Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը կրճատելու մասին, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Հրամանագրով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, հարկավոր չեն։ Ստորագրման պահից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետևելու մասին։               
 

MADE IN TURKEY (մաս 36-րդ)

MADE IN TURKEY (մաս 36-րդ)
18.02.2025 | 19:46

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին ՝ 2018-2025 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 35-ՐԴ

(կամ` գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում)

Հաղագս ապագայի լիրբ որձակը պիտի վզքաշ արվի

Որքան էլ հեքիաթն է կանչում, այնուամենայնիվ մեր պատումը կսկսենք ո՛չ թե ժողովրդական բանահյուսության այդ ժանրին հատուկ`«Լինու՜մ է, չի՜ լինում», «Ժուկով ժամանակո՜վ» կամ «Կա՜ր չկա՜ր» մուտքով, այլ անհրաժեշտ նախաբանով և հստակ արձանագրումով. ներկայացվող խնդիրները, որ հենքում աշխարհաքաղաքական են, տնտեսական կամ սոցիալական, նախ և առաջ մարդկային են:

Գուցե և համամարդկային:

Դրանք մարդ կամ հակամարդ լինելու մասին են:

Այն մասին, որ ներկայացվող տրագիկոմեդիայում հակամարդն ընդամենը հետևանք է:

Պատճառը շրջապատի հավաքական հանցավոր հանդուրժողականությունն է, որն էլ հակամարդուն հնարավորություն է տալիս լինելու այն, ինչ կա թե՛ իրականում, թե՛ ներկայացվող վիրտուալ աշխարհում:

Իրատեսական տարրեր պարունակող հրաշապատում այս հեքիաթը, նորալեզվով ասած, «ֆենթզի» ժանրից է, որտեղ միախառնված են երևակայականն ու ոչ մտացածինը: Գործողության վայրը, որ գտնվում է Աստծո ստեղծած արևելյան կողմում, իր կերպարներով գոյություն ունի հիպոթետիկ տեսանկյունից:

Բայց այնքա՜ն մոտ է իրականությանը` «բրենդ»-ային դավաճաններ, պնակալեզներ, աշխարհի տարբեր հատվածներում կեղծ պատրվակներով պատերազմներ հրահրող երկրի փոխնախագահ, ուտելուց բացի ամեն ինչում պարտվողական մի հակագործիչ, որ թերևս, առկա են նաև ֆիզիկական աշխարհում:

Ինչու հատկապես արևելյան կողմու՞մ:

Գրված է, չէ՞.

«Աստված դրախտ ստեղծեց Եդեմում` արևելյան կողմը և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն» (Ծննդոց, 2:8):

Գիրք գրոցը հատուկ նշում է «արևելյան կողմը»:

Թերևս, շեշտվում է այն հանգամանքը, որ ակամա մեղսագործ դարձած մարդուն Եդեմում բնակեցնելուց դարեր անց, հեքիաթում ներկայացվող Արևելյան երկրի ժողովուրդն առաջինը պիտի ճանաչեր Բարձրյալի միածին Որդուն, ժամանակի իր տիրակալի հետ առաջինն էլ քրիստոնեությունն ընդուներ որպես պետական կրոն:

Իսկ նրանից դեպի արևելք գտնվող և ոչ մի երկիր այդպես էլ հետագա ժամանակներում հոգու խորքից երբե՛ք առ Անհունը չհղեց յոթ խնդրանք ներառող` «Հա՛յր մեր»-ը:

Աստվածաշնչյան արձանագրումը, թերևս, այն պատճառով է նաև, որ մեր հեքիաթի հիշյալ երկիրն իր փոքր «ածու»-ով հանդերձ դարերի ընթացքում պայքարեց տարբեր բաշիբոզուկների դեմ, ամեն անգամ վերքերը հարալեզներին թողած գոյատևեց զարգացումների` արևելքի ու արևմուտքի միջև ձգվող, ճամփաբաժանին ու այդ վիճակով հասավ հրաշապատում այս հեքիաթի ժամանակներ:

Ո՞ր թագավորի օրոք ընդունվեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:

Այսօր դժվար է ասել:

Հեքիաթի հակահերոսի հրահանգով խմբագրվել-սրբագրվել է այդ երկրի ու նրա ժողովրդի հազարամյակներ ձգվող ողջ անցյալը:

Այրվել, ոչնչացվել, հիմնականում վաճառվել են նրա մասին պատմող մագաղաթներն ու ձեռագրերը, իսկ դրանք պահպանող եզակի գրապահոցը որոշել են վերածել խաղատուն-հյուրանոցի, իմա` անառականոցի:

Ինքնատիպ մշակույթ ստեղծած այդ ժողովուրդն այսօր ծածուկ պատմում ու սեփական անցյալից հիշողության մեջ մնացած ինչ-ինչ դրվագներ բանավոր է փորձում փոխանցել սերունդներին:

Ինչու գաղտնի՞:

Որովհետև յուրաքանչյուր անդրադարձ սեփական արմատներին, ազգային ինքնության թույլ

արձագանք-դրսևորում անգամ հատուցվում է առավելագույնով` մահապատժով:

Որովհետև հիշյալ ժողովրդի ամեն ինչը, այդ թվում և պատմությունը, այժմ սկսվում է այն պահից, երբ հեքիաթի փնթի հակահերոսը կատարեց իր առաջին քայլը:

Չմոռանանք նաև իրազեկել` hրաշապատում այս հեքիաթի գործող անձանցից ոմանք մարդկայինին զուգահեռ նաև անասուն-թռչուն հիբրիդի արդյունք են` առասպելական կերպարներ, որոնք հիշյալ ասքի համար անհրաժեշտ բաղկացուցիչ են, ինչպես բնության երևույթները զուգահեռ իրականությունում:

Այստեղ ընդունված օրենքները, հաստատված և չհաստատված կարգ ու կանոնը տարբերվում են բարեվարքության մեր իմացած չափանիշներից:

Բայց ինչու՞ հրաշապատում:

Որովհետև բարու դրոշակակիր ժողովրդի և չարը մարմնավորող հակահերոսի դաժան պայքարը, Աստծո կամքով և առաջնորդությամբ, ի վերջո, ավարտվելու է բարու հաղթանակով, ի նշան տվյալ ժողովրդի լինելության և հետագա հաղթարշավի` դեպի հազարամյակներ:

Մեր հակահերոսը ժամ-պատարագ չիմացող, լավ բտված «անհաղթ» որձակ է: Բա՜յց, ո՛չ ժողովրդական հեքիաթներից հայտնի անհաղթը:

Այս պատումի հակաշնչավորը զուրկ է կոմպլեքսներից:

Շրջապատին հոգնեցրած մի լիրբ աքլոր է, որ եկած- չեկած իրեն հավասարեցրեց Հիսուսին և սեփական ողորմելի անձը հրամցրեց որպես նորօրյա փրկիչ:

Նրա «խորոզացած հայտնությունից» ոռնում, հաճույքից ալիքվում էր «тигровка» հագած ատամնափ մորքուրների և լերկագանգ հոպարների հորձանքը:

Ի՜նչ իմանային, որ այս «հակա»-կենդանու գալուց հետո ո՛չ միայն մեկ-երկու ցցված ատամներից ու մի քանի մազից են զրկվելու, այլև հայրենիքից, տնից-տեղից, զավակից: Անգամ անցյալից ու այն ամենից, ինչն իրենց սրբության սրբոցն էր:

Հետո պիտի համոզվեին, որ սա իրենց իմացած Փրկչի հակառակն է:

Այսօր արդեն ոչ ոք գրեթե չի կասկածում` հիշյալ հակաքրիստոսը ստելուց, սպանելուց, գողանալուց, շնանալուց, «սուտ վկայություններ» տալուց և կատարած տիեզերական մասշտաբի դավաճանությունից հետո կյանքի ուղին տրամաբանորեն ավարտելու է կրակին դրված կաթսայի հատակում` բրնձի ընկերակցությամբ:

Կստացվի արևելյան ժողովուրդների խոհանոցին բնորոշ ուրույն կերակրատեսակ, որը, սակայն հակացուցված կլինի մարդուն:

Որովհետև, ինչպես հավաքական միտքն է արձանագրում` «ճանճն ի՞նչ է, որ ճենճն ինչ լինի»:

Հատկապես, երբ ուտեստի գլխավոր բաղադրիչը` աքլորը, վիրուսակիր էր ու հասցրել էր դիակ դառնալ ոտքի վրա և նեխել-քայքայվել էր դեռևս ողջության օրոք:

Բորենիների աչքը լույս, որ առանձնակի հաճույքով են խժռում հատկապես ապականված գարշահոտող ապրանքը:

Պրոֆեսիոնալ հեքիաթասացները հենց այս հատվածում առանձնահատուկ պաթոսով կկանչեին`

«Արդա՜ր է… նման թերմացքին արժանի վերջաբան»:

Այլ կերպ չի՛ էլ կարող լինել, իհարկե, քանի որ Տասնաբանյան ասել է ի սկզբանե.

«Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի» (Ելք, 20:7):

Բարձրյալը նաև ապսպրել է`

Մի՛ սպանիր:

Մի՛ շնացիր:

Մի՛ գողացիր:

Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:

Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր:

Պատվիրաններ, որոնք «բրնձով փլավի մատերիալը» ոտնակոխ է արել իր անիմաստ ու անպետք գոյության յուրաքանչյուր ակնթարթի:

Հիշատակված և մահացու մյուս մեղքերի խտացում հակահերոսը կիցընթաց իրականությունում դեռևս ճվճվում-ծղրտում է, հետևապես, բնական է` ներկայացվող պատումի վերջակետը դնելուց հետո էլ զուգահեռ աշխարհում շարունակվող այս հեքիաթն անվերապահորեն կունենա ոչ միայն անակնկալ զարգացումներ, այլև խիստ տրամաբանական ավարտ:

Ի վերջո, ո՞վ է նա:

Նայում ես` թվում է աքլոր է:

Հաջորդ պահին ասես մարդ է:

Լսում ես` հայհոյախոս-մահաբեր չարք է:

Չի հասկացվում` մա՞րդ է, թե՞ աքաղաղ:

Պարզվում է` ո՛չ մեկն է, ո՛չ էլ` մյուսը:

Ճ՛իշտ այն է, ինչ և պետք է լիներ սրան ցնկնածների մեղսագործության անցանկալի արդյունքը:

Աքլորի հատկանիշներով մարդու կերպարանք առած այս բրածոն, լինելով անտաշ, գռեհիկ, չունենալով կրթություն, գիտելիքներ և ընդհանրապես որևէ արժանիք, որքան էլ անհավատալի է, կարողացավ պլեբսի վերածել Արևելից երկրի հանրության «մերժող» հատվածին:

Լվաց մարդկանց ուղեղներն ու «նվաճեց» մշակութային հարուստ ժառանգություն և 5-6 հազարամյա պատմություն ունեցող մի ամբողջ երկիր:

Սրա անդավաճան ուղեկիցներն էին կարմիր գծեր չունեցող լկտիությունը, մարդկային տրամաբանությունը կաթվածահար անող սուտը, աննորմալ վարքագիծն ու սեռաշեղված մտածելակերպը, սահմաններ չճանաչող մեծամտությունը:

«Հզոր» այդ դաշնակիցներն էլ ունենալով թիկունքին, ծուռթաթ մի քայլով կարողացավ հասնել անհնարինին:

Անվերջ քոր եկող հետույքը մեծ հաջողությամբ տեղավորեց հեքիաթի` երկու հատվածի բաժանված երկրի արևելից կողմի թագավորական գահին:

Արդեն յոթերորդ տարին է, ինչ քայլող վարակը կորուստներով գերխտացած ու արյան գետերով ողողված թմբիրի մեջ է պահում մոլորակի դրախտային այդ անկյան բնակիչներին:

Արևագալից-արևամար Անհաղթ Աքլորն ու սրա ընկերուհին, որ գիշանգղի և Բաֆոմետի խաչասերման արդյունք է` կնոջ կերպարանք առած լեշակեր Ցին, վայելում են կյանքը և իրենց խելագարեցնող ծուղրուղու-կչկչոցով «է՜ստի համեցե՜ք» են անում Արևելից այդ տերության գենետիկ թշնամիներին:

Հենց սրանց համար է ասված` «գլորվել է խուփը, գտել է պուտուկը»:

Հիշյալ խուփն ու պուտուկը համատեղ սպանեցին, ծախեցին, փոշիացրին, տվեցին-առան ոնց հրահանգվեց, մինչև օրերից մի օր օվկիանոսից այն կողմ գտնվող հեռավոր երկրում փոխվեց վարչակարգը:

Աքլոր արքայի հույս ու հավատ դարձած մարազմատիկ ծերուկը լքեց «աշխարհի կենտրոն» օվալաձև կաբինետը:

Սև ամպեր կուտակվեցին հեքիաթի մեր հակահերոսի գլխին:

Ցինը, որ երկու շաբաթ անընդմեջ ներկած կտուցը մաքրում էր Անհաղթի կիսաճաղատ գանգին, սղոցում էր սրա` մետամորֆոզի օրենքով աղիքների վերածված ուղեղը, մի օր չդիմացավ.

- Դարձել ես կենսաբանական զանգված, ուտել-խմելուց բացի ոչինչ չես անում: Ի՜նչ սրտով ես կուտդ կտցում, երբ բացարձակ զրկվել ես քաղաքական կշիռ ասվածից: Ո՛չ ոք չի ուզում երեսդ տեսնել: Վե՛ր կաց գնա աշխարհի արևմտյան կողմում նստած մեծ խաղացողի ոտքն ու փորձիր ճշտել մեր իրական տեղն էս արևի տակ:

Ճա՞րն ինչ:

Հավաքեց նազիր-վեզիրներին, Ցինին էլ թևի տակ տված ձմռան վերջին ամսվա առաջին օրը` անտառներ ու գետեր, քաղաքներ ու լճեր և մի օվկիանոս հատելուց հետո, նոր տիրոջ փնտրտուքներով վերջապես եկավ-հասավ Արևմուտքի հզորներից ամենահզորի դուռը:

Բայց երբ փորձեց ներս մտնել, որտեղից-որտեղ հայտնվեց ուրիշների ուղղությամբ իր իսկ նետած բումերանգը և սուրալով «զարկեց ճակտին», տապալեց գետին:

- Persona non grata!

Շատ քաղաքավարի շրմփացրին մեռոնազուրկ անամոթ գանգին:

Մադամ Ցինի գիշատիչ կերպարանքին չնայեցին անգամ:

Որքան էլ անասնամիտ էին, այնուամենայնիվ, երկուսն էլ կռահեցին` աշխարհաքաղաքական մեծ վերադասավորումներում անտեր են մնացել ու հայտնվել են լուսանցքում:

Դդմագլուխ էին, բայց և հասկացան` մինչ այս պահն արված բոլոր քայլերն ու դրանց շաղկապված քաղաքական խաղերն առոչինչ են դարձել ու դուրս մնացել խորքային զարգացումների համատեքստից:

Գիտակցեցին նաև` նորընտիր նախագահն իր վարչակազմով բտված որձակին դուրս է գրել որպես ժամկետանց ապրանք:

Նա այլևս պետք չէ ո՛չ Արևմուտքին, ո՛չ էլ Հյուսիսին:

Հետևապես, մոտ է ժամը, երբ…

Հարկադիր դադար:

Երկա՜ր սպասված բաղձալի այդ պահն անմահացնենք Անհաղթի կամքով անունը պատմությունից իսպառ ջնջված, բայց դեռևս չմոռացված լուսավորչի բառերով.

«Օրհնվի էն սհաթը», երբ վրեժխնդիր հայրենապաշտ ձեռքը վզքաշ կանի սրան ու կխցկի եռացող կաթսան:

Զգալով, որ դարձել են դիակ, որոշեցին որքան հնարավոր է երկար ողջ մնալ:

Կծկվեցին, երկուսով երկարեցին, կարճացան ու մի քանի օր գալարվեցին արևմտյան այդ մայրաքաղաքի փողոցներում:

Անհաղթը ելքեր էր փնտրում, զուգահեռ էլ զարմանալի ախորժակով ներս էր տալիս կտուցին դիպածը:

Ժողովուրդն ինչ ճիշտ է սահմանել` «Հավի աչքը սատկելիս էլ աղբակույտի վրա է»:

Վեցօրյա թափառում- փնտրտուքներից հետո, որոշեցին հաղագս սեփական իշխանության, ոչնչի առաջ կանգ չառնել` խնդրել-աղաչել, նվաստանալ, անգամ սողալ, եթե լինի դրա անհրաժեշտությունը:

Սրանց կարճ խելքով հարցերը հնարավոր կլիներ լուծել ընդամենը մի լուսանկարի օգնությամբ:

Հանուն փրկօղակ կադրի հայթայթման Անհաղթ Աքլորը հավաքեց նազիր-վեզիրներին, նախկին ու ներկա նախարարներին ու մի կին դեսպանի:

Կարճ ու երկար, չաղ ու նիհար եկան շարվե-շարան և կանգնեցին գլխահակ:

- Գյադե՜ք,-սղոցող ֆալցետով ծղրտաց Խորոզ արքան,- նպատակն արդարացնում ա միջոցները: Ինչ գնով ուզում ա ըլնի, էսօր սրանց գլխավոր նստավայրում գոնե մի նկար պտի «կպցնենք»:

Թանկարժեք կոստյում-փողկապով զուգված «գյադեքն» ու դեսպանուհին շարվե-շարան ուղտերի հանգով գնացին գլխավոր նստավայրի ուղղությամբ:

Ընկան քունջ ու պուճախ, ինչ ծակ տեսան մտան-ելան, ում առաջ հնարավոր էր երկարեցին ու կարճացան:

Նվաստացուցիչ փնտրտուքներն ինչքան էլ ոչ ծանրակշիռ, այնուամենայնիվ, արդյունք տվեցին:

Նորակազմ վարչախմբի ներկայացուցիչներից մեկը` աշխարհի արևմտյան կողմում նստած մեծ խաղացողի «փոխ»-ը, շնորհ արեց իր թանկ ժամանակից 6-7 րոպե հատկացնել ու մի կադր նվիրել Անհաղթ Աքլորին:

Բայց ի՜նչ կադր: Առանց արարողակարգային տարրական կանոնները պահպանելու` ոտքի վրա, անձեռոցիկի տուփի ֆոնին, ընդունելությունների սրահի փոխարեն խորդանոց հիշեցնող ինչ-որ սենյակ ու գլխավորը` առանց Արևելից երկրի եռագույնի:

Լուսանկարի ձախ կողմում կանգնածը ոչ թե բտված Անհաղթի, այլ ծեծ կերած թևաթափի թշվառ տեսք ուներ:

Կարևորը, սակայն, կողքի ժպտացողն էր ու նրա ընկերակցությամբ հավերժացած պահը:

Արևելից իր երկրում անձնական օգտագործման ստրուկների միջոցով կկարողանա թափահարել լուսանկարն ու Ցինի կչկչոցին խառնված խլացնող ծուղրուղուով հպատակների ականջները բռնաբարել կամ իր սիրած ձևակերպմամբ` «շինել», աննախադեպ «ձեռքբերման»` «ճանաչողական հանդիպման և ունեցած լավ խոսակցության» առասպելով:

Ճիշտ է, հնարավոր չէ ականջ բռնաբարել:

Բայց սա հեքիաթ է, վիրտուալ աշխարհ, ուր անհնար ոչինչ չկա: Հատկապես, զուգահեռ ֆիզիկական իրականությունում 150-200 գուցե և ավելի կիլոգրամ կշռող արձանը բռնաբարողի համար:

Առավել ևս այն պարագայում, երբ ոչ ոք չի համարձակվի շպրտել սրա լիրբ դեմքին, թե`

- Աքլոր աղա, թղթի էս կտորն անմահացրել է բոմժի վերածված կարգավիճակդ ու քո աշխարհաքաղաքական ֆիասկոն:

Ոչ մեկը, սակայն չի համարձակվի բարձրաձայնել ճշմարտությունը:

Կլռեն բոլորը: Ո՞վ կցանկանա հակադրվել աննորմալ հիստերիկին, որը «Գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում»:

Ո՞վ կուզի հարվածի տակ դնել սեփական կերակրատաշտն ու թիրախ դառնալ մի լիրբ խորոզի, որը չունի ազգային ու մարդկային որևէ հատկանիշ, իր կուտն է կտցում և օտարի ծրագրածով հարստահարում է սեփական ժողովրդին:

Ցանկացած հեքիաթասաց հենց այս տեղում պարտադիր կհրովարտակի` երկոտանի յուրաքանչյուր շնչավոր ինչ պաշտոնում էլ տեղադրված լինի, այնուամենայնիվ, ունի ընտրության և՛ իրավունք, և՛ հնարավորություն:

ՈՒ երբ հրահանգվում է դրսևորվել որպես հակամարդ, երկոտանին կա՛մ կատարում է հրամանը, կա՛մ հրաժարվում է թե՛ ստրուկ դառնալուց, թե՛ բազմատեսակ ուտեստներով ծանրաբեռնված սեղանից նետված փշուրները կտցելուց:

Արևելից այդ երկրում, սակայն, Աքլորի` խառը կանաչու «դաստա»-յի վերածված շրջապատում մարդ-հակամարդ գոյապայքարում, գրեթե առանց բացառության միշտ հաղթում էր հակամարդը:

Շարունակությու՞նը:

Այդքա՜ն դժվարությամբ հայթայթված լուսանկար-խայտառակությունը չօգնեց ոչնչով:

Հեքիաթի հակահերոսն ու նրա հակամարդ «շքախումբը» հասկացան` փրկություն չունեն: Միակ իրագործելին ինքնասպանությունն է:

Բայց գերադասեցին քարշ գալ սպասումի խրամատներ մտած ու այդպես գոյատևել ժամ առ ժամ, օր առ օր, «կերտելով» ներկան, որ չունի ապագա:

Ավարտվեց մեր հեքիաթը, սակայն երկնքից այդպես էլ չընկավ երեք խնձոր` մեկը գրողին, մեկն ընթերցողին, երրորդն էլ

«Գինի լից» երգողին:

Չընկավ, որովհետև զուգահեռ ֆիզիկական իրականությունում փետրահան վառեկի վերածված Անհաղթ Աքլորը դեռևս շարունակում է իր «հաղթարշավը» դեպի կառափնարան:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ