1894 թ․ դեկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը դուրս եկավ Սբ Էջմիածնից, որպեսզի․․․ հասնի Սանկտ-Պետերբուրգ։ Նրան ուղեկցում էր շքախումբը՝ Կյուրեղ եպիսկոպոսը, Բարդուղիմեոս վարդապետը, Հուսիկ աբեղան, Վահան սարկավագը, կաթողիկոսի մերձավոր ազգական Խորեն էֆենդի Խրիմյանը։
Երթուղին հետևյալն էր՝ Երևան-Թիֆլիս-Բաթում-Նովոռոսիյսկ-Եկատերինոդար-Արմավիր-Նոր Նախիջևան-Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ։ Խրիմյան Հայրիկը նպատակ ուներ հանդիպել Նիկոլայ II կայսեր հետ և հայցել է նրա պաշտպանությունը Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման համար:
Նրա ուղևորությունը վերածվեց յուրատեսակ հովվական այցի, և այն ջերմ, անթաքույց խանդավառ ընդունելությունը, որին արժանացավ տարբեր քաղաքների ու գյուղերի հայության կողմից, դրսևորումն էր վեհափառի հիրավի ժողովրդական լինելու։
1895 թ․ փետրվարի 6-ին կաթողիկոսը հատուկ գնացքով Թիֆլիսից ճանապարհվեց Բաթում, և ահա ինչ է գրում Թիֆլիսի "Արձագանքը" ․ «Բաթում։ Փետրվարի 7-ին 1 ժամ 49 րոպէ։ Առաւօտից սկսած կայարանի պլատթօրման, դէբարկատէրը, կայարանի առաջի հրապարակը, շրջակայ փողոցները ծածկուած են ժողովրդի անհամար բազմութեամբ։ Վեհափառ Հայրապետի գնացքը ժամանեց ուղիղ ժամը 11-ին։ Հանդիպումն այնքան փառաւոր էր, որ նկարագրել անհնարին է։ Կեցցէներ և Հայրիկ աղաղակները չեն ընդհատվում մի վայրկեան անգամ։
Նահանգական կառավարիչը, Բաթումի քաղաքագլուխը, ձայնաւորները, հայկական կօլօնիայի անդամներն ընդունեցին Հայրապետին վագօնում և ողջունեցին բարի գալուստը։ Վեհափառ Հայրապետը ժողովրդին ողջունելուց և օրհնելուց յետոյ բարեհաճեց նստել իւր համար յատուկ պատրաստուած շքեղ քառաձի կառքը։ Ժողովուրդն այնպէս էր շրջապատել Վեհափառ Հայրապետի կառքը, որ անհնարին էր արագ շարժուել, ուստի կառքն ընթանում էր յամրաքայլ։ Լօրիս-Մելիքեան փողոցում ժողովրդի աննկարագրելի բազմութեան պատճառով շարժումն անկարելի էր դարձել։
Եկեղեցւոյ գաւթին հասնելով Վեհափառ Հայրապետը մտաւ ամպհովանու տակ․ այդտեղ հանդիպեցին Նորին Օծութեան հայ հոգևորականութիւնը զգեստաւորուած խաչ ու խաչուառներով և ջահերով, այդտեղ էին հայ ծխական դպրոցների աշակերտները և աշակերտուհիք․ դոքա ամենքը գնում էին հանդիսի առաջից։ Վեհափառ Հայրապետը մտաւ եկեղեցի, կարճ աղօթքից յետոյ օրհնեց ժողովրդին և գնաց Իւր համար պատրաստուած յատուկ բնակարանը՝ «Ֆրանսիա» հիւրանոց, որի ամբողջ միջին յարկը վարձել է և պատրաստել իւր հաշուով պ․ Աղեքսանդր Մանթաշեանը Վեհափառի և Նորա ուղեկիցների համար, որքան ժամանակ որ նրանք մնան Բաթումում»։
Խրիմյան Հայրիկը Բաթումում մնաց մինչև փետրվարի 14-ը, ապա շարունակեց ճանապարհը։
Մայիսի 31-ին Վեհափառին մեծ շուքով ընդունեց Նիկոլայ II կայսրը, ընդունելությունը տևեց 20 րոպե։
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ