ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը

Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
10.11.2024 | 18:22

Խոսելով միջուկային զենքի լայնածավալ կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի մասին, որը Բայդենի վարած քաղաքականության հետևանքով, ուր որ է, սպառնում է մարդկությանը կործանմամբ, իշխանության գալով նաև խաղաղության ու մոլորակը Երրորդ համաշխարհայինից փրկելու կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել այն:

Վերոնշյալի առումով ամենավտանգավորն, իհարկե, Իսրայելին լիակատար աջակցելու պատրաստակամության վերաբերյալ նրա հայտարարությունն է, ընդ որում, արդեն ընտրվելուց հետո, իսրայելա- իրանյան պատերազմը, որը շատ արագ կվերաճի Մերձավոր Արևելքում կամ նույնիսկ մեծ Մերձավոր Արևելքում ու նրա սահմաններից դուրս լայնամասշտաբ պատերազմի, հնարավոր է, իր մեջ ընդգրկելով Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան ու հանդիսանալով Երրորդ համաշխարհայինի յուրօրինակ պայթուցիչ:

Ընդգծենք, որ ռուս- ուկրաինական հակամարտության կամ, ավելի ճիշտ, Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի առումով էլ գրեթե ոչինչ դեռ պարզ չէ:

Հարկ է նկատել, որ 2023թ. և, հատկապես, 2024թ. Թրամփի հակապատերազմական հայտարարությունները կամ դեմագոգիան հակասում է ինչպես նախագահության առաջին շրջանում նրա մի շարք գործողություններին, այնպես էլ նոյեմբերի 5- ին ընտրվելուց հետո նրա որոշ հայտարարություններին:

«Բայց արդյոք Թրամփն իսկապես այն առաջնո՞րդն է, ով կարող է «կանգնեցնել պատերազմները», ինչպես ինքն է պնդում,- գրել է Հոլլ Գարդները «The Hill»- ում հրապարակված «Խաղաղություն ուժի՞ միջոցով: Թե՞ Թրամփի համաշխարհային պատերազմը» հոդվածում:- Թե՞ նրա «խաղաղություն ուժի միջոցով» քաղաքականությունը կհրահրի հակամարտություններ, որոնց դեմ նա այժմ հանդես է գալիս»:

«2001թ. սեպտեմբերի 11- ին ԱՄՆ- ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Միացյալ Նահանգների կողմից պատերազմների վրա ծախսվել է առնվազն 8 տրիլիոն դոլար, ընդ որում, առանց որևէ էական աշխարհաքաղաքական շահի,- գրել է Գարդները:- Այս պատերազմները հետագայում վերաճեցին այն բանին, ինչը Թրամփի առաջին վարչակազմն անվանեց «մեծ տերությունների մրցակցություն»»:

Ըստ հեղինակի, Թրամփի առաջին վարչակազմի զսպման քաղաքականությունը շատ առումներով հիմք ստեղծեց այն քաղաքականության համար, որին հետևեց և որը խստացրեց նախագահ Ջո Բայդենը: Եվ հիմա Թրամփը պետք է շարունակի այնտեղից, որի վրա կանգ առավ Բայդենը։

«Հենց Թրամփի առաջին վարչակազմն է դուրս եկել Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքել էր Բարաք Օբաման, և դրանով իսկ ստիպել է Իրանում կոշտ գծի կողմնակիցներին արագացնել ուրանի հարստացման ծրագիրը,- գրել է Գարդները:- Այն դարձավ Իսրայելի և Իրանի միջև պատերազմ հրահրող հիմնական գործոններից մեկը։

Ի պատասխան 2024 թվականի հոկտեմբերին Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծման, Թրամփը, լինելով նախագահի թեկնածու, Բայդենին կոչ է արել հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Փոխարենը Բայդենը պնդել է ավելի ստուգված արձագանք՝ չընդլայնելու համար պատերազմը Պարսից ծոցի տարածաշրջանում:

Այժմ Բայդենը խաղարկելով «խաղաղություն ուժի միջոցով»- ի իր սեփական տարբերակը, Կատարի Ալ- Ուդեյդ ավիաբազայում տեղակայել է վեց B-52 ռազմավարական ռմբակոծիչներ և F-15 կործանիչների էսկադրիլիա և միաժամանակ ծավալել THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր Իսրայելում։

Արդյոք իրանցիներն ընդհանրապես կբանակցե՞ն Թրամփի հետ այն բանից հետո, երբ նա հրամայեց սպանել իրենց հերոսին՝ գեներալ Սուլեյմանիին։

Արդյոք դիվանագիտությունը դեռ գործո՞ւն է Իսրայելի և Իրանի միջև պատերազմը կանխելու համար։

Կկարողանա՞, արդյոք, Թրամփը ճնշում գործադրել Բենիամին Նաթանյահուի վրա, որպեսզի նա համաձայնի ՀԱՄԱՍ- ի հետ հրադադարին: Բայդենի վարչակազմը խայտառակ կերպով ձախողել է այն։ Թե՞ Թրամփը Նաթանյահուին գործողությունների լիակատար ազատություն կտա «Մեծ Իսրայելն» ընդլայնելու՝պաղեստինցիների հաշվին և ամբողջ տարածաշրջանն ապակայունացնելու ռիսկով։

Թրամփը պնդում է, որ կարող է խաղաղություն կնքել Վլադիմիր Պուտինի, Կիմ Չեն Ընի և Սի Ցզինպինի հետ: Սակայն Թրամփը չի կարող պարծենալ Պուտինի հետ լուրջ հարաբերություններով։

Նա որևէ քայլ չի ձեռնարկել եվրատլանտյան անվտանգության նոր համակարգ ձևավորելու համար՝ դեպի Ուկրաինա ՆԱՏՕ- ի ընդլայնումից դիվանագիտական հրաժարման կամ Ուկրաինայի համար որպես չեզոք, ոչ միջուկային երկրի՝ պաշտպանական աջակցություն և միջազգային խաղաղապահներ տրամադրելու ուղիներ փնտրելու ճանապարհով։

Կկարողանա՞, արդյոք, Թրամփը ստիպել Կիևին և Մոսկվային նստել բանակցությունների սեղանի շուրջ և փոխզիջման գնալ…»:

Ինչպես նշել է հոդվածագիրը, Թրամփի օրոք Չինաստանի հետ հարաբերությունները կտրուկ վատացան. նա պնդում էր Թայվանի անկախությունը, միաժամանակ խստացնելով ամերիկյան պրոտեկցիոնիզմը չինական արտահանման նկատմամբ:

«Այժմ Թրամփը Պեկինին սպառնում է էլ ավելի խիստ պատժամիջոցներով,- գրել է Գարդները:- Արդյոք նման դիրքորոշումը կհանգեցնի՞ ԱՄՆ- ի և Չինաստանի միջև փոխզիջման… Թե՞ Պեկինը, Թայվանի հետ առճակատման մեջ մտնելով, կրկին պատրաստ է ստուգել ԱՄՆ- ի «թղթե վագրի» ամրությունը, ինչպես դա արեց Մաոն Կորեական պատերազմի ժամանակ (Մաո Ցզեդունը «թղթե վագր» է անվանել ԱՄՆ- ի ատոմային ռումբը, այդպես են անվանում Չինաստանում արտաքինից վտանգավոր, բայց իրականում անվնաս մի բան.- Ծ. Հ.):

Հենց Թրամփն էր, ով հրաժարվեց 1987 թվականի ՄՓՀՀ (միջին և փոքր հեռահարության հրթիռների) մասին պայմանագրից, որն օգնեց վերջ դնել սառը պատերազմին՝ վերացնելով ամերիկյան և ռուսական միջին հեռահարության ցամաքային տեղակայման հրթիռները:

Ընդ որում, Թրամփը նույնիսկ չի փորձել վերանայել այդ պայմանագիրը կամ դրանում ներգրավել Չինաստանին՝ հաշվի առնելով Պեկինի կողմից նման զենքի տեղակայումը: Իսկ այժմ Բայդենի վարչակազմը սպառնացել է 2026 թվականին Գերմանիայում տեղակայել Ռուսաստանի դեմ ուղղված միջին հեռահարության հրթիռներ, իսկ Ֆիլիպիններում՝ Չինաստանի դեմ ուղղված հրթիռներ: Ի՞նչ է անելու Թրամփը:

Ձախողված մահափորձից հետո նա պարծենկոտորեն հայտարարեց, որ օրհնված է Աստծո կողմից։ Հարցը մնում է. արդյոք դեմագոգ Թրամփն իսկապես օժտվա՞ծ է ռազմավարական իմաստությամբ, որպեսզի կանխի Արմագեդոնի իրական ռիսկերը: Թե՞ մենք կանգնած ենք Թրամփի համաշխարհային պատերազմի շեմին»:

ԱՄՆ- ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ձևավորում է երկրի քաղաքականությունը նրա համար առանցքային ուղղություններում ՝ Ուկրաինա և Իսրայել, թեև նրա պաշտոնավարմանը դեռ ավելի քան երկու ամիս կա. այս մասին, РБК- ի փոխանցմամբ , հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ «Bloomberg»- ի, Իսրայելում ԱՄՆ- ի նոր նախագահի գալով սպասում են Իրանի նկատմամբ «գործողությունների ավելի մեծ ազատության», և այդ երկիրն ամենից շատ կշահի Թրամփի նախագահությունից: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն Հանրապետականի վաղեմի դաշնակիցն է, իսկ Բայդենի հետ լարված հարաբերություններ են ձևավորվել, քանի որ Միացյալ Նահանգների գործող իշխանությունները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Թրամփն արդեն հասկացրել է, որ Իսրայելին «գործողությունների ավելի մեծ ազատություն» կտրամադրի Իրանին հնարավոր հարվածներ նախապատրաստելիս, հատկապես, եթե Թեհրանը որոշի փոխել իր միջուկային դոկտրինը:

Ինչպես գործակալությանն ասել է Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյան, նորընտիր նախագահը առավելություն կստանա այն պատկերացման շնորհիվ, որ նա ավելի կոշտ կլինի, քան իր նախորդը: ԱՄՆ- ի հակառակորդները կարող են նախապես փոխել իրենց վարքագիծը. նրանցից ոմանք ավելի զուսպ կլինեն Վաշինգտոնի կողմից հաշվեհարդարի հնարավոր սպառնալիքի պատճառով, իսկ մյուսները կփորձեն օգտագործել ազդեցության մնացած լծակները նախքան Ջո Բայդենի՝ ԱՄՆ- ի նախագահի պաշտոնը լքելը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ