Սկիզբը՝ այստեղ
(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)
ԳԼՈՒԽ 34-ՐԴ
(կամ` պատմություն հավերժացած մի տխուր կադրի մասին)
Լուսանկարով կերակրվողներն ու պետություն կառավարողները
Հանճարեղ է հավաքական միտքը, որ ընդամենը մի քանի բառից կազմված առածով կամ ասացվածքով, բնութագրումների պատկերավոր դիպուկությամբ, բանաձևել է փիլիսոփայական հասկացություններ, ընդհանրացնելով ժողովրդի խոհամտությունն ու կենսափորձը:
Ստեղծարար այդ «միտքը», սակայն, երբե՛ք չի կարելի նույնացնել «ժողջան»-ի վերածված բիոզանգվածի հետ:
Դրանք տարբեր որակներ ու կատեգորիաներ են:
Դիցուք, երբ ժողովրդական իմաստնությունը վկայում էր`
«առյուծին պատիվ էին տալիս, էշ դուրս եկավ»,
կամ`
«մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»
կյանքի կենսափորձով խտացված դաժան ճշմարտությունները,
ամբոխացած զանգվածը դիվային ծեսերով, չարագուշակ-չարաղետ ոռնոց-բառաչանքով պատվանդան էր հանում մարդկային կերպարանք ունեցող չարքերին` Lյուցիֆերին Բաֆոմետ զուգընկերուհու հետ:
Ցնծացողները խելագարության նոպայի մեջ չէին նկատում, որ մարդու դիմագծով իրենց կուռքերը` «դրսից քահանա` ներսից սատանա» ասվածի կարգավիճակ ունեցողներն են:
Ակնակապիճներից դուրս թռած աչքերի խելագար նայվածքով ու փրփրակալած բերանով բիոզանգվածը` լորձոտ երախից հայհոյանքներ ու սպառնալիքներ թքող չարքի օրակարգ դարձրած հայտնի մանտրաներն էր երկինք ուղղում, մոռացած մի այլ իրազեկում.
«Լեզվից բոզը կնկա բոզից վատ ա»:
Շարունակությունն այսօր, թերևս, կհնչեր` «…բայց կործանարար է ու ահարկու, երբ երկուսը մեկում են»:
Առակս զինչ ցուցանե՞:
Ընդամենը այն, որ ո՛չ միայն լեզվից, այլև վարքից, բանահյուսական հայտնի ժանրի բնութագրմամբ` «բոզ»-երը ԱՄՆ կատարած 6-օրյա «վոյաժ»-ից հետո, ում բռնեցին, մի այլ ասացվածքի հայտնի պերսոնաժի` «պույ-պույ»-ի օրը գցեցին:
Հիշում եք, չէ՞.
«Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից են կապում»:
Այլ կերպ չես որակի, երբ աշխարհի անցուդարձից բացարձակ անտեղյակ մանդատակիրներին և մյուս արբանյակներին սեփական քաշային կարգին ոչ հարիր հանձնարարություն են տալիս և պահանջում` PR զինանոցից վերցված հայտնի ու անհայտ բոլոր միջոցներով որպես «նշանակալից ձեռքբերում» պտտել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ լուսանկարվելու փաստը:
Սրանք էլ, ԱԺ-ում ստացած աթոռն արդարացնելու կամ խոստացված պաշտոնին տիրանալու մոլուցքից ախտահար, նետվում են «մրցասպարեզ» ու՜...
ՈՒ ինչպես ժամանակին մարգարեացել էր Վիկտոր Չեռնոմիրդինը`
«Хотели как лучше, а получилось как всегда»!
Համարյա` Калашников!
Էլ ո՞նց չասես, ո՛չ միայն «լեզվից բոզ»-երի սազանդարներ, կիսատ-պռատ այդ Калашников-ը ձեր «Kardeşim Benim»-ների դեմ ուղղեք:
Գրոհե՛ք, անխնա տրորե՛ք նրանց սեղանին դրվածը, որ փորձում են «կերցնել» միջազգային հանրությանը:
Որ 24/7 ռեժիմով Հայաստանն ու հային են նսեմացնում, օրակարգ թելադրում, անգամ «արևմտյան Ադրբեջանի» վտարանդի կառավարություն են ձևավորում, ղեկավարությամբ Ջաֆար Չախմախլի «վերնագրով» ոմն հայագետի:
Մեզ էլ գուժում` գալիս ենք, պատրաստվեք:
Բարոյապես որքա՜ն պիտի գահավիժես, որ նման իրավիճակում քաղաքական աղբին «կերակրելու» համար, 50-60 հազար դոլար մսխած զրոյական ՕԳԳ-ով անիմաստ շրջագայությունը որակես «հաջողված այց» ու հայտարարես.
«ՀՀ վարչապետը հանդիպել և լուսանկարվել է ԱՄՆ փոխնախագահի հետ: Փաշինյանի սպասելիքները և դրանց տրված արձագանքը, ինչպես և ակնկալվում էր, բավարարված են»:
Կամ` տառ առ տառ կրկնես նրա խոսնակի տողերն ու մատուցես որպես «մեծ ձեռքբերմանը» տրված սեփական գնահատական.
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»:
Գիտակցելով, սակայն, որ ասածներդ գոյություն չունեցող տարածաչափությունից են ու, բնականաբար, կհարուցեն մտացածին այդ «իրականության» օրեցօր նոսրացող շնչավորների տարակուսանքը, հաջորդ իսկ շեշտադրմամբ առկախում ես նրանց հնարավոր հարցերը, հավելելով`
«Թե՛ամերիկյան, թե՛ հայկական կողմի տրամադրած ինֆորմացիան, կարևոր այս իրադարձության վերաբերյալ, շատ ժլատ է»:
Հարթուղեղների համար ասածդ զարգացնում ու, իբր, մասամբ փակագծեր է բացում` իր բութագրմամբ` «մի չմո երկրի», մեր հավելումով` մի նախկին «չմո» նախարար.
«Ռազմավարական համագործակցության վերաբերյալ, ռեգիոնալ մեր խնդիրների և ԱՄՆ-ի ներգրավման վերաբերյալ խոսակցություն է եղել, ինչը ինքնին դրական է, որ հենց առաջին ձեռքից ԱՄՆ փոխնախագահը և վարչակազմը տեղեկատվություն ստանան, թե՛ մեր մոտեցումների վերաբերյալ, թե՛ զարգացումների, թե՛ պոտենցիալ հնարավորությունների»:
Գեբելսյան ոգուն հարազատ ճիվաղային նման քարոզչությունը որպես PR տեխնոլոգիա օգտագործողները գրեթե համոզված են` լուսանկարով «կերակրվողները» երբեք չեն մտնի ու չեն քրքրի ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական կայքէջը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացվում է օրվա անցուդարձը: Որտեղ, ինչպես և սպասվում էր, ոչ միայն պաշտոնական կամ ոչ պաշտոնական հաղորդագրություն, այլև համառոտ ակնարկ անգամ չկա չկայացած այդ հանդիպման մասին:
Ապացույցը այն իրողության, որ «մեծ ձեռքբերում» մատուցվող տխուր լուսանկարը, որը, ըստ պսևդո քարոզիչների` «Մոսկվային ջղաձգումների է հասցրել», ընդամենը միջանցքում, ինչպես ասում են` «ոտքի վրա, ձեռքի հետ» արված կադր է:
ՈՒ որքան էլ լուսանկարի ձախ կողմում կարեկցություն հայցող աչքերով կանգնածը Facebook-յան իր էջում ջանա հավատացնել, թե ԱՄՆ փոխնախագահի հետ «ճանաչողական հանդիպում և լավ խոսակցություն» է ունեցել, չի համոզի:
Որովհետև Գիքորին բնորոշ խղճուկ կեցվածքը ոչ միայն կստիպի մտաբերել հայտնի տողերը` «մեր հայրենիք թշվառ, անտեր», այլև ի ցույց կդնի ՀՀ ներկա վարչախմբի բոլոր ուղղություններով տապալված արտաքին քաղաքականությունը:
Փաստենք նաև` դասական ապուշը միայն կգրեր.
«ՀՀ վարչապետը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի օրոք Սպիտակ տուն այցելած առաջին պետության ղեկավարն է»:
Թեկուզ և առաջինն է, հետո՞:
Բացահայտ ստով ընդամենը վկայում ես, որ անկապ մեկն ես, որը հանգամանքների բերումով է հայտնվել խորհրդարանում:
Եվ իր թիմակից մյուս մանդատատերերի նման օրինաստեղծ աշխատանքի հետ չունի որևէ աղերս:
Բացարձակ անտեղյակ է միջազգային քաղաքական անցուդարձից, նույնիսկ չգիտի` երբ իր «պետության ղեկավարը» Սպիտակ տան ինչ-որ «чулан»-ում նկարվում էր Վենսի հետ, Թրամփը մի այլ սրահում լրատվամիջոցներին ասուլիս էր տալիս Բենիամին Նեթանյահուի ընկերակցությամբ:
Աշխարհին իրազեկում էր Գազան էթնիկ զտումների ենթարկելու սեփական նախաձեռնության մասին:
Դեմոկրատական Արևմուտքը ներկայացնում է պաղեստինցիներին ցեղասպանելու իր ծրագիրը:
Եվրոպան ընդամենը դատապարտում է:
Միացյալ թագավորությունը խորհրդավոր լռում:
Տարածաշրջանը հայտնվել է գլոբալ վերադասավորումների արյունոտ կաթսայում:
Աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոնները բացառապես զենքի «լեզվով» են լուծում հարցերը:
Զարգացումներն ամենօրյա ռեժիմով ավելորդ անգամ փաստում են ողբերգական իրողությունը` ուժն է ծնում իրավունք:
Տիկին Առոչինչի ասածով` առոչինչ են նախկին բոլոր դեկլարացիաները, թղթերն ու պայմանագրերը, որ դարձել են ոչ մեկին չհետաքրքրող, անպետք մակուլատուրա:
Թուրքիայի պետական հեռուստաալիքներով օրումեջ բարձրաձայնվում է` Սիրիայից հետո առաջնահերթ է դարձել «Զանգեզուրի միջանցքը»:
Իսկ ի՞նչ ենք անում մենք:
Մե՞նք…
Մենք նկարվում ենք ու խղճուկ այդ պահն անմահացրած կադրը թափահարում «սովածների» քթի տակ:
Կերե՛ք, կշտացե՛ք:
Ի վերջո ասված է, չէ՞. «Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ»:
Հետո՞ ինչ, որ ներկա աշխարհում ո՛չ կարգ կա, ո՛չ օրենք, ո՛չ միջազգային հանրություն, այլևս ոչինչ չկա, իսկ հարցերը լուծվում են ուժով:
Մենք շատ կարևոր գործով ենք զբաղված` լեզվով «խաղաղության խաչմերուկ» ենք «կառուցում»:
Կարևորը` մենք կառուցում ենք:
Այնպիսի ոգևորվածությամբ ենք կառուցում, որ նույնիսկ Վաշինգտոնի «Ատլանտյան խորհրդում» ենք ոտնատակ ընկնում, չգիտես ում ականջների համար, ջարդրտված անգլերենով բարձրաձայնված հակատրամաբանական տխմար ձևակերպմամբ` «խաղաղությունն անվտանգության երաշխիք է»:
Մինչդեռ մարդկությունը 2-3 հազարամյակ մտածել է ճիշտ հակառակը` անվտանգությունն է խաղաղության երաշխիքը: Բայց մարդկությունը մեզ ի՞նչ, թող մտածի ոնց ուզում է:
Գլխավորը մեր ձեռքի լուսանկարն է, որն էլ, ինչպես հավատացնում են արդեն հիշատակված «ոչ միայն լեզվից բոզերի» նազիր-վեզիրները, ապահովելու է հայի անվտանգությունը:
Մի քանի լումա անգամ չարժեցող «երգասացները» թող շարունակեն ամոթալի PR-ն ու առաջարկած «ապրանքը» որոճան մատուցվածին կարոտ ականջների հետ, իսկ մենք հաջորդիվ կկարդանք «Մի լուսանկարի պատմությունը»:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)