Ֆլորիդայի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ եվրոպական երկրները Կիևին տրամադրել են մոտ 100 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն, իսկ ԱՄՆ-ը՝ ավելի քան 300 մլրդ: «Բայց ու՞ր են այդ բոլոր փողերը, որոնք տրվել են։ ՈՒ՞ր են գնացել դրանք։ Ես որևէ հաշվառում չեմ տեսել»,- ասել է Թրամփը ։ Նրա խոսքով՝ ՈՒկրաինայի ղեկավարությունը պետք է պարզաբանի, թե ինչ կարիքների համար են բաշխվում տրամադրված բոլոր միջոցները։               
 

Երբ էլ որբանանք՝ Սևակի աղոթքն ենք կարդալու

Երբ էլ որբանանք՝ Սևակի աղոթքն ենք կարդալու
24.01.2025 | 15:41

Հունվարի 24-ը Պարույր Սևակի ծննդյան օրն է

Սևակի հատորները մեր գրապահարանում նենց տեղ էին դրված, որ եթե աչքերդ փակեիր ու ձեռքդ պարզեիր, հաստատ հենց Սևակի հատորներից մեկը ձեռքդ կընկներ։ Ու մեկը միշտ պակասում էր՝ միջից հանած էր լինում՝ քաշած ատամի նման։ Սեղանին դրված էր լինում կամ լուսամուտի գոգին, կամ մահճակալին։ Սևակը մեր տանը հանգստյան օր չուներ։ Մաման օրագրի նման էր Սևակ կարդում։ Չէր կարդում, զրուցում էր հետը։ Ու արտասանում էր, ո՜նց էր արտասանում։

Ես փոքր էի, հոգիս դեռ խոպան էր։ Սևակի տողերը դուրի նման տաշում էին իմ հոգին։ Ավելորդ կտորները՝ աշխարհի շալակը ելածները, բյուրավոր ու բութ հավատացյալները, պոկվում ու թափվում էին, նրանց թողած տեղերը հղկվում էին, փայլեցվում։

Մաման ամենաշատը «Մոր ձեռքերն» էր սիրում արտասանել։

Ես իմ մորական Լուսինե տատին չեմ տեսել, շուտ ա մահացել։ Ասում են՝ շատ համեստ, կրթված կին ա եղել։ Մաման միշտ ասում էր՝ կյանք չտեսավ, երանի հիմա կենդանի լիներ, ո՜նց կպահեի, գլխիս կդնեի, ինչ ուզեր, կանեի, երանի՜ լիներ... Ո՜նց էր կարոտում... Ու նենց էր արտասանում «Մոր ձեռքերը», ասես մորն էր կանչում, ուզում էր հետ բերել։ Ամեն տողի հետ ձայնը փոխվում էր՝ մեղմանում ու խստանում, փափկում ու կոշտանում։

Սևակի տողերի մեջ ինչ-որ թրթիռ կա, որ ընկնում ա սրտի ալիքի վրա։ Նա լարերին ա կպել՝ էն նուրբ լարերին, որոնց տեղը ոչ ոք չգիտի, դու ինքդ էլ չգիտես։

Ինքն արտասանում էր, իսկ ես նայում էի ձեռքերին։ Ախր, իմ համար էդ ձեռքերը հենց իր ձեռքերն էին... ինձ աշխարհում շահած-պահած, ինձնից երբեք չկշտացած, զրկանք կրած ու հոգս տարած, փոշի սրբող-լվացք անող, անվերջ դատող-անվերջ բանող, լույսը մինչև լույս չմարող... Հենց իր ձեռքերն էին։

Մաման չէր հագեցել մորով, ծարավ էր մնացել։ Սևակով էր կարոտն առնում։ Ես էլ չհագեցա, ես էլ ծարավ մնացի։ Բայց հիմա մտածում եմ՝ իսկ, ընդհանրապես, հնարավո՞ր ա հագեցնել մոր ծարավը։ Չէ՛, հնարավոր չի։ Երբ էլ որբանանք, Սևակի աղոթքն ենք կարդալու, որ կարոտներս առնենք։

Մոր ձեռքերը

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

Ի՜նչ նազանքով,

Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,

Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը՝

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը՝ ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած...

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝

Նո՜ւրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող-լվացք անող,

Անվերջ դատող-անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես

Խա՜ս ձեռքերը...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4734

Մեկնաբանություններ