(սկիզբը` այստեղ)
Ինչպես արդեն նշել ենք հոդվածի նախորդած մասում, աշխարհում, դատելով ամենից, ավելի մեծ պատերազմ է սպասվում, որի ընթացքում էլ կսկսվի կամ առնվազն սպասելի է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը:
Լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումից առաջ, Ադրբեջանին պետք է, որ Իրանը զբաղված լինի Իսրայելի հետ պատերազմով, և այդ պատճառով հնարավորություն չունենա Հայաստանի կողմից անմիջականորեն մասնակցելու պատերազմին:
Իրանը Դամասկոսում իր դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելցի զինվորականների հարվածի կապակցությամբ կարող է պատասխան տալ Իսրայելին 24-48 ժամվա ընթացքում: Հղում անելով իր աղբյուրին, երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել «The Wall Street Journal» (WSJ) թերթը:
WSJ- ի տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը պատրաստվում է Իրանի կողմից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման։ Ընդ որում, պարբերականը նշում է, որ Թեհրանը վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Ավելի վաղ «Axios» պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բերբոքին ասել է, որ Թեհրանը կպատասխանի հարվածին, սակայն պատասխան միջոցները կսահմանափակվեն, որպեսզի իրավիճակի սրում չառաջանա:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, իր հերթին, հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախազգուշացրել Է Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումից:
Իրանը ծրագրում է արդեն ապրիլի 12-ին հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան Դամասկոսում իր հյուպատոսարանին Իսրայելի հասցրած ավիահարվածի. այս մասին, РБК- ի փոխանցմամբ , ամերիկյան CBS հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյա: Հարձակումը, ըստ հրապարակման, կդառնա Դամասկոսում իսրայելական օդուժի ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) յոթ սպաների սպանության դիմաց Թեհրանի պատասխանը:
Պարբերականի զրուցակիցները պնդել են, որ Իրանի թիրախ կդառնան Իսրայելի ռազմական օբյեկտները, իսկ հատուցման գործողությանը կներգրավվեն ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր և մի քանի տասնյակ հրթիռներ: Ամերիկացի պաշտոնյաները նաև հայտարարել են, որ իսրայելցիների համար դժվար կլինի պաշտպանվել նման մասշտաբի հարվածից:
Ըստ «Politico» պարբերականի, Իրանը ճշգրտում է Իսրայելին խոշոր պատասխան հարված հասցնելու պլանները, որպեսզի այդ կերպ ազդանշան ուղարկի, այլ ոչ թե տարածաշրջանային հակամարտություն հրահրի, որը կհանգեցնի ԱՄՆ-ի միջամտությանը:
Այսպես թե այնպես, ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են Իրանի պատասխան հարվածի անխուսափելիության մասին։ Ապրիլի 11-ին ԱՄՆ Պետդեպարտամենտն Իսրայելում գտնվող Միացյալ Նահանգների քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ հրթիռային հարվածներից ավելի լավ պաշտպանված խոշոր քաղաքներից դուրս ուղևորություններից:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, գեներալ Էրիկ Կուրիլան երեկ այցելել է Իսրայել՝ համակարգելու Իրանի սպասվող հարվածի հետ կապված գործողությունները, իսկ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ՝ խոստանալով նրան «անսասան աջակցություն» ցուցաբերել:
Ապրիլի 1-ի երեկոյան, ինչպես արդեն հայտնի է, Իսրայելի բանակն ավիահարված Է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնին: Ավիահարվածի հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հինգ սպա և երկու գեներալ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին (Սիրիայում և Լիբանանում «Քուդս» ուժերի հրամանատարը) և նրա տեղակալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին: Գեներալները Սիրիայում էին խորհրդականի կարգավիճակով: Ընդհանուր առմամբ, Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է 13 հոգի: Թեհրանն իրեն պատասխան քայլերի իրավունք է վերապահել։
Իրանի սպառնալիքների ֆոնին Իսրայելի իշխանությունները մոբիլիզացրել են հակաօդային պաշտպանության համակարգերի պահեստազորայիններին, չեղարկել են զինծառայողների արձակուրդները և սկսել են լռեցնել GPS ազդանշանները երկրի կենտրոնական մասերում (նախկինում ընդհատումներ էին նկատվում միայն հյուսիսում և հարավում):
Թել Ավիվում, Երուսաղեմում և այլուր GPS ազդանշանների խլացումը, սակայն, որևէ ապահովություն կամ անվտանգություն չի տա Իսրայելին, քանի որ վերջին 12 տարվա ընթացքում Իրանում ստեղծված բոլոր հրթիռները չեն օգտագործում միջազգային կողմնորոշման որևէ համակարգ, ներառյալ չեն օգտագործում GPS ազդանշանները՝ տեղանքում կողմնորոշվելու և թիրախները գտնելու համար: Այս մասին, «РИА Новости»– ի փոխանցմամբ , հաղորդել է իրանական «Fars» գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի իրազեկ աղբյուրին, որը մեկնաբանել է Իսրայելում GPS ազդանշանի խլացման մասին հաղորդագրությունները:
«Իրանը նախապես մտածել է այդ խնդրի լուծման մասին, և վերջին 12 տարվա ընթացքում ստեղծված բոլոր հրթիռները չեն օգտագործում GPS և ընդհանրապես միջազգային կողմնորոշման ոչ մի սարք»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ