Սկիզբը՝ այստեղ
ՈՒժի և հաղթանակի զգացումը «ճնշվում» է սգով և զոհի կարգավիճակով
Հաղթահարելով պրկված նյարդերիս հուժկու դիմադրությունը՝ կարողացա մեղմել ներքին «ես»-ի արդարացի ընդվզումը բացահայտ կեղծիքի դեմ ու «հերսաբար» կարդացի հունվարի 27-ի առիթով «վարչապետական» բարձունքներից հղված «ուղերձը»։
Ընթերցվող բառերի արանքից ժպտում էր Ջորջ Օրուելն ու շշնջում իր աֆորիզմ դարձած տողերը․
«Ով վերահսկում է անցյալը՝ վերահսկում է ապագան։
Ով վերահսկում է ներկան՝ վերահսկում է անցյալը»։
Ինչի մասին էր «ուղե՞րձը»։
Առանձնապես ոչնչի՝ նույն «հեքիաթն» էր, նույն կոտրած տաշտակը։
Բայց հստակ էր նպատակը՝ փոփոխել հունվարի 28-ի՝ Բանակի օրվա, էությունը։
Ինչպե՞ս։
Ընդամենը՝ Հաղթանակի ու հաղթողի կոդը փոխարինել զոհի կոդով։
Հունվարի 28-ը պատմականորեն Հայոց բանակի կազմավորման, ուժի և հաղթանակի խորհուրդն ունի:
Այն պետականակերտման հպարտության օր է:
Սակայն համազգային տոնի նախօրեին՝ հունվարի 27-ին, «զոհվածների հիշատակի» շեշտադրումը փոխում է հաջորդ օրվա էմոցիոնալ ֆոնը:
ՈՒժի և հաղթանակի զգացումը «ճնշվում» է սգով և զոհի կարգավիճակով:
Ըստ էության, հունվարի 28-ը դառնում է ոչ թե հաղթող բանակի, այլ զոհեր տված, պարտված ու ջախջախված կառույցի օր:
Քանի որ լիբերալ ֆաշիստական այս իշխանությունը չի կարող ուղղակիորեն ջնջել Բանակի օրը (որովհետև նման քայլը կդառնա համաժողովրդական պայթյունի շեփորականչ)՝ գնում է իմաստային դիվերսիայի ճանապարհով:
Ստեղծվում է մի նոր «սուրբ օր»՝ հունվարի 27, որն իր ծիսակարգային ծանրությամբ սկսում է ճզմել-կլանել հաջորդ օրվա տոնականության հերոսական ոգին, ճնշում հոգեբանորեն, որպեսզի հունվարի 28-ին հայ մարդն այլևս չզգա այն հպարտությունը, որ շաղկապվում է Արցախյան առաջին պատերազմին, ազգային հերոսներին ու նրանց բերած հաղթանակներին:
ՈՒղերձը՝ «Սիրելի՛ ժողովրդին, ՀՀ սիրելի՛ քաղաքացիներին» ավետում է «Հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման օրն է այսօր»։
Ի դեպ, «հանուն հայրենիքի» վերացական ձևակերպումը կրկնվում է մի քանի անգամ։
Մատուցվող խոտան տեքստի իրական հեղինակը, սակայն, խուսափում է նշել՝ հանուն ո՞ր հայրենիքի․․․
Դե ո՜նց կարելի է ասել՝ հանուն Արցախի։
«ՈՒղերձի» հեղինակը «մոռանում» է նաև նշել՝ ո՞ւմ մեղքով 3-4 անգամ ընդարձակվեց Եռաբլուրը
Պատահականությու՞ն է:
Ո՛չ։
Ռեժիմն այդ «մոռացկոտությամբ» զոհվածների հիշատակը դարձնում է իր քաղաքական օրակարգի սպասարկուն՝ զուգահեռ լվանալով սեփական արյունոտ ձեռքերը․․․ պատասխանատվությունից:
ՈՒրացման «ուղերձ»-ը, կրկին ու վերստին, պարտադրում է հաղորդակցվել 2020-ից մեզ արդեն ծանոթ այն լեզվին, որը նորմալ է համարում հաղթանակը ներկայացնել որպես «աղետ», իսկ պարտվողականությունը՝ «իրատեսություն»:
Հիշյալ ազդանշանն էին, հավանաբար, որսացել դիմակայող պրկված նյարդերս։ Եվ իմ հայկական ինքնությունը, թերևս, մերժում էր համառորեն պարտադրվող հենց այս «նորմալությունը», որն արդեն վերածվել է անտեսանելի, բայց գործուն զենքի։
Ռեժիմի համար «նորմալ» է այն ամենը, ինչը հանգեցնում է հնազանդության։
Հաղթանակը որպես «աղետ» ներկայացնելու գաղտնագիրն է․
«Պարտությունն ընդունեք որպես բարձր արժեք, վարժվեք հաշտ ու խաղաղ ապրել նրա հետ ու մի՛ ձգտեք հաղթանակի, այն ձեզ պատիժ կբերի՝ պատերազմ, արյուն, կորուստներ»։
Նպատակը հստակ է՝ վախ սերմանել առաջիկա ցանկացած պայքարի նկատմամբ։
Պարտվողականությունը որպես «իրատեսություն» ներկայացնելու ենթատեքստն է․
«Հայե՛ր, դուք թույլ եք, ի զորու չեք փոխելու ճակատագրով սահմանվածը, ուստի հարմարվեք կորուստներին»։
Նպատա՞կը՝ կոտրել ազգի հավաքական կամքը։
Մեզ պարտադրվող «նորմալությունն» ախտահարված անոմալիա է ցանկացած կենսունակ ազգի համար։
Մահացու հիվանդություն, որը հասարակությանը տանում է դեպի բարոյական դեգրադացիա, որտեղ զոհաբերությունը դառնում է անիմաստ։
Կամ, ինչպես ժամանակին ասել էր մադամ Բովարիի համախտանիշով տառապող հայտնի Տիկինը՝ զոհաբերություն հանուն «առոչինչ»։
Մինչդեռ դավաճանությունը, հանձնվելը կամ թշնամու առաջ ծնկելը՝ «խելացի քաղաքականություն» է։
Սա իրոք «հերսաբար» կարդալու նյութ է, քանի որ կամա, թե ակամա, հանդիսատեսն ես դառնում մի ներկայացման, որտեղ բեմում պետական մակարդակով փորձում են ստերիլիզացնել ազգային ոգին, բանակը դարձնել սոսկ «սահմանապահ պահակախումբ», իսկ ազգին՝ իր անցյալի համար ներողություն խնդրող բիոզանգված:
Իրոք, խելագարվելիք է,
երբ թուրք-ադրբեջանական ծագմամբ քաղաքական ուժը փորձում է փոխել ազգի կոլեկտիվ հիշողությունը։
Երբ անպատիժ նենգափոխում են քեզ վաղուց հայտնի իրադարձությունները։
Երբ իրեն միապետ հռչակած մի գաճաճ Պոլիշինել պաշտոնական մակարդակով փորձում է համոզել, թե այն ամենը, ինչը նախկինում համարվում էր արժեք՝ հաղթանակ, հպարտություն, Արցախ-հայրենիք, իսկական ինքնիշխանություն, իրականում «աղետի» հիմք էր կամ «սխալ»։
Ազգի հավաքական հիշողության ու տրամաբանության մեջ, սակայն, հաղթանակը չի կարող լինել չարիք։
Հայի միասնական ուղեղը հրաժարվում է ընդունել մի «իրատեսություն», որը պահանջում է սեփական արժանապատվության ուրացում։
Մաքուր հայկական ինքնությունը հենվում է դարավոր պատմական կոդերի վրա, որտեղ հայրենիքի պաշտպանությունը բարձրագույն արժեք է։
ՈՒ ողբերգություն է, երբ հունվարի 27-ով փորձում են «լվանալ» այդ արժեքն ու բովանդակազրկել։
Թե ի՛նչ էր առավոտ վաղ ազգին «հրամցված» «ուրացման ուղերձը» և, ըստ էության, ի՛նչ է հունվարի 27-ը՝ հաջորդիվ։
Շարունակելի
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ