ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրություն է ուղարկել երկրի բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին՝ արտաքին աջակցության ծրագրերի նոր ֆինանսավորման պարտավորությունները դադարեցնելու մասին՝ մինչ դրանց վերանայումը։ Այս կարգադրությունը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի ստորագրած հրամանագրին՝ ամերիկյան արտաքին օգնության վերանայման մասին։               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային
21.11.2024 | 11:16

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

Վերջին օրերին, առանց որևէ չափազանցության, տեղի են ունենում պատմական ու դրամատիկ իրադարձություններ: Գիտենք, հոգեբանական խնդիր կա, բոլորիս համար էլ նույնիսկ անհնարինության աստիճանի դժվար է հավատալը… Չենք հավատում, մերժում ենք ծայրահեղ անցանկալին, ավելի ճիշտ, ահավորը, և շատերը, միանգամայն հասկանալիորեն, այն համարում են երևակայության արդյունք, անգամ ցնդաբանություն: Երանի այդպես լիներ, բայց…

Ընդգծենք, որ ՌԴ նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի նախագահի (Վլադիմիր Պուտինի) տեղակալ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան ալիքի իր միկրոբլոգում երեկ առավոտյան ստորև ներկայացվող գրառումը կատարել է Մոսկվայի ժամանակով ժամը 12:50- ին, երբ Ուկրաինան ամերիկյան մարտավարական նշանակության ATACMS բալիստիկ հեռահար հրթիռներով (հեռահարությունը շուրջ 300 կմ), պատմության մեջ առաջին անգամ, արդեն հարված էր ուղղել ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքի խորքում, ավելի որոշակի՝ Բրյանսկի մարզում գտնվող ռազմական թիրախին (հարվածը նույն օրը ժամը 3:25- ին), թեև Ուկրաինային ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի որոշմամբ տրված թույլտվությունն այդ պահին դեռ պաշտոնապես հաստատված չէր Բայդենի, Սպիտակ տան, Պենտագոնի կամ Պետդեպարտամենտի կողմից:

Անդրադառնալով վերոնշյալ որոշման մասին արևմտյան ԶԼՄ- ների հրապարակումներին, Մեդվեդևը ««Ռուսաստանի խորքում» հարվածների վերաբերյալ չհաստատված որոշման և Ռուսաստանի միջուկային քաղաքականության վերաբերյալ Նախագահի հաստատած որոշման մասին» վերտառության ներքո գրել է, որ «տեղի ունեցածը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ»։

«1.Այնքան էլ կարևոր չէ, թե ով և երբ է որոշում կայացրել Ռուսաստանի «տարածքի խորքում» ՆԱՏՕ- ի երկրների հեռահար մարտավարական բալիստիկ և թևավոր հրթիռների օգտագործման մասին։ Առավել ևս, որ դրանք մեր երկրում կիրառելու փորձեր արդեն եղել են։

2.Այնքան էլ կարևոր չէ, թե այսօր դրանք քանիսն են հակառակորդի մոտ: Ինչպես և այն, որ դրանց կիրառումը, մեր թշնամիների կարծիքով, պետք է ունենա ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական ազդեցություն։

3.Այնքան էլ կարևոր չէ, որ այդ հրթիռները չեն կարողանա էական ներդրում մտցնել թշնամու ռազմական գործողություններում։

4.Այնքան էլ կարևոր չէ, որ նման որոշումներով ԱՄՆ- ի ներկայիս վարչակազմը գիտակցաբար ստեղծում է հակամարտության այնպիսի սրացում, որից հարկ կլինի գլուխ հանել արդեն Թրամփի թիմին։

5.Կարևորը մեկն է՝ այն է, ինչի մասին ասել է ռուսական պետության Ղեկավարը 12.09- ին: Եվ որպես արդյունք՝ այսօր հաստատվել է Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքների նոր տարբերակը։ Դաշինքի հրթիռների օգտագործումը նման կերպ (ըսռ ՌԴ նորացված Միջուկային դոկտրինի.- Ա. Հ.) արդեն կարելի է որակել որպես դաշինքի երկրների հարձակում Ռուսաստանի վրա։ Այս դեպքում իրավունք է առաջանում զանգվածային ոչնչացման զենքով պատասխան հարված հասցնելու Կիևին և ՆԱՏՕ- ի հիմնական օբյեկտներին, որտեղ էլ որ դրանք լինեն։ Եվ սա արդեն WWIII է (World War III, թարգմանաբար՝ Երրերդ համաշխարհային պատերազմ.- Ա. Հ.):

Հնարավոր է, ծերունի Բայդենն իսկապես որոշել է գեղեցիկ հեռանալ կյանքից՝ իր հետ տանելով մարդկության նշանակալից մասը…»:

Ի՞նչ նշանակալից մաս… Միջուկային զենքի լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում մարդկությունը, մարդկային քաղաքակրթությունն ընդհանրապես կոչնչանան: Եվս մեկ դիտարկում. Մեդվեդևի ասածը, որ այդ հրթիռները Ռուսաստանում կիրառելու փորձեր արդեն եղել են, վերաբերում են ՌԴ- ին միացված, Ռուսաստանի մաս համարվող տարածքներին՝ Ղրիմին, Դոնբասի հանրապետություններին, Խերսոնի և Զապորոժիեի մարզերին, բայց ոչ ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքներին:

Ամերիկյան և եվրոպական հեռահար հրթիռներով հարվածները կկարողանան էական ներդրում մտցնել Ուկրաինայի և, ըստ էության, նրա հետևում կանգնած Արևմուտքի՝ ՌԴ- ի դեմ ռազմական գործողություններում, իրականում կախված կլինի այդ հրթիռների տեսակից, հեռահարությունից, քանակից, Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության կողմից դրանք որսալու արդյունավետությունից: Շատ կարևոր է նաև, թե Արևմուտքը ՌԴ խորքում ինչ թիրախներ կընտրի:

Եթե այն վնասը, որն առաջիկայում կպատճառվի ՌԴ- ին մինչև 2025թ. հունվարի 20- ին Թրամփի երդմնակալության արարողությունը և ԱՄՆ- ի նախագահի պաշտոնը ստանձնելը, մեծ եղավ՝ էական Ռուսաստանի դեմ թշնամու ռազմական գործողություններում, ապա ՌԴ- ին, հավանաբար, այլ տարբերակ չի մնա, քան հարկադրաբար միջուկային զենք կիրառելը: Սկզբում, կարծում ենք, որպես նախազգուշացում, մարտավարական նշանակության…

Կընկրկի՞ դրանից հետո Արևմուտքն Ուկրաինայի հետ միասին, թե ՌԴ- ին կհարվածի մարտավարական միջուկային զենքով, կամ այն կտա Ուկրաինային՝ ՌԴ- ին հարվածելու համար, կամ այլևս լեգիտիմ համարելով ՆԱՏՕ- ի կամ ՆԱՏՕ- ի առանձին պետությունների կանոնավոր բանակները Հատուկ ռազմական գործողության գոտի մտցնելը, նշված զորքերը կմտցնի այնտեղ, հենց դա էլ կորոշի անցումը ռազմավարական նշանակության միջուկային զենքի կիրառման ու մարդկության ճակատագիրը:

Հնարավոր տարբերակ է նաև, որ Ռուսաստանը շատ լավ հասկանալով միջուկային զենքի կիրառման հետևանքները, նույնիսկ մեծամեծ վնասներ ստանալու դեպքում, մի կերպ դիմանա, ձգի մինչև Թրամփի կողմից ԱՄՆ- ի նախագահի պաշտոնի ստանձնումը, սակայն դրանից հետո էլ ԱՄՆ- ի քաղաքականության հարցում դեռ որոշակիություն չկա:

Թե երեկ հաստատված Միջուկային զսպման ոլորտում ՌԴ պետական քաղաքականության հիմունքների նոր տարբերակում, ի տարբեր նախորդի կամ մինչ այդ գործողի, ինչ փոփոխություններ են կատարվել, առանձին թեմա և առանձին հրապարակման նյութ է:

ՌԴ պաշտպանության նախարարությունը երեկ, «Газета.Ру»– ի փոխանցմամբ , հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 19- ին առաջին անգամ արձակել են ամերիկյան ATACMS վեց հրթիռ Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտի ուղղությամբ։ Ռուսական պաշտպանական միջոցներին՝ С- 400 («Триумф») զենիթահրթիռային համալիրի և «Պանցիր» զենիթահրթիռային- թնդանոթային համալիրի մարտական հաշվարկներին, հաջողվել է խոցել հինգ հրթիռ ու վնասել մեկը։ Այն վայրում՝ Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտի «տեխնիկական տարածքում», որի վրա ընկել է վնասված հրթիռը կամ դրա բեկորները, հրդեհ է բռնկվել, սակայն այն օպերատիվորեն մարել են։

«Զոհեր և ավերածություններ չկան»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը ուկրաինական 24- րդ ալիքի հետ զրույցում չի հաստատել ՌԴ-ի խորքը ամերիկյան հրթիռների հարվածի մասին տեղեկությունը, սակայն ուկրաինական ԶԼՄ- ները հայտնել են սահմանից 130 կմ հեռավորության վրա գտնվող Կարաչաևի ռազմական օբյեկտի վրա բալիստիկ հրթիռների հարվածի մասին: Հարվածի մասին տեղեկություն է հայտնվել նաև «The Washington Post»- ում:

Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը հետագայում հաստատել է հրթիռների օգտագործումը՝ թեմայի նրբանկատության պատճառով խոսելով իր անունը չնշելու պայմանով:

ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիքոլսը «O Globo» թերթի հետ զրույցում նույնպես հաստատել է, որ Բայդենը հանել է ամերիկյան զենքով ՌԴ- ի խորքերը հարվածելու արգելքը: ԱՄՆ- ի կարծով, դա Ռուսաստանին իբր կմղի բանակցությունների: Սա արհեստական, կեղծ բացատրություն է, քանի որ ՌԴ- ն իր արտգործնախարար Սերգեյ Լավրովի, նույնիսկ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով քանիցս հրապարակավ ու պաշտոնապես հայտարարել է բանակցություններին Ռուսաստանի պատրաստակամության մասին, մինչդեռ ԱՄՆ- ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է:

Բայդենն, իբր, թույլ է տվել հարվածել միայն Կուրսկի շրջանին, քանի որ, նրանց կարծիքով, այնտեղ տեղակայված են հյուսիսկորեացի զինվորներ։ Բայց չէ՞ որ հարվածը ոչ թե Կուրսկի, այլ Բրյանսկի մարզին է հասցվել, Կուրսկի մարզն էլ ոչ թե Հատուկ ռազմական գործողության գոտի է, այլ ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածք, որտեղ ներխուժել և որտեղ դեռ գտնվում են Ուկրաինական բանակի ստորաբաժանումները:

«ԱՄՆ- ի պաշտոնյաները հույս ունեն, որ եթե տարածաշրջանում Հյուսիսային Կորեայի զորքերը խոցվեն, Փհենյանը կվերանայի Ռուսաստան զորքեր ուղարկելու իր որոշումը և Կուրսկի շրջանում ռուսական հակագրոհը կձախողվի»,- նշված է «O Globo»- ի հրապարակման մեջ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով, սահմանափակումների վերացումը «անխոհեմ, վտանգավոր լուծում է՝ ուղղված է այս հակամարտությունում Միացյալ Նահանգների ներգրավվածության մակարդակի որակական փոփոխմանը, որակական բարձրացմանը»:

Հավելենք, որ Լոնդոնն ու Փարիզը թեև ավելի վաղ ցանկանում էին, որ Ուկրաինան բրիտանական «Storm Shadow» ու ֆրանսիական SCALP օդային բազավորման հեռահար (հեռահարությունը 500 կամ ավելի քան 500 կմ) թևավոր հրթիռներով հարվածի ՌԴ միջազգայնորեն ճանաչված տարածքի խորքում գտնվող թիրախներին, դրա համար տվել էին իրենց համաձայնությունը, սակայն վերջնական թույլտվության համար անհրաժեշտ էր նաև Բայդենի որոշումը, քանի որ դրանց արտադրության մեջ օգտագործված են նաև ամերիկյան տեխնոլոգիաներ ու մասեր: Եվ, ահա, ԱՄՆ- ի նախագահը, ATACMS- ից բացի, տվել է նաև վերոնշյալ հրթիռներով ՌԴ խորքը հարվածելու թույլտվությունը, ավելին՝ Ուկրաինայի ԶՈւ- ն արդեն հասցրել է առաջին հարվածները:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 13522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ