Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Էրդողանի մտրակն ու քաղցրաբլիթը Բայդենի համար

Էրդողանի մտրակն ու քաղցրաբլիթը Բայդենի համար
14.02.2021 | 12:18

Թուրքական Ahval News-ը հաղորդել է, որ «Անկարան անհամբերությամբ սպասում է Իրանի ու ԱՄՆ-ի միջուկային գործարքի վերսկսմանը՝ հույս ունենալով, որ շուտով տարածաշրջանը կընտելանա Ջո Բայդենի Սպիտակ տուն մտնելուն՚՝ հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ ասուլիսում:

Փորձագետները նրա խոսքերին ուշադրություն են դարձրել, որովհետև նախկինում Անկարան զգուշորեն էր վերաբերվում միջուկային գործարքին ամերիկացիների վերադարձին՝ Թեհրանից արևմտյան պատժամիջոցների հանումը կարող է մեծացնել Իրանի տարածաշրջանային նշանակությունն այնքան, որ Թեհրանը կսկսի սահմանափակել Անկարայի աշխարհաքաղաքական հավակնությունները: Բացի այդ՝ Թուրքիան համերաշխություն է հայտնել արաբական մի քանի երկրների, ինչպես Իսրայելը, որ զգուշացնում էին տարածաշրջանում միջուկային հնարավոր մրցավազքի մասին: Փորձագետները վաղուց են զգուշացնում, որ մի քանի երկրներ ռեալ հնարավորություններ ունեն սեփական ռազմական միջուկային ծրագրերի ստեղծման: Տեղեկություններ եղան, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գաղտնի բանակցություններում անձամբ է խնդրել Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Բաջվային Անկարայի հետ կիսել միջուկային տեխնոլոգիաները, որին պակիստանյան կողմը իբր համաձայնել է: Այսինքն՝ ստեղծված իրավիճակն է կանխորոշում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության նկատելի հակասությունները՝ մի կողմից տարածաշրջանում Իրանին հավասարակշռելու անհրաժեշտությունը, սեփական մրցունակության ու տարածաշրջանային ազդեցության ապահովումը, մյուս կողմից՝ սեփական միջուկային հնարավորությունների ձևավորումը ՙռազմավարական զսպումի ուժերի՚ պարամետրերում: Հիմա Թուրքիան նախընտրում է դրեյֆել ոչ այնքան Իրանի կողմը, որքան ԱՄՆ-ի ու վեցյակի՝ ինչպես կարծում է Միջազգային հարաբերույթունների ու անվտանգության գերմանական ինստիտուտի (SWP) գիտաշխատող Համիդրեզ Ազիզին, «դիվանագիտական մոտեցում, որ նվազեցնում է նրա անպաշտպանությունը տարածաշրջանի աճող լարվածության ֆոնին՚: Անկարան իրեն տեղափոխում է հակադիր ճամբար, որտեղ արդեն ներկա են ԱՄԷ-ն, Բահրեյնը և Իսրայելը:

Միևնույն ժամանակ՝ պահպանում է ստատուս քվոն Աստանայի գործընթացի շրջանակներում, որ ուղղված է Սիրիայում տասնամյակներ ձգվող քաղաքացիական պատերազմի ավարտին: Ազիզիի կարծիքով՝ «տվյալ դեպքում խոսքը դեռ մարտավարարական մանևրի մասին է, բայց թիկունքի որոշակի ապահովումով»: Նախկինում Անկարան իրեն փորձում էր դիրքավորել «բախումից վեր»՝ չհարելով այս կամ այն կողմին մի իրավիճակում, երբ Իսրայելին հաջողվել է իսլամական աշխարհի էքզիստենցիալ թշնամին լինելուց դադարել: Հիմա Թուրքիան ու Իրանը արաբական աշխարհի համար միատեսակ են դառնում, հետևաբար, համենայն դեպս արտաքնապես՝ վերացնում են գերազանցապես արաբական աշխարհում առաջնորդության հավակնությունները:


Երկու երկրները ընդհանուր շահեր ունեն՝ Թուրքիան շահագրգռված է իրանական էներգառեսուրսներով, Անկարան ու Թեհրանը ցուցադրաբար պաշտպանում են Կատարին, դիմակայում են ԱՄՆ-ի ռազմաքաղաքական էքսպանսիային տարածաշրջանում (իհարկե, տարբեր չափերով), Իսրայելին համարում են իսլամական աշխարհի գլխավոր թշնամի, դիմակայում են քրդական անջատողականությանը: Նրանք տարբերվում են Սիրիայում իրավիճակի գնահատականով և երկրի ապագայի վերաբերյալ տեսակետներով: Միևնույն ժամանակ մերձեցումը Իրանի՝ Վաշինգտոնի գլխավոր արտաքին քաղաքական գրգռիչի, և Մոսկվայի հետ Թուրքիային թույլ է տալիս ցուցադրել արևմտյան դաշնակիցներին իր ինքնուրույնությունը և արտաքին քաղաքական կապերը դիվերսիֆիկացնելու ունակությունը՝ «կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակներում»:

Այստեղից էլ բազմավեկտոր քաղաքականությունը՝ հիմնված մարտավարական դաշինքների վրա և իրավիճակային արձագանքներրը ու նույնիսկ վերադարձը ԱՄՆ-ի հենասյան տարածաշրջանային քաղաքականությանը: Բայց կա Անկարայի հղած ազդանշանները որսալու Վաշինգտոնի ունակության հարցը, որ օրերս ցուցադրեցին ԱՄՆ սենատորները՝ նամակ գրելով նախագահ Ջո Բայդենին: Նրանք պահանջում են ճնշում գործադրել Էրդողանի ու նրա կառավարության վրա, որպեսզի «հրաժարվեն ավտորիտար քաղաքականությունից», հարգեն մարդու իրավունքները, ազատ արձակեն քաղաքական բանտարկյալներին: Սենատորները պնդում են, որ Էրդողանի արտաքին քաղաքականությունը դարձել է ավելի ռազմաշունչ: Նրանց կարծիքով՝ Էրդողանը «հանդուգն հարձակում է գործել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի վրա, որ կռվում են ԻՊ-ի դեմ՚: Սենատորները մեղադրում են Թուրքիային ռուսական С-400 զինթահրթիռային համակարգերը գնելու մեջ, Էրդողանին՝ որ «դրդել է Ադրբեջանին բռնություն գործադրել Հայաստանի հետ տարածքային վեճում՚ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Անկարան պատերազմի ընթացքում համակողմանի ռազմական աջակցություն էր ցույց տալիս Բաքվին:

Իսկ Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերությունների լարման առաջին նշանները երևացին հունվարի վերջին, երբ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը Անկարային անվանեց Վաշինգտոնի «այսպես կոչված՝ ռազմավարական գործընկեր»: Middle East Eye-ը հղում անելով թուրքական աղբյուրներին՝ հաղորդեց, որ «Անկարան ու Մոսկվան արդեն ավարտել են բանակցությունները С-400-ների երկրորդ խմբի մատակարարման վերաբերյալ, պայմանագրի ավարտի համար Թուրքիայից պահանջվում միայն վերջնական ստորագրություն»: Նորությունը հետաքրքիր է, որովհետև զուգահեռվում է Իրանի միջուկային ծրագրի մասին Չավուշօղլուի հայտարարությանը: Hurriyet-ը գրում է. «Անկարան շարունակում է զգայուն հարվածներ հասցնել Վաշինգտոնին՝ օգտագործելով մտրակ (С-400) և քաղցրաբլիթ (Իրանի միջուկային ծրագիր)»: Բայց կա և Թուրքիայի մտադրությունը ակտիվ մասնակցել Իրանի միջուկային ծրագրի կարգաավորման ճանապարհների որոնումներին, այս անգամ իբրև միջնորդ: Ստամբուլի Կադիր համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հաս Սոլի Օզերը ասում է. «Այս անգամ Թուրքիան տարածաշրջանում, որտեղ խաչված են դաշույնները բաժանման գծերով, ձգտում է կռվի կենտրոն», թեպետ բացառված չէ, որ «շյուղերից է կառչում»:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ավելի ճիշտ կլիներ անվանել՝ Բայդենի մտրակն ու քաղցրաբլիթը Էրդողանին՝ հազիվ թե հնարավոր է նույն հարթությունների վրա դնել ԱՄՆ-ը ու Թուրքիան՝ իբրև պետություններ: ԱՄՆ նոր նախագահի հետ շփումից առաջ, իսկ նա դեռ չի զանգահարել Էրդողանին, Թուրքիայի նախագահը ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Նույնիսկ հայտարարվեց, որ արդեն գնված Ս-400-ները կպահեստավորվեն և չեն գործարկվի՝ դա ևս ռևերանս էր Բայդենին: Խիստ կասկածելի է, որ Անկարան Աստանայի գործընթացի շրջանակներում ցանկանում է Սիրիայում տասնամյակներ ձգվող քաղաքացիական պատերազմի ավարտը՝ միանգամայն հակառակը՝ Թուրքիան մասնատել է Սիրիան ու պահանջում է Բաշար Ասադի պաշտոնանկությունը: Եվ արդեն բացարձակապես անհավանական է, որ Անկարան դիմակայում է ԱՙՄՆ-ի ռազմաքաղաքական էքսպանսիային տարածաշրջանում: Թուրքիան ինքն է հարևանների հետ պատերազմում ու էքսպանսիոնիստական քաղաքականություն վարում՝ ի՞նչ դիմակայելու մասին է խոսքը: Իսկ Թուրքիայի միջուկային զենք ունենալու հավակնությունները կապված են ոչ միայն Պակիստանի հետ: Դա Էրդողանի աքիլեսյան գարշապարն է՝ եթե չունենա ու ավելի շատ՝ եթե ունենա, որ փոխում է տարածաշրջանի, Իսրայելի ու արաբական աշխարհի վերաբերմունքը Անկարայի նկատմամբ՝ հնարավոր դաշնակցից վերածվելով վտանգավոր թշնամու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 103486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ