Մարդկությունը մի նոր համավարակի շեմի՞ն է կանգնած…
(սկիզբը՝ այստեղ)
Այո, վարակն արդեն Հայաստանում եմ, ընդ որում, ոչ երեկվանից կամ անցած շաբաթվանից, այլ, ինչպես պարզվում է տարբեր աղբյուրներից ստացված բազմաթիվ տեղեկություններից, արդեն 1.5- 2 ամիս:
Ավելին. սուր շնչառական վիրուսային վարակ հանդիսացող և այդ առումով գրիպին նմանվող մետապնևմովիրուսով վարակվածության և հիվանդացության առումով իրավիճակը մեր երկրում իրականում շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել՝ լսելով ու կարդալով Հայաստանի չառողջապահության նախարարության հաղորդագրությունները:
Զուգահեռաբար տարածված են նաև գրիպը, քովիդը, սուր շնչառական վիրուսային վարակի այլ դրսևորումներ, ու դրանցով հիվանդացածները, գրեթե առանց բացառության, չգիտեն էլ, թե իրենց հիվանդությունը դրանցից հատկապես որ վիրուսով վարակված լինելու հետևանք է:
Նորություն չէ, որ Հայաստան արտերկրից եկող քաղաքացիների թվաքանակի առումով առաջին տեղում Ռուսաստանն է: Ռոսպոտրեբնադզորը երեկ հայտնել է, որ հունվարի 6- ից 12- ը, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում, Ռուսաստանում գրիպի և այլ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքերի ընդհանուր թիվն աճել է 31,9%- ով: Ռուսական միջին ցուցանիշի գերազանցումն արձանագրվել է երկրի 45 մարզերում։
Գերատեսչության հաղորդագրության մեջ, որը մեջբերել է «Ինտերֆաքսը», նշված է, որ անցած շաբաթվա ընթացքում սուր շնչառական վիրուսային վարակներով հոսպիտալացվածների ընդհանուր թիվը 45 մարզերում աճել է 23 տոկոսով, իսկ դրացից 43 մարզերում հոսպիտալացվածների թիվն աճել է ավելի քան 30%- ով:
Ռուսաստանում անցած շաբաթվա ընթացքում COVID-19- ով հիվանդացությունն աճել է 7,9%- ով. այս մասին հաղորդվել է՝ վկայակոչելով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Հիվանդացության աճ օպերշտաբը գրանցել է 60 սուբյեկտներում, 22 մարզերում՝ ցուցանիշը գերազանցել է միջին ռուսականը։ Հունվարի 6- ից 12- ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային վարակից, շտաբի տվյալներով, մահացել է 37 մարդ: Այս ընթացքում բուժհաստատություններ է տեղափոխվել 1068 մարդ, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից։
Սուր շնչառական վիրուսային վարակների բնորոշ հարուցիչների շարքին է պատկանում մետապնևմովիրուսը, որի բռնկումը դեկտեմբերի վերջին գրանցվել է Չինաստանում, Ղազախստանում, Մալայզիայում, Հնդկաստանում: Դեպքերը քիչ չեն նաև Ռուսաստանում:
Ինչպես հունվարի 5- ին տեղեկացրել է «Вечерняя Москва» թերթը, Չինաստանում մարդու մետապնևմովիրուսի բռնկում է տեղի ունեցել: Չինացի մասնագետները ներկայացրել են շնչառական նմուշների անալիզների արդյունքները, որոնք վերցրել են ՉԺՀ- ի հիվանդ բնակիչներից: Ըստ այդմ, երկրում արձանագրվել է գրիպի բռնկում, մարդու մետապնևմովիրուս և ռինովիրուս:
Երկրի ներսում այս պահին բնակչության շրջանում տարածվում են լուրջ շնչառական ինֆեկցիոն հիվանդություններ։ Մասնավորապես, Չինաստանի հյուսիսային նահանգներում մինչև 14 տարեկան շատ երեխաներ վարակված են մետապնևմովիրուսով: Այս պահին մետապնևմովիրուս ունեցող մարդկանց մոտ մահացության մակարդակը հասնում է 43 տոկոսի (հուսանք, որ այս թիվը տպագրական վրիպակի հետևանք է):
Ըստ պարբերականի հրապարակման, հիմնական խնդիրն այն է, որ վիրուսը չունի արագ սկրինինգի ռեակտիվներ։ Բացի այդ, ինչպես հայտնել է Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարչությունը, ներկայումս երկրում գոյություն չունի հակավիրուսային դեղամիջոց, որն արդյունավետ կպայքարեր տվյալ հիվանդության դեմ:
Ավելորդ չենք համարում ներկայացնել ընթերցողներից ոմանց այն արձագանքները, որոնք ստացել ենք երեկ հոդվածաշարի 1- ին մասի հրապարակումից հետո:
Վարդան Թումանյան. Հայաստանում քանի կա ամերիկյան լաբորատորիան, վարակ միշտ էլ լինելու է:
Արմինե. իմ մոտ բրոնխիտն է շարունակվում, սպազմատիկ հազով: Ջերմություն հիմա արդեն չունեմ։ Էդ վիրուսի հետևանքը բրոնխիտ է լինում կամ թոքաբորբ։ Ես բրոնխիտով պրծա… Վարակը ոնց որ մի քիչ շուտ է եկել երևի։ Ես երկրորդ ամիսն է դեռ բուժվում եմ։ Առաջին ամսվա սկիզբը շատ ավելի վատ էի, հետո մի քիչ թեթևացավ։ Արդեն երեք փուլով բուժում եմ ստացել։
Անժելա Ավագյան. արդեն 10 օր է, ամբողջ ընտանիքով այդ վիռուսը կրում ենք, ու դեռ հույս չկա ապաքիվելու:
Արմեն Հախվերդյան. ես էլ էի շատ վատ:
Արմիդա Աբրահամյան. Հիմա ես հիվանդ եմ, շատ վատ հիվանդություն է, ջերմություն, հազ, շնչառությունս կտրվում է, հազը չի անցնում, ախորժակս փակ է, 2020 թվականին կորոնայով վարակվել եմ, այսքան բարդ չի եղել: Արդեն 15 օր է, տանջվում եմ: Առաջին օրերին շտսպ օգնություն եմ կանչել, չեմ կարողացել շնչել, թթվածին, կաթիլային եմ ընդունել: Գիշերը մնացել եմ հիվանդանոցում, հետո եկել տուն, նորից թուլություն, ախորժակի կորուստ: Ես շատ ուժեղ մարդ եմ, ոչ մի անգամ ախորժակս չեմ կորցրել… Անտանելի հազ ունեմ և ջերմություն։
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ