(Այս աշխատանքս հրապարակում եմ առաջին անգամ և նվիրում Ամենայն Հայոց բանաստեղծին՝ իր ծննդյան օրվա կապակցությամբ)
1901 թ․ Բանաստեղծը տպագրեց «Պոետն ու Մուսան» պոեմը։ Դա դառնությամբ ու հուսահատությամբ առլեցուն, «անհաս փառքի ճամփայի» տատասկների կամ, ինչպես գրել է նամակներից մեկում՝ «մռայլ ու տափակ, մանր ու չնչին» իր օրերի մասին ստեղծագործություն է։ Այդտեղ Հովհ․ Թումանյանն ունի այսպիսի տողեր․
Պոետները ողջ տըխրել են, ցավել,
Որ իրենց երգի քընար ես տըվել․․․
Ես էլ․․․ ի՞նչ ասեմ․․․ մեղավոր եմ ես,
Ծույլ ու անշընորհք. անպետք, սևերես․․․
Մեր խեղճ տանըցիք ո՜րքան նախատում―
Բայց ես՝ միշտ համառ, չէի հավատում,
Մինչև լըսեցի մի մեծ պարոնի,
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի։
Մի օր ինձանից արավ հարցուփորձ.
― Ունի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։
― Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ։
― Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
― Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ։
― Հասկացա՜նք, ասավ, պարապ ես եղել․․․
Եվ խեղճ ընկերըս երբ որ՝ սըրտացավ՝
Սա էլ պետքական մի մարդ է, ասավ,
Էնպես ծիծաղեց մեր աղան փառփառ,
Որ և հասարակ և մեծ վեհափառ,
Ով որ իմացավ,
Ծիծաղը պըրծավ։
Թեպետ ուղղակիորեն չի մատնանշում, սակայն «մեծ պարոնը»՝ «և հասարակ և մեծ վեհափառ», Ա․ Մանթաշյանցն է։ Ապացույցը «վեհափառ» բառի գոյությունն է։ Տասը տարի անց՝ 1911 թ․ հոկտեմբերին «Հորիզոն» թերթի մի համարում, թեև անստորագիր, բայց անկասկած Հովհ․ Թումանյանի գրչին պատկանող մի փոքրիկ գրառման մեջ նա գրում է․ «Մանթաշեանը վաճառականական աշխարհքի վեհափառն էր, նրա կանտօրը վեհարան»։
Թումանյանի թանգարանում առկա է մի անթվակիր արխիվային փաստաթուղթ, որի հեղինակը բանաստեղծի դուստր Աշխենն է։ Խոսքը վերաբերում է Հովհ․ Թումանյանի հովանավոր Ֆիլիպ Վարդազարյանի մի հուշին, որը շարադրում է Աշխենը․ «Ֆիլիպը պատմում է․ «Մին անգամ գնացի Մանթաշովի մոտ։ Հիշում եմ, ինքն էլ թրաշվում էր, ներս ընդունեց։ Առաջին անգամն էի մոտը․ ծանոթ էի շատ քիչ։ Բայց գիտեր ինձ։ Ասացի դու ունես մոտ 40-50 ստիպենդիատ, արի մի 10-ով պակասացրու, ոչինչ չի պատահիլ, եթե մի 10 ինժեներ կամ բժիշկ պակաս լինեն․ էդ բոլորի տեղ դու մեկին ապահովիր, որը ապագայում քեզ պատիվ կը բերի՝ մի տաղանդավոր երիտասարդ գրողի։ Թե «դու ճանաչու՞մ ես», - «հա», «լա՞վ գիտես, արժի՞», «թե՝ հա»։ «Դե որ էդպես է, դու ապահովի»։
Ֆիլիպն ասում է, որ ինքը օգնում է, բայց քանի որ ինքն էլ է ծանրաբեռնված ընտանիքով, չի կարողանում լիակատար բավարարություն տալ, քիչ է լինում։
«Չէ, առ էդ մինն էլ քեզ»։
[Զուտ արդյունքից ըստ №6 Հ․ Թ․ պիտի ստանա կեսը։ Միանվագ տված 500 ռ․ լրանալուց հետո Հ․ Թ․ ստանում է զուտ արդյունքի 80%]։
Դուրս են գալիս միասին։ Մ<անթաշյանը> խնդրում է Վ<արդազարյանին>, որ եթե ճանապարհին մարդ մոտենա, փող խնդրի, Մ<անթաշյանը> կասի՝ չունեմ մոտս և կխնդրի Ֆիլիպից։ Եվ իսկապես մի քիչ անցնում են, մեկը մոտենում է և խնդրում 25 ռ․։ Ֆիլիպը տալիս է։ Խնդրատուի հեռանալուց անմիջապես <հետո Մանթաշեանը> վերադարձնում է»:
Այսինքն, ընդհանուր իմաստն այն է, որ Մանթաշյանցը հրաժարվել է Թումանյանին ներառել իր թոշակառուների մեջ։ Բայց այս փակագծերի մեջ [] առնված հատվածը թեև Աշխեն Թումանյանը ջնջել է, սակայն ակնհայտ է, որ Մանթաշյանցը հօգուտ Թումանյանի կամ նրա ինչ որ գրքի հրատարակման համար (ինչը, ավաղ, հնարավոր չեղավ պարզել) հատկացրել է 500 ռ․, որից Բանաստեղծն ստացել է 400 ռ․։
Ա․ Մանթաշյանցի և Հովհ․ Թումանյանի ևս մի շփման իր հուշագրքում անդրադարձել է նաև Ա․ Սարուխանը․ «Մի օր Թիֆլիսում տունս եկավ մեր ժողովրդական բանաստեղծ Յովհաննէս Թումանեան, որի հետ լաւ ծանօթ էի, բայց, ինչպէս ասում են, գնալ-գալ չունէինք։
Թումանեան մեծ ընտանիքի տէր էր․ 10 զաւակ ունէր, որոնք պէտք ունէին կրթուելու, իսկ իր նիւթական միջոցները բաւական համեստ էին։ Խրիմեան գնահատում էր Թումանեանին և կամեցել էր նրան անձամբ տեսնել։ Այս հրաւէրն ընդունելով Թումանեան առնում է, ինչպէս ինքը պատմում էր, «մի քանի զոյգ զաւակ» և ներկայանում է կաթողիկոսին։ Հայրիկ երբ լսում է թէ նա 10 զաւակ ունէր, իր սովորական կատակաբանութեամբ ասում է նրան․ «Ադ ի՞նչ է, դուն զաւակ ունենալը բանաստեղծութիւ՞ն գրել գիտցար»։
Թումանեան յայտնելով իր կարօտ վիճակը, խնդրում էր իմ միջնորդութիւնը, որ Մանթաշեանց նրան օժանդակէ ի՛նչ ձևով որ ինք հնարաւոր կը համարի։
Մանթաշեանց Թումանեանին չէր ճանաչում։ Երբ ես յայտնեցի Թումանեանի խնդիրքը, նա ի սկզբան անտարբեր վերաբերմունք ցոյց տուաւ։ Բայց ես ուժեղ զէնք ունէի նրան համոզելու։ Ես նրան ասի թէ Յովհ․ Թումանեան Սայեաթ-Նովայի յաջորդն ու շարունակողն է։ Մանթաշեանց մնաց հիացած։ Սայեաթ-Նովան՝ այդ մեծ ժողովրդական երգիչը, նրա ամէնից սիրելի հեղինակն էր։ Ես շատ անգամ եմ տեսել, որ Մանթաշեանց ազատ ժամանակ իր առանձնասենեակում մինակ նստած կամ բարձի վրայ ընկողմանած, եռանդով կարդում էր Սայեաթ-Նովայի հեղինակութիւնը։ Նա այնքան սիրում էր, որ Սայեաթ-Նովայի հայերէն ու վրացերէն տաղերից շատերը բերանացի գիտէր և յարմար առթիւ արտասանում էր։ Արդ, երբ լսեց թէ Թումանեան իր սիրած բանաստեղծի հետևողն է, իսկոյն ընդունեց նրան և օգնեց»։
Կուզենայի ամփոփել։ Ա․ Մանթաշյանցի ներկայիս «քննադատները», թե նա բանաստեղծին չի աջակցել, ի շարս հարյուրավոր այլոց չի ներառել իր բարերարյալների շարքին, թույլ են տալիս մի էական սխալ՝ Հովհ․ Թումանյանի այսօրվա ընկալումը տարածում են մեկ ու քառորդ դար հեռավորության ժամանակի վրա։ Բացի այդ, Ա․ Մանթաշյանցը հայ գրականությանը քաջատեղյակ մարդ չէր, նա բիզնեսմեն էր ու բարերար, որի անունը հայտնի էր թե ամբողջ հայությանը, թե աշխարհի տարբեր երկրներում, իսկ նրանից 27 տարով կրտսեր Թումանյանը դեռևս Ամենայն Հայոց բանաստեղծ չէր։
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Լուսանկարում՝ Բանաստեղծն ու Ֆիլիպ Վարդազարյանը