ իրեն որո՛ւմ է տեսնում, ըստ այդմ որից ինչ է քաղել, իսկ թե տվել էլ է, ինչ է տվել։ Սակայն հարցի երկրորդ մասը թողնենք քիչ ավելի հետոյին, փորձենք նախ առաջին մասի հետ հարաբերություններս պարզել։

-Տարիքի կենսաբանական կողմը հանած՝ 100-իդ մեջ կարող ես լինել 20 տարեկան և միանգամայն հակառակը՝ 20-ի մեջ լինել 100 տարեկան։ Երբ աշխատում ես, ստեղծագործական պրոցեսի մեջ ես, տարիքային ցենզից դուրս ես։ Խնդիրը ունեցածդ մտածելակերպի մեջ է։ Շատերի մոտ հիմա էլ սովետ վիճակ է, թեպետ ժամանակն անդառնալիորեն առաջ է գնացել։ Ինչ ասել է սովետ վիճա՞կ։ Այն, որ ունենալով պետության հովանավորությունը, պետական ֆինանսավորումը, արվեստագետները փաստացի իջեցված պատվեր էին կատարում, առնում առնելիքը, լուծում օրախնդիր հարցեր՝ սպասելով հաջորդ պատվերին, հաջորդ ֆինանսական ներարկմանը։

-Այսպես արդյո՞ք չենք գնում արվեստագետի ինքնուրույնության բացարձակ մերժման ճանապարհով։

-Չէ։ Ցավի զգացումն ուժեղացնելով՝ ես ուզում եմ ավելի ցցուն դարձնել չարիքը՝ դրա հնարավոր կրկնման դեմն առնելու զգացողությունը սրացնել։ Սովետը բոլորին բերեց, փակեց մի տեղ, պարտադրեց Լենին ու Ստալին, սեփական դեմք չունեցող բաներ, ասենք՝ կոլխոզնիկ, աշխատանքի առաջավոր նկարել։ Ասել է թե անհատականությունը կորավ։ Ընդ որում հավասարապես թե՛ կերպավորվածի, թե՛ կերպավորողի։ Արդյունքում անկյուն էին քշվում նախաձեռնողականությունը, ազատ մտածողությունը։ Խոշոր հաշվով չէին ստեղծվում ա՛յն կարգի արժեքներ, որոնք կարող էին պատռել համակարգի սահմանափակումները, դրած արգելքներն ու դուրս գալ միջազգային լայն ասպարեզ։ Նայում ես մինչ 70-ական թվականները եղածը, բոլորը, չնչին բացառությունները հանած, նույնն են եղել։ Կամ գյուրջանական են, կամ՝ սարյանական։ Մեկը չի եղել, ասի՝ մի հատ ես իմ ձևո՛վ քսեմ էս սևը, տեսնեմ ինչ կստացվի։ Մի ընդհանուր կաղապար է եղել։ Ի դեպ նույնը հիմա ակադեմիայում են անում։ Սովետի նկարիչները սովետական հանրապետությունների համար են լավը, դուրս ես հանում․․․ Չէ, չէ, կանխակալ կարծիքը մի կողմ դնենք, սթափ նայենք՝ սովետ ժամանակներից քանի՞ հոգի մնաց համաշխարհային նկարչությունում, քանի՞սն եղավ միջազգային պատկերասրահների համար փնտրված, քանի՞սն են համաշխարհային շուկայի փնտրտուքում։ Ի վերջո ոչ մեկն էլ շրջանառությունից դեռևս չի հանել ապրանք-գին ասվածը։ Կամենաս, թե ոչ, սա այս հարաբերակցության ռեալ ցուցիչն է։

Օբյեկտիվ լինենք՝ համաշխարհային շուկայում եղած-չեղածը խոշոր հաշվով մի Մարտիրոս Սարյան չէ՞՝ այն էլ այդ նույն շուկայի համար առանձնապես ոչ երևելի գնով։ Եթե նույն օբյեկտիվությունը պահպանենք, Սարյանը գեղարվեստում հսկայի կերպարի մեջ էր իր իմպրեսիոնիստական շրջանով, ստեղծագործության եգիպտական փուլով, որոնք պայմանավորված էին համաշխարհային գեղարվեստ նրա բերած թարմությամբ, գույների խելահեղ հրավառությամբ։ Ընդհանուր ասելիքի մեջ դրանց լոկոմոտիվը, շարժիչ ուժն արվեստագետի մտածողության անկաշկանդությունն էր, չսահմանափակությունը։ Ես ոչինչ նոր ասած չեմ լինի՝ բարձրաձայնելով, որ մինչև անցած դարի 20-ական թվականներն էր հսկա, շունչ կտրող Սարյանը։ Իհարկե ենթագիտակցականի մեջ նրա ունեցած ազատությունը, արվեստում ունեցած հմտությունը հետագայում էլ նրան պահեցին բարձունքին, սակայն, կրկնում եմ, ստեղծագործական նոր, ավելի բարձր փուլ չպայմանավորեցին։ Այ, սա է խորապես ցավալին, ու դրա պատճառը գոնե ինձ համար ակնհայտ է։

-Ազատությունը․․․

-Տեսեք՝ Ջեքսոն Պոլոկը․․․ Աշխարհի բոլոր առաջատար պատկերասրահներում նրա գործերը կան, համաշխարհային շուկայում դրանց գինը տասնյակ միլիոններից է սկսվում։ Հիմա որ Տրետյակովյանը ողջ ունեցվածքով հանես վաճառքի, այդ նույն համաշխարհային շուկայում մի հատ Պոլոկ չի արժենա։ Մի հարցրեք՝ ինչու։ Նույն պատասխանն եք ստանալու՝ ազատությունը։ Որովհետև էդ մարդուն թողել են ազատ։ Չեն թելադրել։ Այսօր ամբողջ աշխարհը գնահատում է մարդու ազատությունը, որովհետև ազատությունն է ամենաբարձր արժեքը, ազատությունից են ծնվում բոլոր լավ բաները։

-Վերադառնանք մեր զրույցը պամանավորած հարցի ժամանակավորապես առկախված մասին։ Սերունդների երիտասարդ, միջին, ավագ հերթագայությունից որից ինչ ես քաղել, իսկ թե տվել էլ ես, ինչ ես տվել։

-Պայմանականորեն միջին սերնդի ներկայացուցիչը ես եմ, թեև առավել հակված եմ երիտասարդ սերնդի վերջին հորձանքի մեջ ինձ տեսնել։ Որն ինչ տվե՞ց։

Ավագ սերունդը լավ հիմքը դրեց, իսկ թե դրա վրա ինչքանով կբարձրանաս, ժամանակն է գնահատականը տալու։ Նոր սերնդի մասին այն կասեմ, որ լույսի պես բան է՝ արագ վառվում-մարում է։

-Պատճա՞ռը։

-Բոլորն ուզում են արագ փող աշխատել։ Եթե Աստված տալիս էլ է՝ հաջողում են իրացնել, ինքնին լավ է։ Սակայն ռեալ վտանգը արածիդ տակ մնալն է։ Արածդ լավը երբ դառնում է հարահոս՝ կոնվեյեր հանած բան, կոպիտ հաշվով՝ արտադրություն, տարվում ես, դրանով, արագ եկող փողով ու, ինչու չէ, դա էլ ասենք՝ արագ ճանաչումով, սակայն առժամանակ անց տեսնում ես, որ տակը դատարկ է, ասելիք չկա, փոշիացել ես։ Պատի պաստառի պես բան է դառնում արածդ, ու երբ պայմանական վերանորոգում ասվածիդ պահը վրա է հասնում, տեսնում ես, որ քանդել-թափելու բան է եղածը։ Ներկայիս սերնդի նկարչությունը հայկական մեր նորօրյա երգերի «ռասկռուտկային» է նմանվում։ Գովազդն արեցին, առժամանակ հնչեց, մեկ էլ, հոպ, տեսնում ես՝ ոչ երգը կա, ոչ էլ երգիչը։

-Ի՞նչ ես կարծում՝ դու կմնա՞ս։

-Մնալու հավանականությունը 50։50 է։ Մնալու իրական արժեքը փողի հետևից վազելը չէ, որովհետև երբ վազում ես, անխուսափ է դառնում պատվեր կատարող դառնալդ։ Մինչդեռ իրական մնալու արժեքը, գինը քո անկեղծությունն է։

-Պատվեր կատարող դառնալուց-չդառնալուց խոսենք։ Ո՞րն է քո այդպիսին չդառնալու բարեբախտությունը։ Կարծում եմ՝ քեզ այդպիսին ես համարում։

-Անվիճելիորեն։ Ես մի քանի բիզնեսի տեր եմ։ Դրանք իմ գոյությունն ապահովող միջոցներ են։ Փողը, առհասարակ նյութականը զորեղ գործոն են արվեստում, որովհետև սոված փորով երկար չես ձգի։ Վերածննդի մեծերը հովանավոր այրեր, դուքսեր, այլևայլ մեծամեծեր են ունեցել։ Վան Գոգը չէր տևի, եթե չլիներ եղբայրը՝ Թեոն։ Այնպես որ ֆինանսի դերը չի կարելի թերագնահատել։ Իմ բիզնեսը, այդ կարգի իմ գործունեությունն ինձ համար հոբբի են, իմ արվեստը սնուցող աղբյուրը, կտավի առաջ կանգնեցնողը, մինչդեռ իմ բուն կոչվածությունը, ինձ շնորհված աստվածային նախախնամությունը նկարչությունն է։ Ես իմ ազատությունն այստեղ եմ գտել։

-Ասածդ ազատությունը չի՞ բերում, չի՞ բերել հարբածության զգացողություն։

-Նայած ինչ նկատի ունեք հարբածություն բերող զգացության տակ։ Իմ կյանքում եղավ մի պահ, երբ բոլոր նկարներս վաճառել էի ու մնացել էի դատարկ պատերի մեջ։ Ես հասկացա, որ այդ ոչ թե արվեստանոցս, այլ իրականում ե՛ս եմ դատարկվել ու փորձում եմ այլևս չսխալվել։

-Դժվար է երևակայել, որ պատվերով արած գործեր չես ունեցել։ Եղե՞լ է պահ, երբ հրաժարվել ես համագործակցելուց։

-Իհարկե եղել է։ Երբ գնորդը, առհասարակ պատվիրատուն փորձել են ուղղորդել, թելադրել։ Ավելին, ես գործ եմ ունեցել, որ ցանկացել են գնել լավ էլ շոշափելի գումարով, սակայն պահանջելով անունը փոխել։ Նույնիսկ դա չեմ արել։

-Մենք սկզբունքորեն ամեն ինչից խոսեցինք, բաներ էլ կան, որ շրջանցեցինք կամ մոռացանք բարձրաձայնել։ Դա չէ կարևորը, որովհետև նախ մի զրույցի մեջ ուզենաս էլ չես կարողանա ամբողջանալ, ամբողջն ընդգրկել և երկրորդ՝ այս մի հանդիպումով հո կյանքը չավարտվեց։ Եվ այսուհանդերձ չեմ կարող չհարցնել՝ ինչպես եկար նկարչություն, ո՞վ բերեց․․․

-Չարաճճի երեխա էի իր բոլոր հետևանքներով, փողոցի բերած կանոններով։ Մտածեցին մի զբաղմունքի տալ, մեջս եղած էներգիան հանել։ Երրորդ դասարանում էի, բերեցին Իգիթյան կենտրոն, ասացին՝ էսքան տեղը հիշում ես։ Ասացի՝ հա։ Ասացին՝սրանից հետո սա է լինելու։ Փաստորեն կյանքն այնպես դասավորվեց, որ էդ «սրանից հետո սա է լինելու»-ն դարձավ իմ կյանքի գլխավոր գործը։

-Ի՞նչ տվեց Մանկական գեղագիտական կենտրոնը։

-Այն, ինչ տվել էին տանեցիները՝ ազատություն, քայլդ ինքնուրույնաբար անելու հնարավորություն, գնա, ինքդ հասկացիր։ Սակայն տան ու կենտրոնի տվածի տարբերությունն այն էր, որ տան տվածը կենցաղի, առօրյա գործունեության մակարդակում էր, իսկ Կենտրոնինը թե՛ կենցաղի ու այստեղից առօրյա գործունեության, թե ստեղծագործության։

Հրաշալի ուսուցիչ ունեի՝ Արա Գուրզադյան։ Փայլուն տիրապետում էր գերմաներենին, գերմանացի մի շարք փիլիսոփաների գրքեր էր բնագրից թարգմանել, որոնք ժամանակի ընթացքում ինձ համար դարձան ուսումնասիրության առարկա։ Ամենակարևորը՝ Գուրզադյանն ինձ տվեց փորձելու հնարավորություն, հուշեց ելքը գտնելու ուղիներ, արտահայտվելու ձևեր՝ ընտրությունը թողնելով ինձ։ Այ սա է ազատությունը՝ երբ որ մարդը չի պարտադրում, չի սահմանափակում քո արտահայտվելու ձևերը։ Դեռ մի բան էլ հակառակը՝ մղում է որոնումների։ Իմ աբստրակտ մտածելը, աբստրակտ նկարելը գալիս է ինձ շնորհված ազատությունից։

-Գեղագիտական կենտրոնից հետո հաջորդը․․․

-․․․ակադեմիան էր։ Ես մեր կուրսը կազմած տղաներով ճիշտ ժամանակին հայտնվեցի ճիշտ տեղում՝ ուսուցիչներ ունենալով հիրավի շնորհալի, գիտակ մարդկանց, նրանց թվում ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանին, ում հետ կապերս հիմա էլ ամուր են։

-Քո զբաղվածության ինչ-որ մասն էլ կազմում է «Da Vincհi» ստուդիան, որը ստեղծագործականի կողքին կրթական համակարգի կառույց է։ Այդ ի՞նչ չեն տալիս եղածները, որ քոնը ստեղծելու անհրաժեշտությունն է առաջացել։

-Քիչ առաջ ես խոսեցի իմ մանկության տարիների մանկական գեղագիտական կենտրոնից, մասնավորապես Արա Գուրզադյանից։ Ինձ ազատ գործելու տված հնարավորությունն եմ իմ համախոհներով փորձում ներդնել «Da Vinchi»-ի կրթական համակարգում։ Չպիտի երեխային կաշկանդես, չպիտի նրան զրկես ինքնուրույնաբար դատելու, գործելու հնարավորությունից, չպիտի նրա մեջ մտցնեց քո մտածողության պարտադրանքը։ Թող համարձակ գնա որոնումների ճանապարհով։ Ո՞վ է ասել, որ կարելի է նկարել միայն վրձնով ու միայն կտավի կամ թղթի վրա։ Փորձարարություն, մտածողության անկաշկանդություն, արդյունքում՝ գործելու ազատություն։ Երևի այսքանով բավարարվենք ստուդիայի մասով, որն իրականում գործառնական այլ խնդիրներ էլ է լուծում՝ սկսած նկարչության միջոցով պրոբլեմատիկ երեխաների հետ տարվող աշխատանքից մինչև պլաստիկ վիրաբույժների ուսուցում։

․․․Տիգրան Հակոբյանի հետ զրույցն ըստ էության կարելի էր անվերջ շարունակել։ Լավ առումով մեջ կար թաղի տղայի որակ, որը խոսքին տեր կանգնելու զգացողությամբ է ամրապնդված, գործելու համարձակությամբ, ասածը, մտածածն իրականացնելու, դժվարություններին դիմակայելու վճռականությամբ, նորին ընդառաջ գնալու զորությամբ։ Եվ ամենակարևորը՝ ունեցած հիմնարար գիտելիքներն են նրա հաղթաթուղթը։ Թե՛ կյանքում, թե՛ արվեստում։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 12290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ