Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Սուրբ Հովհաննես Մկրտիչ

Սուրբ Հովհաննես Մկրտիչ
17.01.2026 | 11:43

Սուրբ Աստվածածնին իր երկնային ավետիսը բերելուց 6 ամիս առաջ Գաբրիել հրեշտակապետը այցելեց Երուսաղեմի Տաճարում ծառայող բարեպաշտ Զաքարիա քահանային: Նա հայտնեց, որ վերջինս Հովհաննես անունով մի որդի է ունենալու, որը լինելու է Փրկչի նախակարապետը:

Սակայն քահանան կասկածեց այս խոսքերին, քանի որ ինքը և իր կինը խիստ ծեր էին: Այդ կասկածի համար նա պատժվեց և մինչև ասվածի իրականանալը չէր կարողանում խոսել:

Երբ խոստման համաձայն մանուկը ծնվեց, և ութերորդ օրը նրան տարան թլփատության, Զաքարիայի համրությունը հրաշքով վերացավ: Նա սկսեց խոսել և փառաբանելով Աստծուն՝ մարգարեացավ, որ շուտով աշխարհ կգա Մեսիան, որ մանուկ Հովհաննեսը կլինի Նրա նախակարապետը և ժողովրդին կնախապատրաստի ընդունելու աշխարհի Փրկչին:

Այս հրաշալի իրադարձության լուրը շուտով տարածվեց ողջ Հրեաստանով, և բոլորն ակնածանքով խորհում էին մանկան ապագա գործերի մասին:

Հովհաննեսը վաղ զրկվեց ծնողներից և հեռացավ անապատ, ուր ապրում էր քարանձավում խստագույն ճգնությունների մեջ: Նա կրում էր ուղտի մազից զգեստ, գոտի էր կապում և սնվում վայրի մեղրով ու մարախով:

Երբ լրացավ Հովհաննեսի 30 տարին, Աստծո հրամանով նա եկավ դեպի Հորդանան գետը և սկսեց քարոզել ժողովրդին: «Ապաշխարեցե՛ք,- ասում էր նա,- որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» [Մատթ. 3.2]: Նա հանդիմանում էր անօրեններին՝ ասելով, որ եթե նրանք չապաշխարեն և բարի պտուղ չտան, շուտով կկործանվեն, քանզի մոտ է հատուցման ժամը: Շատերը, լսելով նրա քարոզը, ապաշխարում էին, և Հովհաննեսը, ի նշան մաքրության, նրանց մկրտում էր Հորդանանում: Այդ ժամանակ մկրտության եկողների մեջ հայտնվեց Հիսուսը և բոլորի պես Ինքն էլ մկրտվեց Հովհաննեսի կողմից:

Սուրբ Հովհաննեսը մինչև վերջ կատարեց իր գործը՝ նախապատրաստելով Տիրոջ ճանապարհը, ճանաչելով և ընդունելով Նրան: Վկայելով Փրկչի մասին՝ նա ցնծում էր ուրախությունից և մարգարեանում իր մոտալուտ մահվան մասին:

Հովհաննես Մկրտիչը գլխատվեց Գալիլիայի չորրորդապետ Հերովդեսի կողմից, որին հանդիմանել էր անօրինական ամուսնության համար:

Նա Քրիստոսին նախորդած և Նրա գալուստը վկայող ամենամեծ մարգարեն էր: Նրա մասին Ինքը Տերն ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» (Մատթ. 11.11)։

Երևանի Սուրբ Հովհաննես Եկեղեցու ՖԲ էջից

Դիտվել է՝ 165

Մեկնաբանություններ