Օրվա ընթերցում
«Զգու՛յշ եղեք, չլինի թե մեկը ձեզ գրավի ճարտարամտությամբ և սնոտի խաբեբայությամբ. դրանք մարդկային ավանդության և բնության տարերային ուժերի վրա են հիմնված և ոչ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետության վրա, քանի որ նրա մեջ է բնակվում Աստվածության ամբողջ լիությունը մարմնապես։
Դուք էլ եք լցված նրանով, որ գլուխն է ամեն իշխանության և պետության, նրանով դուք անձեռագործ թլփատությամբ թլփատվեցիք հավատով՝ մերկանալով մեղանչական մարմնից Քրիստոսի թլփատությամբ. թաղվելով նրա հետ մկրտության մեջ՝ դրանով իսկ նրա հետ հարություն առաք Աստծու զորությանը հավատալով, որը նրան հարություն տվեց մեռելներից։
Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռել էիք մեղքերի և ձեր մարմնի անթլփատության մեջ, կենդանացրեց իր հետ։
Նա ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին։
Կողոսացիներին 2։ 8_14