Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Հերիք է Ցիցերոն խաղանք

Հերիք է Ցիցերոն խաղանք
15.02.2021 | 09:32

Մարիո Դրագիի վարչապետությամբ՝ Իտալիայի նոր կառավարությունը, Կվիրինալի պալատում, նախագահ Սերջիո Մատարելայի ներկայությամբ երդմնակալության արարողությամբ ստանձնել է իշխանությունը՝ փետրվարի 13-ին, Հռոմում:

Արարողությունը հեռարձակվում էր ուղիղ եթերով: Ազգային միասնության կառավարության կազմը Մարիո Դրագին հայտարարեց փետրվարի 12-ին՝ նախագահ Սերջիո Մատարելայի հետ հանդիպումից հետո: Մարիա Դրագին, ում վերագրում են մեծ ծառայություններ եվրոյի փրկության մեջ (նա Եվրոպական Կենտրոնական բանկի տնօրրենն էր 2011-2019-ին), հայտարարեց, որ մտադիր էր կենտրոնանալ Իտալիայի տնտեսությունը պանդեմիայից հետո վերականգնելու վրա: DW ռադիոկայանը տեղեկացրել է, որ կառավարության ձևավորումը հնարավոր դարձվավ, երբ հինգշաբթի հանվեց վերջին արգելքը՝ մեծ կուսակցություններից մեկը՝ պոպուլիստական «5 աստղի շարժումը», միացավ կոալիցիային:

Նոր կառավարությունում «5 աստղի» անդամ Լուիջի դի Մայոն պահպանեց ԱԳ նախարարի պորտֆելը: 23 նախարարներից կազմված կառավարությունում (9՝ առանց պորտֆելների) նախկին պաշտոնները պահպանել են ՆԳՆ նախարար Լուչանա Լամորջեզեն, մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին, ՊՆ նախարար Լորենցո Գուերինին (երկուսն էլ Դեմոկրատական կուսակցությունից), առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան (ձախ սոցիալ դեմոկրատական «Առաջին հոդվածը՝ Դեմոկրատական ու առաջադիմական շարժում» կուսակցության առաջին քարտուղարը): Ստեֆանո Պատուանելին («5 աստղի շարժում») տնտեսական զարգացման նախարարությունից անցավ գյուղատնտեսության նախարարություն:


Մարիո Դրագին 73 տարեկան է: Նա տնտեսագետ է: Մինչև ԵԿԲ ղեկավարելը, 6 տարի նա Իտալիայի բանկի տնօրենն էր: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ էր (1984–1990): 1991-2001-ը՝ Իտալիայի գանձապետարանի գլխավոր տնօրենն էր, 1993–200-ը՝ կառավարության սեփականաշնորհման հանձնաժողովի նախագահը: Աշխատել է մասնավոր բիզնեսում՝ եղել է Goldman Sachs International-ի փոխնախագահը և գործադիր տնօրենը, մի քանի բանկերի ու ընկերությունների կառավարման խորհրդի անդամ: DW-ն հիշեցնում է, որ քաղաքական ճգնաժամը Իտալիայում սկսվեց հունվարի 13-ին, երբ հրաժարական տվեցին երկու նախարարներ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի կենտրոնամետ Italia Viva կուսակցությունից: Դեմարշի պատճառներից մեկը Ռենցիի անհամաձայնությունն էր Ջուզեպե Կոնտեի կառավարության քաղաքականությանը, մասնավորապես՝ պանդեմիայի հետևանքներից հետո տնտեսության վերականգնմանը ԵՄ-ի հատկացրած միջոցների բաշխման հարցում:


Հունվարի 19-ին ու 20-ին Կոնտեին անվստահություն հայտնեցին խորհրդարանի ստորին պալատում՝ Պատգամավորների պալատում ու Սենատում: Սենատում վարչապետը բացարձակ մեծամասնություն չհավաքեց (նա ստացավ 156 ձայն՝ անհրաժեշտ նվազագույն 161-ի փոխարեն) և հունվարի 26-ին հրաժարական տվեց:

RFI


Հ.Գ. Իտալիան և Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդել ունեն: Ի՞նչ տարբերություն կա երկու մոդելների մեջ: Շատ կարևոր տարբերություն, որ ՀՀ բազմաչարչար Սահմանադրությունը գրողները չցանկացան ընդգրկել՝ բարձրացնելու համար երկրի իմունիտետը, ապահովելու ներքաղաքական կայունության ևս մեկ գործոն՝ Իտալիայի կառավարության հրաժարականի դեպքում նախագահը իրավունք ունի նոր կառավարության ձևավորումը հանձնարարել խորհրդարանականներին, կուսակցությունների ղեկավարներին կամ իր ցանկացած մարդուն: Նույն իրավունքն ունի նաև Իսրայելի նախագահը: Արտահերթ ընտրությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ չի ձևավորվում նոր կառավարություն՝ համաձայնության չեն գալիս կուսակցությունները: ՀՀ Սահմանադրությունը ՀՀ նախագահին այդ իրավասությամբ չի օժտել, և դա ՀՀ Սահմանադրության միակ թերությունը չէ: Ընդհանրապես 2015-ին ընդունված նոր Սահմանադրությունը վերջին 5 տարում երկրի համար ապահովել է միայն ներքաղաքական ճգնաժամեր ու փակուղիներ՝ ի տարբերություն 1995-ին ընդունված Սահմանադրությամ, որով Հայաստանում հաստատվում էր կառավարման նախագահական մոդելը: Ներկա քաղաքական ճգնաժամը, երբ բոլոր կուսակցությունները ըստ էության կողմ են արտահերթ ընտրությունների, իսկ փաստացի՝ դեմ, ոչ միայն կառավարման, ստեղծված ֆորս մաժորային իրավիճակի, այլև օրենսդրական սխալների հետևանք է:


Իրավիճակի կազուսն այն է, որ խայտառակ պարտությունից հետո ժողովուրդը իր մեծամասնության մեջ փողոց դուրս չեկավ ու չպահանջեց վարչապետի, կառավարության հրաժարականը, խորհրդարանի լուծարումը: Եվ այդ չպահանջելու մեջ մեծ ներդրումն ունեն 17-ի ուժերը, որ բացարձակապես կտրված էին իրականությունից, պահը չհասկացան, ժողովրդի վիճակը չզգացին ու այնպիսի բառապաշարաով ու մերկապարանոց իշխանատենչությամբ փողոց նետվեցին, որ միանգամից փակեցին փողոց դուրս գալու ու պարտության համար իշխանությունից պատասխանատվություն պահանջելու հազարավոր մարդկանց տան դուռը: Իսկ հետո սկսվեց Հայրենիքի փրկության շարժման ոդիսականը: Դե ֆակտո՝ այս պահին շարժման իրական ու ստվերային ղեկավարների նույնականացում է տեղի ունենում: Եվ ըստ այդմ՝ Վազգեն Մանուկյանը փորձում է ինքնուրույն խաղալ իր կյանքի վերջին քաղաքական խաղը՝ ապստամբության է կոչում, փորձում է Ազատության հրապարակում վերակենդանացնել 20-րդ դարի 90-ականները՝ Ղարաբաղ կոմիտեի տեսքով: Նրա վերջին հայտարարություններն Ազատության հրապարակում մենակյացի դեժավյու էին հիշեցնում:

Ակնհայտ է, որ Վազգեն Մանուկյանը այլևս անգամ իր շարժումը ամբողջությամբ չի ներկայացնում: Փոխարենը Ռոբերտ Քոչարյանը չի մերժում արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ինչպես ամբողջ շարժումը, ու պատրաստ է պայքարի մեջ մտնել ու ՙկրել՚: Հայտնի չէ՝ ո՞ր կուսակցության ցուցակով: Համենայն դեպս՝ ՀՅԴ-ն չի հաստատում ընտրության դեպքում իր ընտրացուցակում երկրորդ նախագահի ներկայությունը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդեն չի հերքում, որ ինքը ևս կարող է վարչապետի թեկնածու լինել: Ինքն իրեն գերազանցեց Նիկոլ Փաշինանը, որ 2020-ի դեկտեմբերին տեսնում էր, 2021-ի փետրվարին չի տեսնում արտահերթ ընտրության անհրաժեշտություն, թեպետ ոչինչ չի փոխվել:


Եվ հենց այստեղ ի հայտ է գալիս ՀՀ Սահմանադրության անկատարությունը, սա այն իրավիճակն է, որ պետք է լիցքաթափեր նախագահը՝ ձևավորելով ազգային համաձայնության կառավարություն, բայց ՀՀ նախագահը չունի այդ իրավասությունը, նա կարող է միայն կոչ անել, կարող է նաև չանել: Փորձը ցույց է տալիս, որ հույս դնել իշխանության ու ընդդիմության հայրենասիրության, պետականության բարձր գիտակցության ու պետության զգացողության վրա, անիմաստ գործ է: Հակառակ պարագայում իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համատեղ որոնեին փոխընդունելի տարբերակներ, ոչ թե ձևական հանդիպեին ու միմյանց ուլտիմատումներ ներկայացնեին, որ հետո պատրվակ ունենան՝ ոչինչ չանելու: Ու հատկապես իրենց ընդդիմադիր համարողները այստեղ ու հիմա չպետք է իրենց ճարտասանությունը կատարելագործեն ժողովրդի նյարդերի հաշվին՝ առավոտից երեկո էկրաններից չիջնելով ու աղաղակելով՝ ինչ վատ է, ոնց ենք կործանվում ու ինչքան մեղք ենք, նրանց գործը ազգին էպիտաֆիա կարդալը չպիտի լինի, այլ հույս տալն ու ճանապարհ ցույց տալը: Իսկ դա կարողանում են ու անում են եզակիները, որպես կանոն՝ նրանց ձայնը լսում են իրենց կողմնակիցները, որ համոզվեն՝ իրենք ճիշտ են, և իրենց հակառակորդները, որ հիմար ստատուսներ գրեն ու, իբր, քննադատեն: Այդպիսին է մթնոլորտը, բայց ինչքան շարունակենք Ցիցերոն խաղալ՝ միայն սեփական ճշմարտությունը աղաղակելով ու փակ ականջներով, այնքան անարժեք ու անհետևանք են դառնալու բոլոր ճառերը, ճիչերը, կոչերը, կանչերը, հայտարարությունները: Բոլոր երկրներն էլ անցել են հաղթանակների ու պարտությունների միջով, բայց ոչ մի պետություն պարտությունից հետո մեզ նման չի սկսել խարակիրի անել ու լուրջ տեսքով քաղաքական ինքնասպանությունը հայտարարել ճիշտ ելք: Հիմա ոչ թե պետք է քննարկել, թե ինչու ենք համակուսակցական մակարդակով մերժում արտահերթ ընտրությունները, այլ՝ ինչպես իրավական ճանապարհով, առանց միմյանց պարտամուրհակ ներկայացնելու գնանք արտահերթ ընտրությունների: Հերիք է մեր ռազմավարական դաշնակիցներին ու ոխերիմ բարեկամներին, բացահայտ թշնամիներին հետ՝ մեզ կառավարելու հնարավորություն տանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 98746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ